Օրինագծերով փորձ է արւում տապալել երկրի սահմանադրական կարգը. ՀՅԴ ԳՄ յայտարարութիւնը
Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը Փետրուար 5-ին հետեւեալ յայտարարութիւնը հրապարակած է.
Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանաւորուած է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրաւական պետութեան գոյութեամբ: Ցանկացած քաղաքական իշխանութեան կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը յանգեցնում է հանրապետութեան գոյութեան դադարմանը:
Վերջին շրջանում օրուան քաղաքական իշխանութիւնը ձեռնամուխ է եղել պետական իշխանութեան ինքնուրոյն ճիւղ հանդիսացող դատական իշխանութեան իւրացմանը:
Չբաւարարուելով հակաօրինական բազմաթիւ նախաձեռնութիւններով, անտեսելով հայաստանեան և միջազգային հանրութեան կողմից արուած զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը՝ օրուայ քաղաքական իշխանութեան կողմից նախաձեռնուել է երկրում սահմանադրականութիւնը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնութեան պատգամաւորների կողմից շրջանառութեան մէջ են դրուել օրինագծեր, որոնցով փորձ է արւում ոչ միայն իւրացնել սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազօրութիւնները, այլ նաև տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու և անհաշուենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականութեանը: Լրջանալու, սթափուելու և իրաւունքի գերակայութեան համաժողովրդական ցանկութիւններն իրականացնելու փոխարէն օրուայ քաղաքական իշխանութիւնը ցուցաբերում է անհաւասարակշիռ վարքագիծ, որն օժտուած է առանձապէս ծանր յանցագործութեան յատկանիշներով և քրէօրէն պատժելի է:
Պահանջում ենք քաղաքական իշխանութիւնից և նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանից` վերջ տալ քաղաքական իշխանութեան հակաօրինական գործողութիւններին՝ մնալով գործադիր իշխանութեան լիազօրութիւնների շրջանակում, զերծ պահել օրէնսդիր իշխանութեան քաղաքական մեծամասնութեանը լիազօրութիւնների չարաշահումից, ջանքեր գործադրել՝ լուծելու երկրի առջև օրեցօր ահագնացող մարտահրաւէրները:
Կոչ ենք անում Հանրապետութեան նախագահին՝ չսատարել այս հակաօրինական նախաձեռնութիւններին և հետևել իշխանութիւնների տարանջատման ու հաւասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:
Դիմում ենք ողջախոհ հանրութեանն ու քաղաքական ուժերին՝ համախմբուել երկիրն այս կործանարար ընթացքից ետ պահելու օրակարգի շուրջը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին