«Վարդենիսը Դարձել Է Ամբողջութեամբ Սահման». Բագրատ Սրբազան
5 Յունիսին, «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը ինքնաշարժներու երթով Երեւանէն ուղղուեցաւ դէպի Վարդենիս: Բագրատ արք. Գալստանեան լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին ըսաւ, որ պայքարը միայն Տաւուշի համար չէ, ուրկէ սկսած է սահմանազատման գործընթացը, այլ՝ ամբողջ Հայաստանի: «Մեր շարժումն ու պայքարն իր բովանդակութեամբ այն մեծ ահազանգն է, թէ ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում: Նաեւ այս պատճառով ենք գնում Վարդենիս», ըսաւ ան:
Սոթքի մէջ տեղի ունեցած հանրահաւաքին ընթացքին Բագրատ սրբազանը ըսաւ հետեւեալը. «Այստեղ գալուց ամբողջ ճանապարհին մտածում էի` ո՞ւր էինք գնում մի քանի տարի առաջ, ուր ենք գնում հիմա: Ցուցանակները մինչեւ հիմա կան` Ստեփանակերտ, Մարտակերտ, Քարվաճառ, Դրմբոն: Այս ճանապարհով Արցախ էինք գնում։ Վարդենիսը դարձել է ամբողջութեամբ սահման»: Սրբազանը հարցուց, թէ ինչո՛ւ սահմանազատումը չեն սկսիր այստեղէն:
«Ո՞ւր էին սահմանները մինչեւ հիմա, առաջնագիծը որտե՞ղ էր 4-6 տարի առաջ, հիմա որտեղ է, էս բոլոր արօտավայրերը, քիչ առաջ նախկին համայնքապետի հետ էի խօսում, իր թղթով վաւերացուած հողերն այլեւս թշնամու ձեռքում են, մարդկանց հողերը, մեր երկրի հողերը: Ես Տաւուշից եմ գալիս 10 տարի Տաւուշը եղել է Հայաստանի ամենաերկար սահմանագիծը, ամենապաշտպանուած, Վարդենիսում կամ այս տարածաշրջանում մի փոքրիկ հատուած էր ընդամէնը, հիմա ամբողջութեամբ սահման է դարձել, այն էլ չգիտենք ինչ կարգավիճակով», յայտարարեց Բագրատ սրբազանը՝ աւելցնելով. «Ստի ճանապարհը պէտք է կտրուի, ինչ գին էլ մեզնից պահանջուի: Ուսուցիչներին, պայմանագրային ստիպել են չգալ հաւաքի. ինչի՞ց են վախենում։ Հէնց հիմա վերեւում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանութիւնները պապանձուել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ` նրանց, ովքեր ասում ենք մենք պատիւ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտութիւն ենք ուզում հասարակական իմաստով, արդարութիւն ու ճշմարտութիւն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամութիւնը մեր տներից վերանայ, ատելութիւնը մեր կեանքից հեռանայ, ուզում ենք արժանապատիւ, կայուն, հզօր պետութիւն ունենալ, ուզում ենք որպէսզի աշխարհը մեզ հետ, ոչ թէ մեր վրայ խօսի, ահա այս իշխանութիւնները մեզ ինչ ասես, ասում են»։
Սրբազանը շեշտեց, որ մենք կանգնած ենք վճռական օրերու առջեւ, կանգնած ենք հայրենիքը մաս-մաս յանձնելու առջեւ: «Ոմանք, այս ստախօսի գլխաւորութեամբ, յետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց պարտադրուած է, ոչ թէ բանակցուած», յայտնեց ան։
«Ինձ ոչինչ այս կեանքում չի կարող վախեցնել, մահուան աչքերի մէջ էլ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաեւ այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով յուղարկաւորել եմ: Այո՛, դա էլ եմ տեսել եւ ինձ եմ տեսել այդտեղ, բայց ոչ այդ փառքով ու պատուով, այլ յատկապէս անարգուած: Այն փառքն ու պատիւը որն իրենցն է, ես ինձ տեսել եմ այդ նոյն կարգավիճակում, բայց անարգուած ու անպատուած: Ես չեմ ուզում էդ օրը տեսնել ու ունենալ ու վստահ եմ, որ ամէն արժանապատիւ հայ նոյն կերպ է մտածում», ըսաւ Բագրատ արքեպիսկոպոսը։
Խօսելով 9 Յունիսին, Հանրապետութեան հրապարակին վրայ տեղի ունենալիք հանրահաւաքին՝ սրբազանը ըսաւ. «Խնդրում եմ, մարդիկ սխալ չհասկանան, ամսի 9ը մեր անելիքների վերջին օրը չէ, այլ անելիքների կարեւոր կէտը: Այդ օրը շատ բաներ ունենք անելու ու ցոյց տալու: Աստուած օրհնի բոլորիդ»։
«Այս իշխանութիւններն այնքան ապաշնորհ են, որ չեն կարող ապահովել ո՛չ Տաւուշի, ո՛չ էլ Գեղարքունիքի անվտանգութիւնը: Չկայ մի կէտ, որտեղ կ՛աւարտուեն թշնամու պահանջները եւ չկայ մի կէտ, որը կարմիր գիծ կը լինի այս իշխանութիւնների համար: Գեղարքունիքի խոպանչի մարզպետը որոշել է, որ մարդիկ այստեղ չպէտք է մասնակցեն մեր հանրահաւաքին: Ուրեմն լսի՛ քեզ ինչ եմ ասում, այս շարժումը աւարտուելու է յաջողութեամբ, դու էլ վերադառնալու ես քո գործին: Հայրենիքը հօրդ դուքանը (խանութը) չի, որ որոշես ո՛վ պէտք է մասնակցի հանրահաւաքին, ո՛վ` ոչ», հաւաքին ընթացքին ըսաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեան:
Comments are closed.