Տարւում է ուրացման քաղաքականութիւն. Քրիստինէ Վարդանեան

Horizon Weekly Newspaper

Ազգային ուժերի դէմ Հայաստանի իշխանութիւնների յարձակումները պէտք է փնտռել Պաքուի եւ Անգարայի հետ գաղտնի բանակցութիւններում։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։
«ՀՅԴ-ին ամենաշատը քննադատողը Հայաստանի խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանն է, քանի որ նա նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման յատուկ բանագնացն է եւ, ըստ երեւոյթին, Քըլըչի հետ հանդիպումներում ամենաշատը քննարկում է մեր կուսակցութիւնը: Ռուբինեանը, հաւանաբար, մեր դէմ պայքարելու հրահանգներ է ստանում։

Մեր դէմ է խօսում նաեւ ՀՀ ԱԳՆ ղեկավարը, որը մեր կուսակցութեան մասին խօսում է ատրպէյճանական բառապաշարով։

Ինչ խնդի՞ր են լուծում։ Դա առնչութիւն ունի՞ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ համաձայնեցուած կէտի հետ, ըստ որի՝ պէտք է պայքար մղել այսպէս կոչուած խաղաղութեան օրակարգի դէմ պայքարողների դէմ։ Հայաստանում պայքար է մղւում եկեղեցու, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ ազգային արժէքների համար պայքարող անհատների դէմ։

Եթե մենք դէմ լինէինք անկախութեանը, ինչպէ՞ս ենք հռչակել Առաջին Հանրապետութիւնը։ Ոչ ոք չի ասում, թէ սխալներ չեն եղել, բայց ոչ ոք չի կարող հերքել մեր կուսակցութեան լուման։ Քանի՞ քառակուսի մեթր էր Առաջին Հանրապետութեան տարածքը մինչեւ ՀՅԴ իշխանութեան գալը: Ի՞նչ պաշտօն կը զբաղեցնէր հիմա Ռուբինեանը, եթէ չլինէր Առաջին Հանրապետութիւնը: Մենք գիտենք պատմութեան դասերը, ուստի խօսում ենք Հայաստանի հարցում Թուրքիայի նպատակների մասին», յաւելել է Վարդանեանը։

Նա կրկնեց, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը Հայաստանի իշխանութիւնների առաջ պահանջ են դրել պայքարելու երկրում ազգային ուժերի դէմ, ինչն էլ տեղի է ունենում։

«Մեր կուսակցութեան հասցէին իշխանութիւնների բոլոր յայտարարութիւններն ուղղուած են հասարակութեանը մոլորեցնելուն, Հայաստանի ներկայ ռեժիմն ազգային ուժերի մէջ տեսնում է իր իշխանութեան սպառնալիքները, եւ հենց դրա հետ են կապուած նրանց դէմ յարձակումները։ Ներկայում բանակցութիւններ են տարւում Երեւանի անելիքների շուրջ՝ միջանցք, ռեպարացիոն վճարումներ, ատրպէյճանցիների բնակեցում Հայաստանում», նշել է պատգամաւորը։

Նա մատնանշեց, որ իշխանութիւններն ուրանում են նաեւ Հայոց ցեղասպանութիւնն ու հրաժարւում են որեւէ միջոցառում կազմակերպել։ «Մենք ասում ենք, որ Թուրքիան պէտք է արդիւնաւէտ բանակցութիւններ վարի, որոնցում պէտք է արտացոլուեն Հայաստանի շահերը», եզրափակել է Վարդանեանը։

Horizon Weekly Newspaper