Վերազարթօնքի ուժը՝ ազգային համախմբումն է
- (0)

Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան համար Մարտի 29-ին կայացած հանրահաւաքից յետոյ համախմբում է ձեւաւորուել, ինչը սկսել է անհանգստացնել քաղաքական որոշ շրջանակների։
Վերջին օրերին, յատկապէս, արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդն ակտիւ քննարկումներ է ունենում Արցախի հարցը օրակարգային դարձնելով։
ՀՀ-ն՝ որպէս Արցախի երաշխաւոր պետութիւն, փաստացի հրաժարւում է նրա իրաւունքների պաշտպանութիւնից, դա է վկայում վերջերս նաեւ ԱԳՆ հնչեցրած դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնից հրաժարուելու մասին։ Յղում անելով, այսպէս ասած, իրաւական ուժ չունեցող ԱՀ նախագահի «Արցախի լուծարման հրամանագրին», Հայաստանի ներկայ իշխանութիւնը ցոյց է տալիս իր անզօրութիւնն ու դիմադրելու չկամութիւնը, վերահաստատում իր ապազգային կեցուածքը։
Ինչպէս բազմիցս բարձրաձայնուել է՝ Արցախի ժողովրդի խնդիրը միայն սոցիալական չէ։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում Հայ դատի յանձախմբերն ու գրասենեակներն ակտիւ աշխատանք են տանում Արցախի հարցն ու արցախցիների ոտնահարուած իրաւունքները միջազգային արդարադատութեանը ներկայացնելու եւ Ատրպէյճանի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս երաշխաւոր պետութիւն հրաժարւում է տէր կանգնելու Արցախի ժողովրդի իրաւունքներին։ ՀՀ-ն ապաստան տալով բռնի տեղահանուած արցախցիներին պէտք է տէր կանգնի նրա իրաւունքների իրացման գործընթացին եւ միջազգային տիրոյթում բարձրաձայնի արցախցիների վերադարձի իրաւունքի հարցը ու պահանջի հայ պատանդների անյապաղ ազատ արձակումը, մինչդեռ հակառակն է, ինչն էլ անընդունելի է Արցախի ժողովրդի համար։
ՀՀ իշխանութիւնների ձախողուած քաղաքականութեան դէմ իրենց ձայնը բարձրացնելով՝ արցախցիները դարձել են ատելութեան թիրախ։ Մինչ Արցախ վերադարձը՝ մայր հայրենիքում իրենց արժանապատիւ կեանքը կառուցող մեր հայրենակիցների պահանջն արդար է։ Անընդունելի եւ ձախողման է մատնւում բոլոր ծրագրերն ու ՀՀ կառավարութեան կողմից ներկայացուող առաջարկները, եթէ իրենց մէջ չեն պարունակում ներկայացուող խնդիրների համապարփակ լուծումներ։
Այն բոլոր միտումները, որով Արցախի ժողովրդի հարցը փորձում են ներկայացնել միայն որպէս ստամոքսի կռիւ՝ մատնուելու են անյաջողութեան եւ վաղ թէ ուշ բախուելու են Արցախի ժողովրդի ընդվզմանը։ Եւ, քանի որ Արցախն ու Արցախի հարցը ոչ միայն Արցախի ժողովրդի, այլ համայն հայութեան մտահոգութիւնն ու պայքարի օրակարգում է, ըմբոստութիւնը խուսափողական ու դասալիք քաղաքականութեան հանդէպ աճելու է։
Ապառաժի խմբագրական