Փաշինեանը խեղաթիւրեց ողջ բանակցային գործընթացը

Horizon Weekly Newspaper

Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Գիւմրիում ընդդիմադիրների հետ կապուած, պայմանաւորուած է Նիկոլ Փաշինեանի վարկանիշին ուղղուած սպառնալիքներով. այսօր՝ Մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ մեկնաբանելով Գիւմրիում սկսուած խուզարկութիւնները ընդդիմութեան գրասենեակում, շտապում, տանը։

«Այս ամէնը խօսում է այն մասին, որ մենք գործ ունենք խելագարի հետ, իսկ իրաւապահները նրա ձեռքում կոպիտ գործիք են նրա ապօրինի հրամանները կատարելու եւ նրա իշխանութիւնը վերարտադրելու համար։ Գլխաւոր դատախազը վաղուց դադարել է հանդէս գալ որպէս պետական շահերի պաշտպան, այլ հանդէս է գալիս զուտ որպէս Փաշինեանի անօրինական հրամանները կատարող պաշտօնեայ», ասել է Սաղաթէլեանը։

Նշենք, որ այսօր առաւօտեան իրաւապահները խուզարկութիւններ են կատարել «Մայր Հայաստան» դաշինքի գրասենեակում, շտապի պետ Արա Ոսկանեանի բնակարանում եւ «Մայր Հայաստան» դաշինքի գլխաւոր գրասենեակում։ Խուզարկւում են նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի մի քանի համակիրների բնակարանները։

Նիկոլ Փաշինեանի հետ ցանկացած բանավէճ հնարաւոր է միայն այն բանից յետոյ, երբ նա հոգեկան առողջութեան տեղեկանք ներկայացնի. ասել է Իշխան Սաղաթէլեանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում վարչապետի երէկուայ յայտարարութիւնները։

«Ես գնահատել եմ (Փաշինեանի առաջարկը՝ բանավէճ անցկացնելու մասին – խմբ.) 2021 թ., ես այն ժամանակ ասացի, որ մինչ բանավէճը պէտք է կլինիկայից տեղեկանք ներկայացնի, որ հիւանդ չէ, միայն դրանից յետոյ արժէ որոշել՝ արժէ՞ ընդհանրապէս նրա հետ խօսել, թէ՞ ոչ։ Մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի եւ երկիր է ղեկավարում։ Առանց նրա հոգեկան առողջութեան հաստատման ցանկացած բանավէճ նրա հետ անիմաստ եմ համարում»,- նշել է Սաղաթէլեանը։

Պատասխանելով հարցին, որ չնայած ՀՀ իշխանութիւնների հաւաստիացումներին, թէ Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագրի նախագծի տեքստը համաձայնեցուած է, Պաքուն շարունակում է պայմաններ առաջ քաշել, պատգամաւորն ընդգծել է. Փաշինեանը խեղաթիւրեց ողջ բանակցային գործընթացը։

«ԱԳՆ ղեկավարը, այսպէս կոչուած վարչապետը յայտարարում են տեքստի համաձայնեցման գործընթացի աւարտի մասին, իսկ բառացիօրէն մի քանի րոպէ անց Ալիեւը թելադրում է նոր պայմաններ, խօսում զրոյական վստահութեան մասին բանաւոր խոստումների նկատմամբ եւ պահանջում, որ դրանք գրաւոր ամրագրուեն փաստաթղթում։ Դրանից մէկ ժամ առաջ Փաշինեանը խօսել էր գործընթացի աւարտի եւ ԼՂ խնդրի մասին… բազմիցս ասել եմ, որ խաղաղութեան մասին խօսք չկայ, սա էլ աւելի խոր կապիտուլիացիա է, եւ Ատրպէյճանը չի էլ համաձայնում դա ստորագրել։ Այո, Փաշինեանի բոլոր յարձակումները պայմանաւորուած են երկրի շուրջ ստեղծուած իրավիճակով եւ ներքաղաքական գործընթացներով»,- կարծում է պատգամաւորը։

Ե՛ւ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, ե՛ւ նախկին նախագահներին ուղղուած պնդումներն ուղղուած են Ալիեւին եւ արուած են նրան հաճոյանալու համար. ասել է Իշխան Սաղաթէլեանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում վարչապետի երէկուայ յայտարարութիւնը «Ղարաբաղեան շարժման փակման» մասին։

«Բայց մէկ այլ խնդիր կայ՝ հիմա Ատրպէյճանի պահանջները ոչ թէ Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի մասին են։ Փաշինեանը փորձում է հերթական անգամ խաբել հանրութեանը՝ ամէն ինչ յանգեցնելով ԼՂ հարցին, իսկ իրականում Հայաստանին ուղղուած պահանջներին։ Ընդամէնը 2 հոգի են փորձում ամբողջ ուժով փակել ԼՂ հարցը, դրանք են՝ Ալիեւն ու էրտողանը»,- նշել է Սաղաթէլեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

«Մարդը հոգեկան լուրջ խնդիրներ ունի».Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի երեկվա էմոցիոնալ պոռթկումների մասին