Քարտէսագէտ Ռուբէն Գալչեանի նոր աշխատութեամբ բացայայտւում են Ատրպէյճանի հնարած կեղծիքները

Մայրաքաղաք Երեւանում՝ Գիտութիւնների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցաւ աշխարհագրագէտ, քարտէսագէտ-քարտէսաբան Ռուբէն Գալչեանի՝ «Ատրպէյճանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտէսների քննութիւն եւ «Արեւմտեան Ատրպէյճան» յօրինուած եզրոյթը» երկլեզու (հայերէն եւ անգլերէն) գրքի շնորհանդէսը։ Գիրքը տպագրուել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ։
Ատրպէյճանը 2014-ին հրատարակել էր 16 քիլոկրամանոց պետական ատլասը։

Ռուբէն Գալչեանը դրա բնօրինակը դժուարութեամբ ձեռք է բերել ու սկսել ուսումնասիրել՝ բացայայտելով այն զեղծարարութիւնները, որոնք կատարել է Ատրպէյճանն այդ ատլասում։ Ատրպէյճանի պետական ատլասում վերահրատարակուել են հին ու հնագոյն քարտէսներ, սակայն, ի տարբերութիւն բնօրինակների, առանց «Արմենիա» անունը նշելու։

Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը վերաբերում է Պաքուում 2014 թ․-ին հրատարակուած Ազգային ատլասում կեղծուած քարտէսներին՝ դրանք դիտարկելով բնօրինակների հետ։ Երկրորդ մաս ը վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան տարածքն «Արեւմտեան Ատրպէյճան» ներկայացնող ատրպէյճանական կեղծարարութեանը։

Շնորհանդէսին ներկայ էին գրքի հեղինակ Ռուբէն Գալչեանը, «Գեղարդ» հիմնադրամի տնօրէն Ռոպերթ Ղազարեանը, ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը, բ․գ․ դոկտոր Հրաչ Մարտիրոսեանը, պ․գ․ դոկտոր, հնագէտ Համլէտ Պետրոսեանը եւ այլք։
Պատմութեան ինստիտուտի տնօրէն, գրքի պատասխանատու խմբագիր Աշոտ Մելքոնեանը խօսեց ատրպէյճանցիների կողմից տարածուող կեղծ, պատմական փաստերի հետ առնչութիւն չունեցող թեզերի մասին։ Նա յիշեցրեց, որ ատրպէյճանական պատմութիւնը կեղծելու հիմքը դրել է Զիա Բունիաթովը։

Ռուբէն Գալչեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնը․ գրքում զետեղուած է երկու յօդուած՝ կապուած Ատրպէյճանի քարտէսագրական զեղծարարութիւնների հետ։ Առաջին յօդուածը վերաբերում է Ատրպէյճանում 2014 թ․ Ազգային ատլասում օտար քարտէսագէտների կողմից կեղծուած քարտէսների քննարկմանը՝ դրանք դիտարկուած բնօրինակների հետ։

Երկրորդ յօդուածը նուիրուած է Հայաստանի Հանրապետութեան տարածքն «Արեւմտեան Ատրպէյճան» ներկայացնող ատրպէյճանական կեղծարարութեան բացայայտմանը։

«Ատրպէյճանական կեղծարարութիւնների դէմ եւ դրանց դիմագրաւման ուղղութեամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին բուհական գիտաշխատողների կողմից տարւում են տարաբնոյթ աշխատանքներ, բայց այդ ամէնը բաւարար չէ։ Այս աշխատութեան հրատարակութիւնը կը լրացնի այդ աշխատանքներում առկայ բացերից մէկը։ Գրքի շնորհանդէսը նպաստելու է մեր ընդհանուր գործին», ասաց Ռոպերթ Ղազարեանը։
ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը շեշտեց՝ Ռուբէն Գալչեանն այնքան է խորացել խնդրի մէջ՝ կատարելով վիթխարի աշխատանք, որ այսօր, երբ խօսում են քարտէսագիրների գործունէութեան մասին, բոլորը նախ մատնանշում են նրան։

Ըստ նրա՝ ատրպէյճանցիները չեն անդրադառնում դրանց, որովհետեւ այդ աշխատութիւնները գրուել են բարձր մակարդակով եւ պարունակում են անվիճելի պատմական փաստեր։ Աշոտ Մելքոնեանը բացատրեց՝ բնագաւառն ինքնին այնպիսին է, որ կեղծիք թոյլ տալը շատ դժուար է։ Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր տպարաններում տպագրուել են քարտէսներ, որոնց վրայ յստակ հայերէնով եւ այլ լեզուներով գրուած է Հայաստան, որը ջնջել հնարաւոր չէ։

«Բայց, երբ կեղծարարին վճարում են եւ քաղաքական առումով ուղղորդում, ապա նա փորձում է ինչ-որ ձեւ գտնել՝ ընդհուպ մինչեւ Հայաստան բառը քարտէսներից հանելով։ 2014 թուականին հրատարակուած Ատրպէյճանի պաշտօնական ատլասը բնականաբար պարունակում է կեղծիքներ։ Մեզ յաջողուեց այդ նիւթը ձեռք բերել եւ փոխանցել պարոն Գալչեանին, որն անմիջապէս արձագանգեց, եւ յղացաւ ատրպէյճանական պետական ատլասի վերաբերեալ աշխատանք գրելու գաղափարը։ Ճանաչելով Գալչեանին՝ կարող ենք ասել, որ նա չի շրջանցել իրականութիւնը, թոյլ չի տուել կեղծիքներ, որովհետեւ կոչուած է նման երեւոյթների դէմ պայքարելու համար։

Ատրպէյճանցիները հրաժարւում են բանավիճել Գալչեանի հետ, քանզի լաւ գիտակցում են, որ գործ կ’ունենան ճշմարտութեան հետ», ասաց Մելքոնեանը։

Իր խօսքում Ռուբէն Գալչեանը նշեց, որ ատրպէյճանցիները 2012 թուականին վերջին անգամ փորձել են Պրուքսէլում բանավիճել իր հետ՝ իր հեղինակած «Ատրպէյճանի հնարովի պատմութիւնը» գրքի կապակցութեամբ, սակայն բախուելով իրականութեանն ու անբեկանելի փաստարկներին՝ տեղի են տուել։
«Դրանից յետոյ ոչ ոք չհամարձակուեց առարկել ինձ կամ խօսել որեւէ բանի մասին, քանի որ ես իմ աշխատութիւններում անդրադարձել եմ օտար աղբիւրներին՝ յղում կատարելով այլազգի պատմաբանների ու գիտնականների աշխատութիւններին։ Հայկական փաստերի վրայ չեմ կեդրոնանում, որպէսզի չասեն, թէ կողմնակալ աշխատութիւններ եմ գրում։ Վկայակոչում եմ հիմնականում յունահռոմէական, լատինական, պարսկական, արաբական աղբիւրները, որոնց դէմ որեւէ առարկութիւն չունեն», մանրամասնեց Ռուբէն Գալչեանը։

Ատրպէյճանցիներն ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտէսներ․ յունահռոմէական, եւրոպական, բոլոր քարտէսներից հանել են Հայաստան անունը։ Գրքի մի մասը յատկացրել են Ատրպէյճանը հնագոյն քարտէսներում ներկայացնելուն։ Սակայն Ատրպէյճանը որպէս երկիր հնագոյն քարտէսներում գոյութիւն չունի, այն եղել է Պարսկաստանի նահանգներից մէկը։ Արաքս գէտի հիւսիսային ափին երբեք Ատրպէյճան անունով երկիր գոյութիւն չի ունեցել։

Հնագոյն քարէ քարտէսից մինչեւ 1918-ին օտար աղբիւրների հրապարակած փաստաթղթերում «Ատրպէյճան» եզրոյթն ընդհանրապէս գոյութիւն չի ունեցել։ Անգամ Օսմանեան կայսրութիւնում հրատարակուած 1913 թուականի բնօրինակ քարտէսում յստակօրէն նշուած է Հայաստանը։ Ատրպէյճանի հրատարակած Ատլասում կեղծուել են բոլոր բնօրինակ քարտէսները։

Հայ պատմաբանները վաղուց ծանօթ են թուրք-ատրպէյճանական զեղծարարութիւններին։ Դրանց դէմ պայքարն էլ նոր չէ ու շարունակւում է։ Այս աշխատանքը պէտք է շարունակել՝ ջանալով պայքարել ատրպէյճանական կեղծիքի դէմ։

Յասմիկ Բալէեան

Comments are closed.