Սիրիայի տարածքում թրքական ուժերի անօրինական ներկայութիւնը խոչընդոտում է կայունացմանը. դեսպան Նորա Արիսեան
Սփութնիք Արմենիայի հետ զրոյցում Սիրիայի դեսպան Նորա Արիսեանը յիշեցնում է Թուրքիայի հետ յարաբերութիւններում կարմիր գծերի, ինչպէս նաեւ երկրաշարժի հետեւանքները վերացնելու մասին։ Հայաստանն այն քիչ երկրներից է, որն անդադար աջակցում է Սիրիային, յիշեցնում է նա։
Բազմաթիւ երկրներ, ընկրկելով Արեւմուտքի ճնշումների առաջ, հումանիտար օգնութիւն չեն առաջարկել Սիրիային անգամ աւերիչ երկրաշարժից յետոյ, մինչդեռ Հայաստանն այն քիչ երկրներից է, որը մինչ օրս շարունակում է դա անել, Սպուտնիկ Արմենիայի հետ զրոյցում նշում է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Նորա Արիսեանը։
Վերականգնումը` երկրաշարժից յետոյ
Երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար Սիրիայի կառավարութիւնը ստեղծել է յատուկ Ազգային հիմնադրամ, իսկ տուժածների համար ստեղծել է Քաղաքացիների սպասարկման կենտրոններ։
«Պետական հիմնադրամի առաջնահերթութիւնը աւերուած տների սեփականատէրերին աջակցութիւն ցուցաբերելն է։ Ասեմ, որ արդէն իսկ ուսումնասիրուել են վնասները, պատրաստուել են տուժածների ցանկերը», նշում է դեսպանը։
Բացի այդ, տեղական կառավարման նախարարութիւնը եւ նահանգապետարանները հետեւում են մարդկանց ընթացիկ կարիքներին եւ նրանց մի քանի փուլերով օգնութիւն տրամադրում:
Նոյնաբովանդակ աշխատանք է կատարում հայ համայնքը` եկեղեցին (Հայոց ազգային առաջնորդարանները) եւ համայնքային կառոյցները, որոնք եւս աշխատում են աջակցել տուժածներին, մանաւանդ վնասուած բնակարանները վերականգնելու հարցում:
Քչերից մէկը
Եթէ Թուրքիային օգնութիւն են ցուցաբերել մի քանի տասնեակ երկրներ, ապա Սիրիային` շատ քչերը, այդ թուում` պատրաստի (հաւաքովի) տներ տրամադրելու առումով:
«Դժբախտաբար, սպասուածից շատ աւելի նուազ հումանիտար առաքելութիւններ են գործում Սիրիայում, ու պատճառը յստակ է՝ Արեւմուտքից, մասնաւորապէս` ԱՄՆ–ի կողմից հարկադրանքն է ու պարտադրուած պատժամիջոցները։ Ցանկանում եմ առիթը օգտագործել կրկին շնորհակալութիւն յայտնելու Հայաստանի կառավարութեան եւ ժողովրդի ցուցաբերած աջակցութեան համար», ասաց դեսպանը։
Նա յիշեցրեց, որ Հայաստանը դեռեւս 2019 թուականից Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելութիւն, որը մինչ օրս հումանիտար ականազերծման եւ բժշկական ծառայութիւններ է մատուցում Սիրիայի տարբեր շրջաններում, ինչը մեծապէս գնահատւում է երկրի կառավարութեան եւ ժողովրդի կողմից:
Ահաբեկչութիւնը Թուրքիայի «արտադրանքն» է
Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում Սիրիայի մօտեցումները չեն փոխուել եւ հնչել են արդէն Աստանայի ձեւաչափով հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Սիրիայի, ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարները, յիշեցնում է դեսպանը։ Ցանկացած արդիւնք, նշում է նա, պէտք է հիմնուած լինի Թուրքիայի կողմից իր ուժերը Սիրիայի տարածքից դուրս բերելու հաստատման վրայ՝ յստակ ժամանակացոյցով եւ դուրսբերման իրական սկսմամբ։ Սա հիմք է հանդիսանալու փախստականների վերադարձի, ահաբեկչութեան բոլոր ձեւերի դէմ պայքարի եւ երկու երկրների յարաբերութիւնների հետ կապուած այլ հարցերի քննարկման համար:
Թուրքիայի յայտարարութիւնները Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան մասին գործերն աւելի են բարդացրել, եւ քանի դեռ Թուրքիան գրաւում է սիրիական հողերը, մենք չենք կարող առաջ շարժուել դէպի խաղաղութիւն, ընդգծեց Սիրիայի դեսպանը:
Սիրիայի տարածքում թուրքական ուժերի անօրինական ներկայութիւնը խոչընդոտում է կայունացմանը՝ ահաբեկիչների շարունակական աջակցութեան եւ պաշտպանութեան պատճառով, յաւելեց Սիրիայի դեսպանը։ Իր վերջին ելոյթներից մէկում Սիրիայի նախագահ Պաշար Ասատը շեշտեց, որ Սիրիայում ահաբեկչութիւնը «թուրքական արտադրութիւն է», յիշեցնում է Արիսեանը:
Նա նշեց, որ թուրքական բռնազաւթիչ ռեժիմը ճնշումերի նաեւ այլ միջոցներ է գործադրում սիրիացի խաղաղ բնակիչների դէմ։ Մանսաւորապէս` Հասաքէ քաղաքում (Սիրիայի հարաւ–արեւելքում, Թուրքիայի սահմանից ոչ հեռու – խմբ.) թուրքամէտ ուժերը խափանում են ջրամատակարարումը (Խապուր եւ Ջաղ–Ջաղ գետերով, որոնք հոսում են Թուրքիայի հարաւ–արեւելքից)` այսպիսով ջուրը որպէս զէնք օգտագործելով:
Սիրիայի վերադարձը Արաբական Լիկա
2023–ի Մայիսին 10-ամեայ դադարից յետոյ Սիրիան վերադարձել է Արաբական պետութիւնների լիկա։ Սիրիան Լիկայի հիմնադիր անդամ է եւ վերահաստատում է արաբական աշխարհի համագործակցութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը, նշեց դեսպանը։ Վերջերս տեղի ունեցած Արաբական գագաթնաժողովը վերականգնեց այդ համագործակցութեան թափը, իսկ Սիրիայի հարցով Արաբական կապերի կոմիտէի մասնակիցները, որոնք վերջերս հանդիպել են Գահիրէում (Եգիպտոսի, Իրաքի, Սաուտիան Արաբիայի, Լիբանանի եւ Յորդանանի ԱԳ նախարարները, որոնք հանդիպել են իրենց սիրիացի գործընկերոջ հետ), ընդգծել են Սիրիայում ճգնաժամի աստիճանաբար կարգաւորման ուղղութեամբ գործնական եւ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտութիւնը: Ողջունելի է նաեւ Հայաստանի գործընկերութիւնը Արաբական Լիկայի հետ, ասաց Արիսեանը։
Ակնյայտ է, բայց արժէ կրկնել
Ինչ վերաբերում է երկկողմ յարաբերութիւններին, ապա Հայաստանը միշտ եղել է Սիրիայի լաւագոյն բարեկամներից մէկը, ընդգծում է դեսպանը։ Նոյնիսկ պատերազմի եւ երկու երկրների դիմագրաւած տարբեր ճգնաժամերի ընթացքում Սիրիան եւ Հայաստանն իրար աջակցել են, լինի դա երկկողմ բազմաշերտ համագործակցութեամբ, թէ միջազգային հարթականերում:
Comments are closed.