Քաղաքական մտքի տհասութիւն ունեն այս իշխանութիւնները․ Վահագն Գարագաշեան

Սփիւռքը Ցեղասպանութեան արդիւնք է՝ թուրքի նպատակը Հայաստանի անէացումն է, իսկ Արցախեան վերջին պատերազմը պանթիուրանիզմի ծրագրի մաս է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Գանատայի «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշեանը, որի նախնիները մասնակցել են Մուսա լեռան հերոսամարտին, ապա գերդաստանը Կիլիկիայից տեղափոխուել Լիբանան՝ եղել Այնճարի հիմնադիրներից, իսկ այժմ էլ նա հաստատուել է Մոնթրէալում։

«Որպէս Հայոց Ցեղասպանութեան ժառանգորդ սերունդ մեզ համար ոչ միայն տարօրինակ է այս իշխանութիւնների ընթացքը, այլեւ մտածել է տալիս, որ, մանաւանդ երբ այսպիսի ճգնաժամային օրեր է ապրում համայն հայութիւնը, ինչպիսի քաղաքական ուղեգիծ են որդեգրել այս իշխանութիւնները. նման քաղաքական ուղեգիծը, որն, ըստ իրենց, ենթադրում է թշնամի երկու հարեւան երկրների հետ ապաշրջափակման գործընթաց սկսել՝ կարծելով, որ այդ գործընթացի միջոցով ապագայում կ’ունենանք տնտեսապէս կայուն պետութիւն, ամենամեծ սխալն է եւ փաստում է, որ իսկապէս քաղաքական մտքի տհասութիւն ունեն այս իշխանութիւնները»,- ասաց Վահագն Գարագաշեանը։

Նա վստահ է, որ այս գործընթացը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, եւ համայն հայութիւնը պէտք է աշխատանք տանի, որ այդ ընթացքը կասեցուի այնպէս, ինչպէս տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացը կասեցուեց։

Սփիւռքն ունի այդ փորձառութիւնը՝ Սփիւռքը Ցեղասպանութեան արդիւնք է, փաստեց նա, թուրքի նպատակը Հայաստան պետութեան վերջնական անէացումն է, որովհետեւ ունի պանթուրանական իր յստակ ծրագիրը։

«Եթէ ոմանք կարծում են, որ համաթուրանականութիւնն այսօր պարզապէս առասպել է, շատ են սխալւում, արդիւնքը՝ Արցախի վերջին պատերազմը, որը մաս է կազմում թուրքական այդ մեծ ծրագրին»,- ասաց Վահագն Գարագաշեան։

Հայաստան պետութեան այսօրուայ իշխանութիւններն ու Սփիւռքը համատեղ օրակարգ ձեւաւորելու խնդիր ունեն այսօր: Ցեղասպանութեան հետեւանք Սփիւռքը չի կարող հրաժարուել Հայոց Ցեղասպանութեան հարցի հետապնդումից, մինչդեռ ՀՀ իշխանութիւնները Թուրքիայի հետ բարեկամանալու ազդակներ են ուղարկում։ Վահագն Գարագաշեանը համոզուած է, որ եթէ քաղաքական գիծն այս ուղղութեամբ ընթանայ՝ առաջիկայում հարցեր են առաջանալու։

«Սփիւռքում գործող ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերը 40-50 տարուայ իրենց աշխատանքների արդիւնքով հասել են մեծ պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերի ընդունման։ Դրանք իսկապէս տարիների աշխատանքի արդիւնք են։ Հիմա եթէ այս իշխանութիւնների կողմից նման գործընթաց սկսուի, իսկապէս որոշ պետութիւններ հարցականի տակ են առնելու, թէ այսքան տարի ձեր դատի հետապնդումից յետոյ այս ներկայ ընթացքը ի՞նչ է։ Բայցեւայնպէս աշխարհում գործող մեր Հայ Դատի յանձնախմբերը վճռական են. անցեալում էլ ունեցել ենք մարտահրաւէրներ, այսօր նոյնպէս ունենք մարտահրաւէրներ, իսկ այսօրուայ մեր գլխաւոր մարտահրաւէրը Արցախն է, որովհետեւ Արցախն այսօրուայ դրութեամբ լքուած է»,- ասաց Վահագն Գարագաշեանը։

 

Արցախն ուրանալու նոր մտայնութիւնը ամենավտանգաւորն է՝ համոզուած է նա։

«Բերեմ Գանատայի օրինակը. Գանատայի եւ Դանիայի միջեւ ջրային սահմանի վրայ կայ փոքր կղզի, որ կոչւում է Հանս-այլնդ։ Այս կղզու տարածքը 1,3 քառ. կմ է։ Գանատայի տարածքը 9 մլն. 985 հազ. քառ. կմ է։ Բայց Գանատան որպէս ինքնիշխան պետութիւն ասում է՝ այս կղզին ինձ է պատկանում իրաւականօրէն։ Իսկ Դանիայի Հանրապետութիւնն ասում է՝ ոչ, այս կղզին ինձ է պատկանում։ Ուրեմն տարին մէկ անգամ իւրաքանչիւր երկիր փոքր մարտանաւերով գալիս է այս կղզին, իջեցնում միւս երկրի դրոշն ու բարձրացնում իրենց դրօշը։ 9 մլն. 985 հազ. քառ. կմ տարածք ունեցող երկիրը պայքարում է 1,3 քառ. կմ տարածքի համար։ Իսկ մենք արդէն կորցրել ենք 10 հազար քառ. կմ եւ այսօր արդէն պատմական Հայաստանի այդ ամբողջ տարածքը ուրանալու ընթացքի մէջ ենք»,- ասաց Վահագն Գարագաշեանը։

Նա վստահ է, որ սփիւռքահայ նախակրթարանի որեւէ աշակերտի եթէ հարցնես՝ Արցախն ուրանալը դաւաճանութի՞ւն է, յստակօրէն կը պատասխանի՝ Արցախն ուրանալը դաւաճանութիւն է եւ ազգադաւութիւն։

Ամբողջական հարցազրոյցը՝ տեսանիւթով․

https://youtu.be/rPyqONfjc2g

Leave a Comment

You must be logged in to post a comment.