«Վիրաւոր արծիւը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքի շնորհանդէս և հանդիպում հեղինակի հետ

Սոյն թուականի ապրիլի 27-ին, ժամը 18։30-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամում հանդիպում կը կազմակերպի «Վիրաւոր արծիւը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքի հեղինակ՝ հայկական և քրդական արմատներ ունեցող յայտնի լուսանկարիչ Դեմիր Սօնմեզի հետ։

Ծագմամբ Կարինից (ներկայիս թուրք․ անուանումը՝ Էրզրում) սերող Դեմիր Սօնմեզը ներկայում բնակւում է Զուիցերիայում։ Նա սկսել է լրագրութեամբ ու լուսանկարչութեամբ զբաղուել Թուրքիայում 1980-ականներին, բայց չի կարողացել շարունակել իր գործունէութիւնը՝ քաղաքական հետապնդումների պատճառով։ Այդ հալածանքների ու բանտային խոշտանգումների հետևանքով ստիպուած է եղել լքել Թուրքիան և մշտական բնակութիւն հաստատել Զուիցերիա։

Դեմիր Սօնմեզը 2020 թ․ աշնանը լուսանկարներով վաւերագրել է 44-օրեայ Արցախեան պատերազմը։ Այդ լուսանկարները զետեղուած են նրա՝ նաև հայերէն թարգմանուած «Վիրաւոր արծիւը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գրքում, որի շնորհանդէսը կը կազմակերպուի ապրիլի 27-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում։

Ստորև ներկայացնում ենք Դեմիր Սօնմեզի հակիրճ ինքնակենսագրութիւնը․

«1978-ից 1982 թուականներին բազմիցս ձերբակալուել եմ իմ քաղաքական գործունէութեան պատճառով և դաժան կտտանքների ենթարկուել։ Այդ ընթացքում ինձ հինգ անգամ բռնել են ու գցել Ուլուջանլարի, ապա՝ Մամաքի բանտեր։ Նախ Անկարայում, ապա Մամաքի բանտում ինձ երեք շաբաթ տանջել են Ա բլոկի խցում։

1992-1990 թթ․ սովորել եմ նախ Հաջիթթեփէի, հետագայում էլ Անադոլու համալսարանի տնտեսագիտութեան բաժնում: Երբ մարդկանց անհետացումների ու չբացայայտուած սպանութիւնների թիւն աւելացաւ, լքեցի երկիրը և ապաստան խնդրեցի Զուիցերիայում։ Իմ մշտական կացութեան դիմումը բաւարարուեց միայն 10 տարի անց՝ 2000 թ․։

Մինչ սպասում էի, որ իմ ապաստանի հայցումն ընդունուի, 1994 թ․ մի խումբ ընկերների հետ ստեղծեցինք Ժնևի Ժողովրդական տունը, և մինչև 2006 թ․ ակտիւօրէն ղեկավարում էի այդ ասոցիացիան: Ժողովրդական տանը գործունէութեանս պատճառով մի քանի անգամ սպառնալիքներ եմ ստացել թուրք գործակալութիւնների և ֆաշիստների կողմից։

1994 թ․ մինչ օրս աւելի քան 1600 նորութիւններ և հարցազրոյցներ են հրապարակել «Özgür Politika», «Evrensel», «Artı Gerçek», «Ermeni Haber», «Le Courrier» և «Tribune de Genève» թերթերում և կայքերում, ինչպէս նաև իմ անձնական բլոգում։

«2006 թ. յետոյ որպէս իմ գործունէութեան հիմնական ոլորտ ընտրել եմ լրագրութիւնը, որով զբաղւում եմ մինչ օրս։ 2016-2019 թթ․ այցելել եմ Հարաւային Քուրդիստան ու Ռոժաւա և ռեպորտաժներ պատրաստել այնտեղ:

Առաջին գիրքս լոյս է տեսել 2016 թ․՝ «Ազգերի հրապարակ / Ժողովուրդների հրապարակ» վերնագրով։ Լուսանկարչական ցուցահանդէսը, որ բացեցի ՄԱԿ-ի հրապարակում այս գրքի լուսանկարներով, դիւանագիտական ​​ճգնաժամ յարուցեց Թուրքիայի և Զուիցերիոյ միջև: Թուրքիայի կառավարութիւնը երկու անգամ դիմել է Զուիցերիոյ՝ ինձ Թուրքիա արտայանձնելու համար, սակայն՝ ապարդիւն։

Իմ երկրորդ գիրքը «Genève Confinée»-ն էր, որը հրատարակուել է 2021 թ․ և վաւերագրում է կորոնա համաճարակի շրջանը լուսանկարներով… Ցուցահանդէսը, որի լուսանկարները տեղ են գտել այս գրքում, գտնւում է Ժնևի լճի ափին և ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների կենտրոնի դիմաց․ այն վեց անգամ յարձակման է ենթարկուել, հաւանաբար թուրք ազգայնամոլների կողմից»:

 

 

Akunq.net

Leave a Comment

You must be logged in to post a comment.