Սա ոչ թէ ընդդիմադիր, այլ համաժողովրդական պայքար է, նպատակն էլ ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ հայոց պետութիւնը փրկելը․ Խոսրով Յարութիւնեան

Այն, ինչին մենք ականատես ենք այսօր, այլևս լոկ ընդդիմադիր շարժում չէ, այն համաժողովրդական պայքար է, և Ազատութեան հրապարակում կամ երթերին միայն կուսակցականներ չեն, խօսքն արդէն քաղաքական պայքարի կամ իշխանութեան մասին չէ։ Մարդիկ միանում են ընդդիմութեան նախաձեռնութիւններին բոլորովին այլ ընկալումներով։ Այս շարժման հասցէատերը Փաշինեանը չէ, այլ հանրութիւնը և արտաքին աշխարհը։ Շարժումը բարձրաձայնում է Հայաստանի և Արցախի ապագայի հետ կապուած մտահոգութիւններ, այն լայնածաւալ է, ընդգրկում է հանրապետութեան ամբողջ տարածքը՝ ուզեն իշխանութիւնները, թէ ոչ։ Իսկ դա պայմանաւորուած է բացառապէս Փաշինեանի վերջին ելոյթներով, իրողութեան փաստագրումներով՝ կապուած Արցախի ապագայի, Ադրբեջանի հինգ կէտերին անվերապահ համաձայնելու հետ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Յարութիւնեանը։

«Այսօր խօսքն իշխանափոխութեան մասին չէ, նպատակը գահավիժող հայոց պետականութիւնը փրկելն է։ Եթէ Նիկոլ Փաշինեանն աներ քայլեր, որոնք կը փարատէին հանրութեան հիմնական հատուածի մտահոգութիւնները, կը չէզոքացնէին այն սպառնալիքները, որոնք հետևանքն են նրա իշխանավարման, դժուար թէ առօրեական լինէր նրա հեռացման պահանջը։ Այսօր խնդիրը ոչ թէ իշխանութեան հեռացումն է, այլ հայոց պետականութեան կործանումը կասեցնելը։ Մեծագոյն համակրանք է պէտք տածել զոհերի հարազատների նկատմամբ։ Նրանց պայքարն ամենաարդարացուածն է, նրանց զայրոյթն ամենահիմնաւորն է, մարդիկ իրենց տան ճրագն են կորցրել, երբեմն՝ միակը, ծնողների յոյսը, ապագան, և Փաշինեանը կանգնում ու ասում է՝ կարելի էր զոհերից խուսափել»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ալեքսանդր Լապշինի, Վլադիմիր Կարապետեանի և Նիկոլ Փաշինեանի զրոյցի մասին այսօր քչերն են յիշում։ Կարապետեանն ասել էր՝ եթէ այս ժողովուրդը 5000 զոհ տայ, այլևս պատերազմելու ցանկութիւն չի ունենայ։ Փաստօրէն, նրանք այդ ծրագիրն իրականացրին։ Փաշինեանն այնքան ինքնավստահ ու համոզուած է խօսում, որ իր ցանկացած քայլ ծառայեցնում է սեփական նպատակին, որևէ խոչընդոտ չունի, արդէն բաց տեքստով է ասում, թէ իբր՝ գիւղ առ գիւղ պէտք է յանձնենք, որևէ տեսական տարբերակ չկար Արցախն Ադրբեջանի կազմից դուրս թողնելու, Թուրքիան թող յայտարարի՝ ուզո՞ւմ է նոր ցեղասպանութիւն անել, և այլն։ Փաշինեանն իրեն համարում է իրավիճակի բացարձակ տէրը, և այդ պատճառով իրեն իրաւունք է վերապահում բաց տեքստով ամէն ինչ ասելու»,- նշեց Յարութիւնեանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս շարժումը յանուն Արցախի և Հայաստանի պետականութեան է, և ցանկացած գործօն, որը խոչընդոտում է այդ նպատակի իրականացմանը, պէտք է վերացուի, իսկ այսօր ամենաառանցքային խոչընդոտն ու անվտանգութեան սպառնալիքը գործող իշխանութիւնն է, հետևաբար՝ դա է իշխանափոխութեան պահանջի պատճառը․ «Բնական է, որ ժողովուրդն ուզում է տեսնել նոր անհատի, որը կարող է դառնալ սպասելիքների իրականացման մարմնաւորումը։ Դա որքան բնական է, նաև խնդրայարոյց է։ Պէտք է ձևաւորել այլընտրանքային կառավարութեան կազմ, և հանրութիւնը պէտք է իմանայ, որ կանգնած է ընտրութեան առջև։ Հանրութիւնն իրաւունք ունի ճանաչելու ապագայ կառավարութեան ղեկավարին և նրա նշանակած առանցքային պաշտօնեաներին, որոնք այս փուլում ստանձնում են ոլորտային հակաթէզեր ձևաւորելու պատասխանատուութիւն։ Դա պէտք է լինի ազգային համաձայնութեան կառավարութիւն՝ մինչև արտահերթ ընտրութիւնների անցկացումը։ Այն, փաստօրէն, գործող կառավարութեան այլընտրանքն է, կայ անգամ վարչապետին նշանակելու գործիքակազմ, իսկ նա պէտք է ընտրի և նշանակի հիմնական պաշտօնեաներին։ Այն կը ստանձնի հանրութեան համար բացառիկ դերակատարում՝ հանրային կարծիք, վաղուայ քաղաքականութիւն ձևաւորելու։ Այլընտրանքային կառավարութիւնը փաստացի իշխանութիւն չի ունենայ, բայց կ’ունենայ հանրային աջակցութիւն»:

«Էական է, որ այս շարժման բովանդակութիւնը, նրա քաղաքական իմաստը գնահատուի դրսում։ Կարևոր է, որ հիմնական արտաքին խաղացողները հասկանան, որ սա ոչ թէ մէկ խմբի, կուսակցութեան, այլ ամբողջ հանրութեան դիրքորոշումն է Արցախի և Հայաստանի հարցով։ Նրանց պէտք է հասցնել այն թէզը, որ սա իշխանափոխութեան համար կռիւ չէ, իշխանափոխութիւնը միջոց է։ Եթէ վաղը եկաւ այլ մէկն ու չբաւարարեց հանրութեան ակնկալիքները, նա էլ պէտք է հեռանայ։ Իշխանութիւնն ասում է՝ «աթոռակռիւ», «նախկիններ և ներկաներ», այդ թէզը հմտօրէն օգտագործում է, մինչդեռ այն պէտք է չէզոքացնել և՛ ներսի, և՛ արտաքին խաղացողների համար։ Այս շարժումը պէտք է ստանայ նախկին երեք նախագահների քաղաքական հովանաւորութիւնը՝ որպէս պատմական բացառիկ պատասխանատուների, նրանց թողած ժառանգութիւնը ցաքուցրիւ է եղել, փոշիացել է»,- ամփոփեց Խոսրով Յարութիւնեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.