ՔՊ-ականները դէմ քուէարկեցին արցախցիների վերադարձի իրաւունքը պահանջող բանաձեւին

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը յայտնել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան պատգամաւորները դէմ են քուէարկել Արցախի բռնի տեղահանուածների վերադարձի իրաւունքը պաշտպանող առաջարկին։

Խաչատրեանի խօսքով՝ Եւրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում իր, ինչպէս նաեւ Աննա Գրիգորեանի, Էլինար Վարդանեանի, Հայկ Մամիջանեանի եւ Եւրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամաւորների համատեղ ներկայացրած փոփոխութեան առաջարկը նպատակ ունէր պահանջել Ատրպէյճանից՝ ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ։

Պատգամաւորի պնդմամբ՝ ՔՊ խմբակցութեան ներկայացուցիչները ոչ միայն դէմ են քուէարկել այս նախաձեռնութեանը, այլեւ յորդորել են եւրոպացի գործընկերներին չաջակցել առաջարկին։

Խաչատրեանը յաւելել է, որ տարբեր երկրների պատգամաւորներից ստացած արձագանգներից պարզ է դարձել՝ ՔՊ-ականների դիրքորոշումը նպաստել է, որ նախաձեռնութիւնը չստանայ բաւարար աջակցութիւն։