16 ամիս անց չեն կարողանում գոնէ շինծու պատճառ գտնել. Մուրատ Փափազեան

16 ամիս անց չեն կարողանում գոնէ շինծու պատճառ գտնել

«Սփիւռքի ձայն» հաղորդաշարի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը:

– Պարոն Փափազեան, Ձեր գործը քննող դատաւորը փոխուեց: Ի՞նչ է կատարւում փակ դռներից այն կողմ` նիստը դռնփակ է, եւ լրագրողները չեն կարող ներկայ լինել դատավարութեանը:

– Այո, իմ հարցը «յոյժ գաղտնի» հարց է: Հերթական նիստը Նոյեմբերի 23-ին էր, եւ ԱԱԾ-ն նորից եկել էր առանց իմ մուտքի արգելքի պատճառների հիմնաւորման: Դատաւորը 10 օր ժամանակ տուեց ԱԱԾ-ին՝ բացակայող փաստաթուղթը գործին աւելացնելու համար: Յաջորդ նիստը նշանակուած է Յունուարի 25-ին, եւ կարծում եմ, կը պարզուի՝ ես իրաւասո՞ւ եմ մասնակցել դատական նիստերին (նախորդ դատաւորը թոյլատրել էր, որ Մուրատ Փափազեանն օնլայն մասնակցի դատավարութեանը, ակնկալում է, որ նոր դատաւորն էլ կը թոյլատրի` Ն.Վ.): Բոլորին պարզ է, որ որեւէ պատճառ, հիմնաւորում չկայ: Սա քաղաքական հարց է. Փաշինեանն ինձ պատժում է Արցախի հարցում իմ դիրքորոշման ազատ արտայայտման համար: Փաշինեանի համար անընդունելի է, որ դրսից որեւէ մէկը Հայաստանի ու Արցախի շուրջ կարծիք է յայտնում: Փաշինեանն ինքը իշխանութեան եկաւ ազատութեան, դեմոկրատիայի խոստումներով, սակայն հիմա ինքը դէմ է գործում իր սկզբունքներին:

– Կարծում էք, որ դա զուտ Փաշինեանի՞ ցանկութիւնն է: Մենք տեսնում ենք, որ Փաշինեանն արդէն իրականութիւն է դարձնում Ալիեւ-էրտողան տանդեմի փոքր ու մեծ ցանկութիւնները: Ձեր հարցն այս շրջանակներում չի՞ տեղաւորւում: Չէ՞ որ Դուք, բացի Արցախի խնդրից, նաեւ Հայ դատի համար պայքարող կեդրոնական դէմքերից էք:

– Այո, այս կասկածը միշտ կայ, եղել է: Դա եղաւ Էրտողանի հետ հեռակայ հանդիպումից յետոյ: Իսկ Էրտողանը միշտ յայտարարում է, որ սփիւռքն է խանգարում հայ թուրքական հաշտեցմանը: Ես վերջերս գիրք եմ հրապարակել Էրտողանի մասին: Նա ուզում է թուլացնել հայկական սփիւռքը, դրա համար որպէս գործիք օգտագործում է Փաշինեանին: Փաշինեանն իր յանձնակատարի միջոցով քայլեր է անում թուլացնելու դասական սփիւռքը, որ հալածէ հայկական հոգին, եւ ստեղծի իր ներքին՝ փաշինեանական սփիւռքը: Հինգ տարի է դա ձախողման է ենթարկուած: Մենք իսկապէս պայքարում ենք ի նպաստ Հայաստանի, Արցախի եւ Հայ դատի: Ես կոչ եմ անում պարոն Փաշինեանին, որ վերանայի իր մօտեցումը եւ ԱԱԾ-ին ցոյց տայ ճիշդ ճամբան: Որովհետեւ արդարադատութիւնը երբեք պատճառ չի գտնի, եթէ ես յանցագործ չեմ: Ես Հայաստանի եւ Արցախի զինուոր եմ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 16 ամիս անց չեն կարող շինծու պատճառ գտնել: Սա վնասում է Հայաստանի ժողովրդավարութեան վարկանիշին, վարկաբեկում է երկիրը: Մենք պէտք է նոր էջ բացենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս գայ:

– Ձեր ձայնը լսելի է ֆրանսական կառավարութիւնում: Դուք այդտեղ պատահական մարդ չէք՝ հայկական համայնքի գլխաւոր դերակատարներից էք: Ֆրանսական կառավարութիւնը համարժէք քայլեր իրականացնո՞ւմ է Ձեր առջեւ դրուած արգելանքի առնչութեամբ: Չէ՞ որ Դուք Ֆրանսայի քաղաքացին էք: Իսկ Մաքրոնը Հայաստանի վարչապետի հետ է մտերիմ:

– Այո, Ֆրանսան եւ Հայաստանը բարեկամ երկրներ են շնորհիւ մեզ՝ հայկական սփիւռքի: Եթէ այսօր Փաշինեան-Մաքրոն լաւ յարաբերութիւններ կան, դա սփիւռքի երկարատեւ աշխատանքի շնորհիւ է: Դա պէտք է լաւ իմանայ Փաշինեանը: Երբ հանդիպեցի Մաքրոնի հետ, ինքը բարձրացրեց այդ հարցը: Ես ամաչում եմ Հայաստանի համար, Հայաստանի կառավարութեան համար, որ այսպիսի հարց ստեղծեցին: Եւ իրենք դա չեն հասկանում: Երկու անգամ Մաքրոնն ինքը բարձրացրեց այդ հարցը, ասելով, որ անընդունելի է: Ես չեմ ուզում, որ Հայաստանի եւ Ֆրանսայի յարաբերութիւնները վատանան: Ֆրանսան պէտք է մնայ Հայաստանի բարեկամ երկիրը: Այն մեզ համար կարեւոր ռազմավարական եւ բարեկամ երկիր է:

Comments are closed.