Վաղուհաս. Դրախտը, որ կորցրինք
- (0)

ԱՆԻ ՄԱՆԿԱՍԱՐԵԱՆ
Արցախի քարտէսի վրայ Վաղուհասը փոքրիկ կէտ էր, բայց իմ մանկութեան աշխարհում՝ մի ամբողջ տիեզերք։ Դրախտ էինք անուանում մեր գիւղը․ դրախտ, որտեղ սովի օրերին անգամ հացի բոյր կար, որտեղ խաղում էինք աւերակ տների բակերում, որտեղ մարդիկ սովորեցնում էին՝ ինչպէս պայքարել ու չյանձնուել։
Ես մանկուց լսել եմ «Ղարաբաղ» համոյթի մենակատար Շմաւոն տայու ձայնը, երբ նա մեր կլուբում երգում էր. «Ձախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ’երթան…»։ Ու ես հօրս ուսերին նստած ծափ էի տալիս։ Յետոյ մեր թաղի երեխաների հետ վազում էի դէպի «Թիփարա հողը»՝ Վագիֆ տայուն խնդրելու, որ մեզ սովորեցնի նկարել Մասիս սարը։
Բայց ես ո՛չ երգիչ դարձայ, ո՛չ էլ նկարիչ։ Ես այն կարմիր շորիկով աղջնակն եմ, որ մօր աչքից թաքուն հասել էր դպրոցի բակ ու կանգնել դպրոցական սեւ ու սպիտակ համազգեստով երեխաների կողքին։ Մինչ մայրս ոտաբոպիկ, Անի՜, Անի՜ կանչելով կը հասնէր, ես արդէն համարձակ ներկայացել էի․
– Ես Անի Նուէրի Մանկասարեանն եմ, վեց տարեկան։ Ուզում եմ դպրոց գնալ, բայց ինձ ասում են՝ դեռ փոքր ես։
Վաղուհասի առաջին ուսումնական տարուայ առաջին նստարանը դարձաւ իմ կեանքի մեծագոյն խորհրդանիշը: Հիմա գրում եմ ոչ միայն իմ մանկութեան, այլեւ չճանաչուած, բայց իրական երկրի՝ Արցախ աշխարհի մի գողտրիկ շէնի մասին։
Այն Արցախի հին բնակավայրերից է։ Գիւղի շրջակայքում պահպանուել են դամբարանադաշտեր (Ք.ա. I հազարամեակ), հին գիւղատեղիներ, գերեզմանոցներ, մատուռներ ու եկեղեցիների աւերակներ։ Դրանք վկայում են, որ դարեր շարունակ այստեղ ապրել ու ստեղծագործել է հայ մարդը։
Պատմական աղբիւրները վկայում են, որ Վաղուհասը եւ հարեւան գիւղերը աւերուել են մոնկոլական արշաւանքների ժամանակ։ Հետագայ դարերում գիւղի բնակիչները վերականգնել են իրենց օճախները եւ պայքար մղել թուրքերի, պարսիկների ու Հիւսիսային Կովկասի լեռնցիների դէմ։ Մօտ 1775 թ. Հին Վաղուհասից բնակիչները տեղափոխուել են Հակառակաբերդի հարաւ-արեւելեան լանջ եւ հիմնել նոր գիւղ:
Ես ծնուել եմ Վաղուհասում: Մեր տունը գտնւում է գիւղի կեդրոնում՝ քերծերի ու ծառերի արանքում: 1988 թուականի Փետրուարին, երբ ես մէկ տարեկան էի, սկսուեց մեր ազգային-ազատագրական շարժումը։
1991-ի վերջին եւ 1992-ի սկզբին այն վերաճեց պատերազմի։ 1992 թուականի Յուլիսին մեր ընտանիքը՝ վեց հոգով, հօրս «Մազ» բեռնատարի խցիկում, իսկ տասնեակ մարդիկ էլ՝ բեռնատարի թափքում, գիւղից Ստեփանակերտ էինք տեղափոխւում: Թէեւ այնտեղ էլ էր իրավիճակը լարուած․ Շուշիից հրթիռահրետակոծւում էր մայրաքաղաքը։ Գիշեր էր, երբ նորից գործի անցաւ թշնամու «Գրադ» կայանքը։ Ես սեղմուել էի մօրս: Նրա ձեռքերը դողում էին, բայց ձայնը հանգիստ էր, չվախեցնող…
Ինքնապաշտպանական մարտերում Վաղուհասը տուեց 76 զոհ, 6 մարտիկի ճակատագիր մնաց անյայտ։ Մօտ մէկ տարի թշնամու վերահսկողութեան տակ գտնուող Վաղուհասը ազատագրուեց 1993 թ. Փետրուարի 12-ին։ Գիւղը հիմնովին աւերուած էր: Նոյն տարուայ Մայիսին մեր ընտանիքը առաջիններից էր, որ վերադարձաւ։ Վաղուհասը մեզ դիմաւորեց լուռ․ կիսաւեր ու փլուած տներ, մոխրացած պատեր, անխնամ ծառեր ու այգիներ: Գիւղը սպասում էր բոլորի վերադարձին: Մենք ապրում էինք առանց դուռ ու պատուհան ավտօտնակում։ Մեր հարեւանը թոնրատունն էր կացարանի վերածել, միւսը՝ գոմը։ Հայրս տունը շրջապատել էր փայտէ կտորներով՝ այդպէս անվտանգ դարձնելով տուն բերող արահետը, որովհետեւ ամէնուր չպայթած արկեր էին։ Այնքա՜ն փոքրիկներ զոհուեցին խաղալիք յիշեցնող գնդիկաւոր ռումբերի պայթիւնից:
1994-ի Մայիսին կնքուեց զինադադար, բայց չիմացանք՝ ինչ է խաղաղութիւնը. յաջորդեց Ապրիլեան պատերազմը (2016), 44-օրեան (2020) եւ մէկօրեան (2023)՝ Արցախի անկումով։
… Մինչեւ մութն ընկնելը մնում էինք դրսում, որովհետեւ հոսանք չկար, իսկ լամպի պատրոյգն ու նաւթը պարտաւոր էինք խնայել: Հացի խնդիր էլ կար, ընթրիքից յետոյ պէտք է շուտ մտնէինք անկողին, որ չասէինք՝ մա՛մ, սոված ենք, մա՛մ քաղցր ենք ուզում:



Երբ թերթում էինք Այբբենարանի վերջին էջերը, իմ առաջին ուսուցչուհուն՝ Նինա Վարդանեանին, նշանակեցին համայնքի ղեկավար։ Նա մեզ խոստացաւ նոր ու լուսաւոր դպրոց։ 1994-ի վերջերին արդէն շինարարութիւնը սկսուել էր։ Վաղուհասը դանդաղօրէն յառնում էր մոխրակոյտերից: Սփիւռքի մեր բարեկամների եւ պետութեան աջակցութեամբ տարիների ընթացքում Վաղուհասը վերականգնուեց․ այգիներ, դպրոց, մանկապարտէզ, խաղահրապարակ։ 2023-ի Սեպտեմբերի 19-ի դրութեամբ Վաղուհասում ապրում էր աւելի քան 700 բնակիչ։
Մինչեւ 2012 թուականը, երբ վաղուհասցի բարերար Գրիգորի Հայրապետեանի միջոցներով կառուցուեց Սուրբ Աստուածածնի եկեղեցին, մեր աղօթատեղին «Եղցու կտոր» (7-8 դդ.) կամ Մարիամքաղաքի կիսաւեր եկեղեցին (կառուցուել է 1183 թ.) էր։ Մարիամքաղաք կամ Տիրամայր վանական համալիրի աւերակները վկայում են, որ ժամանակին այն հզօր կառոյց էր եւ ունեցել է մատենադարան ու կրթարան։ Ընդհանուր հաշուառմամբ Վաղուհասի տարածքում պետական ցանկում գրանցուած է 125 պատմամշակութային յուշարձան։
… Իմ սերնդակիցներից շատերը մեծացան առանց հօր։ 1992-ի պատերազմում այն երեխաները, որոնք սպասում էին իրենց հայրերի վերադարձին, հետագայում իրենք էին Երկրի սահմանապահը եւ նրանց սպասում էին պատերազմներում ծնուած նոր փոքրիկները:
Եւ աւա՜ղ բոլորը չէին վերադառնում ռազմադաշտից…
… Իսկ մեր Արցախը 2023-ի Սեպտեմբերին կանգնեց նոր փորձութեան առաջ։ Եւ կորցրինք այն ամբողջութեամբ։ Իմ ծննդավայր Վաղուհասը մնաց յիշողութեան ամենախորքերում՝ որպէս յամառութեան, պայքարի ու վերադարձի խորհրդանիշ:
Երբ եօթ տարեկան էի, քոյրս Մանուկների Աստուածաշունչ էր ընթերցում ու նկարագրում դրախտը․
– Մի օր մենք էլ ենք գնալու այնտեղ։
– Իսկ այնտեղ կոնֆետ կամ հաց լինելո՞ւ է։
– Ո՛չ, այնտեղ հոգեւոր սնունդ է լինելու։
– Իսկ ի՞նչ եմ անելու, եթէ սովածանամ։
– Այնտեղ երբեք քաղց չես զգալու։
Բայց իմ պատկերացմամբ դրախտը հենց Վաղուհասն էր։ Այնտեղ հաց չկար, կոնֆետ չկար, խաղաղութիւն էլ չկար։ Բայց կար հաւատ, որ մենք այնտեղ ապրելու ենք: Յաւերժ:
«Հորիզոն» – Բացառիկ 2025