ՔՊ-Քանդենք պետութիւնը

Քաղաքականութեան մէջ սիմւոլները շատ կարևոր են։ Պատահում է, երբ սկզբնապէս որևէ խորհրդանիշի առանցքի շուրջ ձևաւորւում է շարժում, գեներացւում է գործընթաց։ Լինում է նաև հակառակը՝ երբ արդէն իսկ տեղի ունեցած գործընթացները, հանրային-քաղաքական իրադարձութիւններն են դառնում խորհրդանիշներ ծնողներ՝ վերարժևորելով ու վերափոխելով նախկին՝ միանգամայն այլ իմաստ ունեցած սիմւոլները։

2018 թուականին Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ դրանից կարճ ժամանակ առաջ ստեղծած իր «Քաղաքացիական պայմանագիր»՝ ՔՊ կուսակցութեամբ։ Բաւական յաջող անուանում 21-րդ դարի քաղաքական ուժի համար։ Յատկապէս, եթէ կուսակցութիւնը ներկայանում է՝ որպէս ժողովրդաւարութեան պաշտպան, ու ամենայնից վեր կարևորում է քաղաքացուն։ Քաղաքական տեխնոլոգիայի առումով յաջող ընտրուած այդ անուանումը՝ ՔՊ-ն, նաև դարձաւ Նիկոլ Փաշինեանի հետագայ յաջողութիւնների գրաւականը։ Սա այն դէպքերից էր, երբ սկզբնապէս ձևաւորուած խորհրդանիշը՝ ՔՊ-ն, դարձաւ հետագայ գործընթացների ուղղորդիչը։

Նիկոլ Փաշինեանի գեներացրած ժողովրդական շարժումը, սակայն, կարճ ժամանակում վերածուեց բիւրոկրատական կլանի, որը գործնականում ուզուրպացրեց իշխանութիւնը, իհարկէ՝ ընտրական լեգալիզմի դրսևորմամբ։ Այն պահից ի վեր, երբ յատկապէս Նիկոլ Փաշինեանը դարձաւ 3 միլիոն վիրտուալ վարչապետներից միակ իրական վարչապետը, սկսուեց իմաստային հարթութիւնում քաղաքացիական պայմանագրի դեգրադացիան։ Լայն քաղաքացիական պայմանագրի արդիւնքում իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանը լռելեայն խզեց այդ պայմանագիրը՝ սեփական քաղաքացիական ծագումը փոխարինելով իշխանական աւտորիտարիզմով։

Քաղաքացիական պայմանագրի բովանդակութեան խեղմանը զուգահեռ, ժամանակի ընթացքում դեգրադացուեց ու տրանսֆորմացուեց նաև նրա ներկայացրած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» իմաստը։ Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման անցած չորս տարիների արդիւնքները, իսկ իրականում՝ աղէտները հաշուի առնելով՝ ՔՊ-ն այլևս ստացել է միանգամայն նոր իմաստ ու արտայայտութիւն՝ «Քանդենք պետութիւնը»։

Արցախին ու Հայաստանին պատուհասած բոլոր ողբերգութիւններն իրականում պետութեան բացակայութեան, պետութեան չգոյութեան հետևանք էին ու ե՛ն։ Գուցէ ոչ գիտակցաբար, սակայն Նիկոլ Փաշինեանը հետևողականօրէն կազմաքանդել է ու շարունակում է կազմաքանդել պետութիւնը՝ որպէս ինստիտուցիա՝ լայն և նեղ իմաստներով։ Դրա արտայայտութիւնները բազմաթիւ են՝ սկսած ինստիտուցիոնալ յիշողութեան զրոյացումից՝ մինչև ղարաբաղեան հակամարտութեան բանակցութիւնները սեփական կէտից սկսելու աւանտյուրիզմ, պատահական կրկնուսոյցներին ու անհասկանալի թոշակառուներին դեսպանների պաշտօնում նշանակումից ու զինուած ուժերի հեղինակազրկումից՝ մինչև դատարանների շրջափակում ու Սահմանադրական դատարանի հպատակեցում․․․

Բացառուած չէ՝ Նիկոլ Փաշինեանը դա արել և շարունակում է անել ոչ կանխամտածուած՝ պայմանաւորուած պետութեան ու պետականութեան մասին սեփական աշխարհայացքի ու ընկալումների անհամարժէքութեամբ։ Բայց անկախ դրդապատճառներից՝ նրա գործողութիւնների շարունակուող արդիւնքը պետութեան կազմաքանդումն է։ Նա՝ արդէն նոր իրավիճակում ու նոր կարգավիճակում, իրականացնում է սեփական կուսակցութեան անուանման յապաւումի միանգամայն նոր և իրականութեանն ամբողջութեամբ համապատասխանող իմաստը՝ «Քանդենք պետութիւնը»։

Նիկոլ Փաշինեանի դէմ պայքարում յաջողութեան հասնելու համար քաղաքական ուժերը, քաղաքացիական խմբերն ու անհատները, բացի ընթացիկ խնդիրներին դիմակայելուց, պէտք է հակադրեն պետութեան կազմաքանդմանը հակառակ հայեցակարգ՝ «Կառուցում ենք պետութիւնը» կամ «Թոյլ չենք տա քանդել  պետութիւնը» պայմանական անուանումով։ Հակառակ դէպքում կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինեանի կուսակցութիւնը ենթակուելու է ևս մէկ ու գուցէ վերջնական իմաստային և անուան փոփոխութեան՝ «ՊՔ»-«Պետութիւնը քանդեցինք»։

 

Գառնիկ Գէորգեան

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.