ՀՅԴի Արձագանգը


Հայաստանի մաքսային միութեանը միանալու որոշման մասին Մոսկուայում յայտարարուածը որքան շրջադարձային, նոյնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատուութիւն թելադրող որոշում էր: Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրուանում, ելնելով առկայ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնուած Մաքսային միութեանը եւ ներգրաւուելու էր Եւրասիական տնտեսական միութեան ձեւաւորման գործընթացում:
Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները մինչ այդ անհրաժեշտ տեղեկութիւն չէին փոխանցել հասարակութեանն ու քաղաքական ուժերին: Աւելին՝ որոշ յայտարարութիւններով նոյնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցութիւնը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միութեանը, տարիներ շարունակ վարել էին բանակցութիւններ Եւրամիութեան ազատ առեւտրի գօտուն միանալու ուղղութեամբ եւ հասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին:
Կարող ենք ենթադրել, որ ՀՀ Նախագահի Մոսկուայում անակնկալ որոշման գլխաւոր պատճառը ՀՀ եւ ԼՂՀ անվտանգութեան խնդիրներն են եղել: Սա եւս պատասխանատուութիւն է եւ այս փուլում՝ ազգային-պետական հիմքերին առնչուող:
Նախագահի անակնկալ որոշումը հանրութեան մօտ բազմաթիւ հարցեր է առաջացրել:
Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում (միացում-Խմբ.) պէտք է յստակ երաշխիքներ տայ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների անվտանգութեան պահպանման ու ամրապնդման եւ տնտեսական համարկման եւ զարգացման համար: Մաքսային միութեանը մաս կազմելու խնդիրը եւս պէտք է պայմանաւորել այս հիմնական սկզբունքներով:
Մաքսային միութեանը Հայաստանի միանալու որոշումը չպէտք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ Եւրոպական ուղղութեամբ աշխատանքների շարունակման եւ ծաւալման, յատկապէս՝ Եւրամիութեան հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին: Առաւել՝ Մոսկուայում կայացուած այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետութիւն ստեղծելու անհրաժեշտութիւնը:
Հայաստանի իշխանութիւններից պահանջում ենք երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակութեանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին: Այժմ, երբ նախատեսւում է սկսել Մաքսային միութեանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է յարգել այս գործելաոճը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ


Leave a Comment

You must be logged in to post a comment.