Ցանկացած բան բանակցելուց առաջ պէտք է նախապայման լինի Պաքուում պահուող բոլոր անձանց վերադարձը

Horizon Weekly Newspaper

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան դիմաց այսօր՝ Փետրուարի 28-ին հրատապ հաւաք է անցկացուել` Պաքուում ապօրինի պահուող հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջով։

Ակցիայի մասնակիցները Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի եւ ռազմաքաղաքական միւս ղեկավաների լուսանկարները պարզած` ՀՀ իշխանութիւնների ուշադրութիւնն են հրաւիրել Ատրպէյճանում ապօրինի պահուող հայ ռազմագերիների, պատանդների շինծու դատավարութիւնների եւ նրանց նկատմամբ իրականացուող խոշտանգումների վրայ։

Ինչի՞ մասին են այսօր բանակցում իշխանութիւնները այն պարագայում, երբ գերիները Պաքուի բանտում են. դա բանակցութի՞ւն է, թէ կապիտուլիացիա, դա բանակցութիւն է, թէ՞ շանտաժ. ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը:

«Յիշեցնեմ, որ անցած տարի լուր հրապարակուեց, որ Արայիկ Յարութիւնեանը ցուցմունքներ է տուել, որոնք պէտք է հրապարկուէին, դրանից անմիջապէս յետոյ մենք ունեցանք տարածքային զիջում Տաւուշում ու այդ ցուցմունքները այդպէս էլ չհրապարակուեցին: Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ ադ շանտաժով են տեղի ունենում բանակցութիւնները: Արդեօք այս պայմաններում ամենատրամաբանական քայլն այն չէ, որ ցանկացած բան բանակցելուց, տարածք զիջելուց, զօրքերը յետ քաշելուց առաջ պէտք է նախապայման լինի Պաքուում պահուող բոլոր անձանց վերադարձը:

Արարատ Միրզոյեանը Ռուբէն Վարդանեանի միջազգային իրաւապաշտպանի նամակը քանի՞ դիւանագէտի է ուղարկել, ուղարկե՞լ է ընդհանրապէս, թէ՞ չի ուղարկել: ՀՀ-ում հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւնները տեղեա՞կ են, որ Ռուբէն Վարդանեանին խոշտանգում են, նրա առողջական վիճակը վատթարանում է», ասաց նա:

Քրիսինէ Վարդանեանը նշեց, որ առհասարակ տեսանելի չէ, թէ իշխանութիւնները զբաղւում են արդեօ՞ք Պաքուում պահուող գերիների վերադարձի հարցով, թէ՝ ոչ:

«Եթէ բանակցում են, պէտք է լինի փոխզիջում, ի՞նչ է զիջում Ատրպէյճանը: Տեղի ունեցողը շանտաժով ընթացող գործընթաց է, որտեղ Ատրպէյճանի բոլոր պահանջները բաւարարւում են: Եթէ ուզում էք տեսնել, թէ ինչ տիպի բանակցութիւն է ընթանում, յիշէք, որ ընդամէնը 1.5 տարի առաջ որեւէ մէկը չէր խօսում Սահմանադրութեան փոփոխութեան մասին, հիմա Ատրպէյճանը Ալիեւի շուրթերով ուղիղ յայտարարում է, որ դա նախապայման է: Այս երկրում մի մարդ կայ, ով ուղիղ հասանելիութիւն ունի Ալիեւին, թող ասի գերիների հարցով նրան նամակ ուղարկե՞լ է, թէ ոչ, շփւում են չէ՞ whatsapp-ով է, մէյլով է, չգիտեմ, թող ասի», ասաց Վարդանեանը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մօտից կը շարժուեն դէպի ՀՀ կառավարութեան շէնք, ապա բողոքի ակցիա կ’անցկացնեն ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենեակի դիմաց։

Horizon Weekly Newspaper