Վահան Յովհաննիսեանի գաղափարները եւ մեր օրերի «մայրամուտը, որը հարկաւոր է կասեցնել»

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Դեկտեմբերի 28-ը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի երկար տարիների անդամ, արդի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչներից մէկի՝ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Յիշատակի օրն այն մարդու, ով գիտակցաբար եւ ամենայն պատասխանատուութեամբ նուիրեց պետականութեան եւ հայրենքի կայացման գաղափարին: Այս օրը մեզ ամէն տարի ստիպում է կանգ առնել, մտորել ու Վահան Յովհաննիսեանի դիտակէտից գնահատել մեր քաղաքական ուղեգիծը եւ հասարակական վարքագիծը, անդրադառնալ անցեալի կորուստներին ու չիրացուած հնարաւորութիւններին, որոնք ժամանակի ընթացքում ազդել են հայոց պետականութեան հիմնասիւների ամրութեան վրայ:

Պետականութեան վերաբերեալ Վահան Յովհաննիսեանի առաջ քաշած գաղափարները Հայաստանի եւ հայութեան համար կան եւ կը մնան որպէս մտաւոր եւ գաղափարական ուղենիշ: Նրա արտայայտած մտքերը փաստում են, որ պետութեան, հասարակութեան եւ ազգային ինքնութեան գոյութիւնը հիմնուած է գաղափարական մաքրամտութեան, ազգային պատասխանատուութեան եւ մտածուած ռազմավարութեան վրայ: Վահան Յովհաննիսեանի մօտեցումը պարզ, բայց միեւնոյն ժամանակ խորքային է. պետութիւնը չի կարող գոյատեւել միայն օրէնքների կամ վարչական մեխանիզմների շնորհիւ, եթէ վերնախաւը զրկուած է ընկալումից:

Նա պարզորոշ ներկայացրել է վերնախաւի եւ հասարակութեան փոխկապակցուածութիւնը: Եթէ վերնախաւը չի կրում արժէքային համակարգ, չի ղեկավարւում գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային տեսլականով, ապա հասարակութիւնը յայտնւում է խարխափումների ու անկման մէջ, իսկ պետութիւնը կորցնում է ռազմավարական ինքնութիւնը: Նրա գնահատմամբ, ցանկացած շեղում վերնախաւում անմիջապէս արտացոլւում է հասարակութեան տարբեր շերտերում՝ իր բացասական բոլոր տեսակի հետեւանքներով եւ արդիւնքներով:

Իր քաղաքական գործունէութեան ողջ ընթացքում, Վահան Յովհաննիսեանը մշտապէս քննադատել է ձեւական դեմոկրատիան եւ իշխանութեան տեղապահութիւնը, որտեղ կառավարման համակարգը ծառայում է անձնական կամ խմբային շահերին, եւ, որպէս արդիւնք, ազգային նպատակներն ու շահը անտեսւում են: Նրա այս տեսակէտը յատկապէս արդիական է այսօր, երբ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը միանշանակօրէն հակացուցուած է պետական շահերին եւ ազգային արժէքներին եւ յստակ երեւում է, որ իշխանութեան առաջ քաշած ամբոխավարական եւ սնամէջ գաղափարները չեն կարող փոխարինել ազգային իրական գաղափարներին, արժէքներին եւ տեսլականին, իսկ առանց դրանց՝ պետութեան խարխափումները դարձել են ամենօրեայ եւ անխուսափելի:

Վահան Յովհաննիսեանը գիտակցում էր եւ հաւատացած էր, որ պետութեան ու հասարակութեան անվտանգութիւնը պայմանաւորուած է ազգային մտածողութեան եւ բարոյական պատասխանատուութեան առկայութեամբ: Նա զգուշացնում էր, որ եթէ վերնախաւը կտրւած է այդ սկզբունքներից, ցանկացած պետական կամ քաղաքական նախաձեռնութիւն դատապարտուած է ձախողման: Նրա այս սկզբունքային մօտեցումը մեզ ստիպում է կրկին վերագնահատել մեր օրերի իրականութիւնը՝ հասկանալու, թէ ինչպէս է ազգի եւ պետութեան ճակատագիրը կախուած գաղափարական մաքրամտութիւնից եւ պատասխանատու վերնախաւից:

Նա ոչ միայն մատնանշում էր վտանգները, այլ միաժամանակ ցոյց էր տալիս դրանց յաղթահարելու ելքը: Վահան Յովհաննիսեանը հաւատացած էր, որ գաղափարական պայքարը ոչ թէ տեսական պահանջ է, այլ գործնական գործիք՝ պետութեան գոյատեւման համար: Նա ահազանգում էր, որ «մայրամուտը», այն գորշ իրականութիւնը, որ հարկաւոր է կասեցնել, ոչ միայն խորհրդանշական է, այլ իրականութիւն, որը հնարաւոր է կանխել միայն գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային պատասխանատուութեամբ առաջնորդուող վերնախաւի միջոցով:

Այսօր, դիտելով մեր քաղաքական կեանքը, տեսնում ենք, որ Վահան Յովհաննիսեանի կանխատեսումները կատարեալ ճշգրիտ են. հասարակութեան տարբեր շերտերում ընդգծուած է ազգային ինքնութեան տեղատուութիւնը, պետական կառավարման մեխանիզմները ծառայում են անձնական կամ խմբային շահերին, իսկ ազգային նպատակների իրականացման անհրաժեշտութիւնը մոռացութեան է տրւած: Այս ընթացքը, ինչպէս դիտարկել է նա, անխուսափելիօրէն յանգեցնելու է պետականութեան հիմքերի խարխլման, հասարակութեան կազմաքադման եւ ազգային ինքնութեան կորստի:

Վահան Յովհաննիսեանը բազմիցս նշել է, որ առանց արժէքների յստակութեան եւ պահպանման, ցանկացած քաղաքական համակարգ տառապում է կորուստներով եւ թուլացումներով: Միայն արժէքների վրայ հիմնուած հասարակութիւնը եւ նրա վերնախաւը կարող են կանխել «մայրամուտը»՝ յետ մղել վտանգի սահմանագիծը եւ կասեցնել կորստի գործընթացը:

Եւ այսօր, երբ հայոց պետականութիւնը կանգնած է բազմակողմանի մարտահրաւէրների առջեւ, պարտադիր է վերցնել եւ իւրացնել Վահան Յովհաննիսեանի քաղաքական-գաղափարական ուղերձները որպէս ուղեցոյց՝ պահպանելու պետականութիւնը, ամրապնդելու ազգային ինքնութիւնը եւ վերականգնելու քաղաքական բանականութիւնը եւ հասարակական առողջութիւնը:

Տարիների հեռաւորութիւնից, Վահան Յովհաննիսեանի մտքերն ու գաղափարները մեզ կոչ են անում քայլել գաղափարական ճշմարտութեան ուղով, առաջնորդւել ազգային արժէքներով ու պետական մտածողութեամբ, ինչպէս նաեւ կատարել պատասխանատու գործողութիւններ, որոնք կ՚արգելակեն անկման ընթացքը եւ կը պահպանեն հայոց պետականութիւնն ու ազգային ինքնութիւնը ապագայի համար: «Մայրամուտը», որը նա պահանջում էր կասեցնել, մեզ յիշեցնում է, որ ազգը եւ պետութիւնը գոյատեւում են միայն այն դէպքում, երբ մտաւոր ու գաղափարական ուժը ծառայում է պետական շահին, եւ երբ իւրաքանչիւր քայլ՝ քաղաքական, սոցիալական կամ մշակութային, ղեկավարւում է բացառապէս ազգային նպատակների եւ արժէքների վեհ գաղափարով:

Այսօր մեր պարտքն է ի կատար ածել Վահան Յովհաննիսեանի ուղերձը՝ գործնականում կիրառելով նրա մտքերն ու գաղափարները, պահպանելով պետականութիւնն ու հասարակութեան միասնութիւնը, ամրացնելով ազգային ինքնութիւնը եւ վերականգնելով գաղափարական սկզբունքայնութիւնը եւ մաքրամտութիւնը: Այդպիսով, մենք կը կարողանանք կասեցնել մեր օրերի «մայրամուտը», կանխել տեղատուութիւնը եւ ապագայում երաշխաւորել մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգութեան ու զարգացման ուղին: