«Սիրիայից՝ Շուշի». նոր երգ՝ նուիրուած սիրիահայ դաշնակցական նահատակուած քաջերին

Արցախեան վերջին պատերազմի դժնդակ օրերին հայրենիքից հեռու՝ Սիրիայում ապրող, բայց հայրենիքը միշտ իրենց սրտում պահող երեք քաջ դաշնակցականներ՝ Յարութիւն Բանոյեան, Յակոբ Ասթարճեան ու Մոսիկ Սեքլէմեանը թշնամու սանձազերծած պատերազմական գործողութիւնների մասին լսելով՝ շտապեցին հայրենիք՝ սուրբ հողը պաշտպանելու։

1976 թուականին ծնած Յարութիւն Բանոյեանը, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել էր ռազմական գործում թրծուել․ նա ռազմական գործի գիտակ էր։ Յարութիւնը, որին ընկերները Յարութ էին կոչում,  Հալէպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանութեան հրամանատար էր եղել, «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար Հայաստանի Հանրապետութեան 2-րդ աստիճանի» մետալակիր էր։

1991 թուականին ծնած Յակոբ Ասթարճեանը  և 1992 թուականին ծնած  Մոսիկ Սեքլէմեանը ևս  Հալէպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանութեան մարտիկներ էին։

Ընկերները կենաց-մահու պայքար էին մղում Շուշիում՝ յուսալով, որ թշնամուն շպրտելու են։ Եւ, իրաւ, ետ էին շպրտում։ Քաջերի հրամանատարը Յարութ Բանոյեանն էր։ Ռազմական փայլուն մտքի շնորհիւ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով՝ Յարութը, Յակոբն ու Մոսիկը նոյեմբերի 8-9-ին Շուշիի  պաշտպանութեան համար մղուող մարտերում հերոսաբար ընկան։

Այս քաջերն ընկան՝ իրենց ոգում վառ պահելով ազատ, անկախ ու միացեալ հայրենիք ունենալու լուսէ  երազանքը։

Քաջերն ընկան՝ Շուշիի անկումը չտեսնելով, նոյեմբերի 9-ին ստորագրուած տխրահռչակ եռակողմ յայտարարութեան մասին չիմանալով․․․

Յետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրուած Յարութի, «Արիութեան» մետալով պարգեւատրուած Յակոբի ու Մոսիկի մասին նոր երգ է գրուել, որը կատարում է հայրենասիրական երգերի մեկնաբան, Սիրիայում ծնած, այժմ  Ֆրանսայում հաստատուած դաշնակցական Սագօ Պուտուզեանը։ «Հորիզոն»-ի հետ զրոյցում նա նշեց՝ ոգու կանչով զգացել է՝ այս քաջերի մասին երգ պէտք է գրուի ու այն պէտք է կատարի ինքը։

«Սիրիայից՝ Շուշի» երգի խօսքերի հեղինակները Սագօ Պուտուզեանն ու Յասմիկ Բալէեանն են, երաժշտութեան ու գործիքաւորման  հեղինակը Յովիկ Ատուրեանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Խաչիկ Ղազարեանը։

Յարութի, Յակոբի, Մոսիկի ու միւս քաջերի անունները մեր սրտերում են։ Նրանց պէս քաջերի սխրանքների շնորհիւ է, որ մենք հայրենիք ունենք։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի….

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.