Փաշինեանի միակ պահանջն ամբողջ աշխարհից իշխանութեան մնալն է հնարաւորինս երկար, ցանկալի է՝ ցմահ

«Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյեանն ու Ճէյհուն Պայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել», յայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրաւունքը» զրուցել է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանի հետ:

– Արդեօ՞ք Ատրպէյճանի ներկայացուցչի հետ հնարաւոր է «կառուցողական» հանդիպում ու քննարկում, մի՞թէ այդ «կառուցողական» հանդիպումների «արդիւնքում» է, որ գրեթէ ամէն օր կրակոցներ են սահմանին, ունենում ենք զոհեր, փաստացի ոչ պատերազմական իրավիճակում:

– Կառուցողական հանդիպումներ ՀՀ եւ Ատրպէյճանի ներկայացուցիչների միջեւ, ի հարկէ, հնարաւոր են։ Օրինակ, երբ ՀՀ ներկայացուցիչն իրականում թուրք-ատրպէյճանական շահերն են սպասարկում Հայաստանում։ Մենք հենց այս դէպքի հետ գործ ունենք, Հայաստանի մետիադաշտը կեղծ օրակարգերով լցնելով՝ նիկոլական վարչակարգն, ըստ էութեան, զբաղուած է քայլ առ քայլ թուրք-ատրպէյճանական օրակարգերն առաջ տանելով, ատրպէյճանական քարոզչական թեզերը հայկական դաշտում լեգիտիմացնելով։

– Հինգ ամիս է արցախահայութիւնը շրջափակման կամ աւելի ճիշդ՝ պաշարման մէջ է, միջազգային հանրութիւնը լռում է, մեր հայրենակիցները սովի են մատնուած, կայ ցեղասպանութեան վտանգ, Արցախը կորցնելու վտանգի առաջ ենք, ՀՀ իշխանութիւնները բացէիբաց յայտարարում են «Արցախը Ատրպէյճանի կազմում է», ո՞վ է այս ամէնի մեղաւորն ու պատասխանատուն, մի՞թէ թէկուզ մեր հասարակութեան մէջ մարել է պայքարելու ձգտումը, մի՞թէ ամէն բան կորած կարելի է համարել:

– Մեղաւորն, անշուշտ, այն մարդն է, ով ի պաշտօնէ պէտք է պաշտպանի Հայաստանի շահերը (իսկ առանց հայկական Արցախի հայկական շահերը պաշտպանելուց խօսելը զաւեշտ է), բայց իրականում, ինչպէս նշեցի, սպասարկում է թուրք-ատրպէյճանական ու նաեւ այլ երկրների շահերը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինեանը պարբերաբար յայտարարում է, որ մեզ ցեղասպանութիւն է սպառնում, բայց որեւէ գործուն քայլ չի անում դրա դէմն առնելու համար՝ ո՛չ միջազգային ասպարէզում, ո՛չ Հայաստանի պաշտպանուելու ունակութիւնները զարգացնելու առումով։

– Պարոն Վրթանէսեան, հնարաւո՞ր է Ատրպէյճանը մարտական գործողութիւններ սկսի Արցախում:

– Այո՛, հնարաւոր է։ Սակայն մինչ այդ Ատրպէյճանը փորձում է առանց զէնքի՝ թուղթ ու գրիչով, հնարաւորինս զռոյացնել հայկական կողմի պաշտպանական ռեսուրսը։ Այդպէս աւելի շահաւէտ է իր համար։ Վերջնականապէս զինաթափել ՊԲ-ն, կազմաքանդել արցախահայութեան ինքնիշխանութեան վերջին տարրերը։ Արցախը եթէ կարողացաւ գրաւել, յաջորդիւ կտրուկ ուժեղանալու է ճնշումը Հայաստանի Հանրապետութեան վրայ։

– Իսկ Հայաստանո՞ւմ…

– ՀՀ տարածքում էլ են հնարաւոր Ատրպէյճանի կողմից ագրեսիւ քայլեր։ Ըստ էութեան, փոքր մասշտաբով դրանք պարբերաբար լինում են. գնդակոծութիւններ, երբեմն նոյնիսկ հրետակոծութիւններ, մարդկանց առեւանգում ՀՀ տարածքից։ Ինչքան թուլացուեն ՀՀ զինուած ուժերը, այնքան աւելի է բացուելու Ալիեւի ախորժակը։

– Մեր սահմանապահ զօրքերը կարո՞ղ են կանգնել Ատրպէյճանի բանակի դէմ-դիմաց, ինչպէս որ իշխանութիւնն է յայտարարում, ինչո՞ւ են նման որոշումներ կայացւում:

– Մեր սահմանապահ զօրքերը համեմատելի չեն Ատրպէյճանի պետական սահմանապահ ծառայութեան հետ, քանզի վերջինս ի սկզբանէ ստեղծուել ու զարգացուել է՝ որպէս այլընտրանքային զինուած ուժեր, ըստ էութեան՝ երկրորդ բանակ։ Մօտ 15 հազարանոց ուժ է, որն ունի սեփական զրահատանկային միջոցներ, հրետանի, սեփական աւիացիա՝ այդ թուում հարուածային ուղղաթիռներ եւ անօդաչուներ։

– Ո՞րն է ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելքը, մի՞թէ միայն ուժի կիրառումը:

– Նիկոլ Փաշինեանն այնքան խորը փոսի մէջ է գցել Հայաստանին եւ հայութեանը, որ իր հեռացումից յետոյ էլ ահռելի ճիգեր եւ համազգային մոբիլիզացիա է պահանջուելու հայկական պետութիւնը փրկելու ու ոտքի կանգնեցնելու համար։ Մեր բոլոր խնդիրներին պատասխանող լուծում չկայ. բոլոր ոլորտներում պէտք է շատ ծանր աշխատանք տարուի, սկսած բանակաշինութիւնից եւ դիւանագիտութիւնից, վերջացրած կրթութեամբ եւ տնտեսութեամբ։ Նիկոլ Փաշինեանն ամէն ինչ անում է, որ մենք որեւէ լուծում չունենանք։

– Հայաստանի իշխանութիւնները խօսում են անկլաւների վերադարձի ու Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչման մասին, իսկ ո՞րը պէտք է լինի հայկական կողմի պահանջը, Հայաստանի իշխանութիւնների ոչ պահանջատիրական մօտեցումներն, ի վերջոյ, ինչի՞ կարող են յանգեցնել:

– Եկէք չօգտագործենք «անկլաւ» բառը, քանզի կը նշանակի, որ հայկական այդ տարածքը, չգիտես ինչու, արդէն ընդունում ենք որպէս ատրպէյճանական։ Ինչ վերաբերում է բուն հարցին… Հարցը հետեւեալն է. ո՞ւմ նկատի ունենք «հայկական կողմ» ասելով։ Փաշինեանի ռեժի՞մը։ Ինչպէս ասացի, այն Հայաստանում թուրք-ատրպէյճանական շահերը սպասարկող, ըստ էութեան, օկուպացիոն վարչակարգ է։ Փաշինեանի միակ պահանջն ամբողջ աշխարհից իշխանութեան մնալն է հնարաւորինս երկար, ցանկալի է՝ ցմահ։ Դրա դիմաց պատրաստ է յանձնել թէ՛ Արցախը, թէ՛ հայկական գիւղերը, թէ՛ ընդհանրապէս ՀՀ ինքնիշխանութեան մնացած փշրանքները։

– Այսօր Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի:

– Քանի դեռ Հայաստանում իշխում է Նիկոլ Փաշինեանի ռեժիմը, մենք երբեք պատերազմի պատրաստ չենք լինելու։

Ս. ԱՍԱՏՐԵԱՆ

 

Comments are closed.