1 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՑՈՅՑ՝ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆԵԱԿԻՆ ԴԻՄԱՑ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը Պաքուի մէջ տեղի ունենալիք Կլիմայի վեհաժողովին՝ ՔՈՓ 29-ի գծով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Նոյեմբերի 11ից 22ը Բաքւում տեղի է ունենալու ՄԱԿի կլիմայական փոփոխութեան հեղինակաւոր համաժողովը` COP29-ը:
«Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վատագոյն ցուցանիշներ արձանագրած, նաւթային բռնապետութիւն համարուող Ադրբեջանն ընդամէնը մէկ տարի առաջ էր Արցախում էթնիկ (ցեղային) զտումներ իրականացրել, բռնի տեղահանութեան ենթարկելով 120,000 արցախահայութեանը:
«Բռնազաւթուած տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանութիւնը: Բաքուի բանտերում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Կլիմայական արդարութիւն չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան:
«Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի (վարչակարգի) վարկանիշը:
«Համաժողովին մասնակցող միջազգային պատուիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտօնական Բաքուի վրայ` ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Այդ պահանջով` Նոյեմբերի 1ին, 14:00ին տեղի կ՛ունենայ բողոքի ակցիա (ցոյց), որը կը մեկնարկի ՄԱԿի գրասենեակի առջեւ, որից յետոյ մասնակիցների երթը կը շարժուի դէպի ՀՀ ԱԳՆ եւ ՀՀում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»:
Comments are closed.