«Պատմականից» մինչեւ անհետացող Հայաստան. ռազմավարական մտածողութիւնը մերժելու գինը. Արա Այվազեան
- (0)

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազեան
Համաշխարհային համակարգը վերապրում է խոր փոփոխութիւնների եւ փոխակերպումների փուլ։ Ո՛չ Վեստֆալեան ինքնիշխանութիւնների համակարգը, ո՛չ 19-րդ դարի ուժերի հաւասարակշռութիւնը, ո՛չ Սառը պատերազմի գաղափարախօսութիւնը, ո՛չ էլ կոլեկտիւ անվտանգութեան լիպերալ կարգն այլեւս չեն բնորոշում ներկայիս իրականութիւնը։ Այսօր ուրուագծւում է նոր, մասնատուած աշխարհակարգ, որտեղ անվերահսկելի ուժն ու շահը դուրս են մղում գաղափարախօսութիւնը, իրաւունքը եւ համընդհանուր արժէքները։
Այս փոփոխութեան կիզակէտում Միացեալ Նահանգների դերի վերափոխումն է։ Երկար ժամանակ լինելով համաշխարհային կարգուկանոնի երաշխաւորը՝ Ամերիկան ներկայիս վարչակազմի օրօք անցել է գործարքային գերիշխանութեան, որտեղ «America First» սկզբունքը եկել է փոխարինելու համաշխարհային պատասխանատուութեանը։ Միացեալ Նահանգները դեռեւս պահպանում է կայսրութեան բնութագիրը՝ ռազմական, ֆինանսական եւ տեխնոլոգիական հեգեմոնիան, բայց հրաժարւում է իր նախկին ունիվերսալիստական առաքելութիւնից։ Խօսքը ոչ թէ նոր ինքնամեկուսացման, այլ նոր եսակեդրոն վարքի մասին է. համաշխարհային դերակատարութիւն, այո՛, բայց միայն սեփական շահով եւ պայմաններով։ Արդիւնքում՝ միջազգային յարաբերութիւնների նախկին ճարտարապետութիւնը, որը հիմնուած էր կանոնների, դաշինքների, գաղափարախօսական շրջանակների եւ պարտաւորութիւնների վրա, փլուզւում է։
Ունիվերսալիզմի այս մերժումն ամրապնդւում է գլոպալացման վերագնահատմամբ։ Այն, ինչն անցեալում ընկալւում էր որպէս հզօրութեան աղբիւր, այժմ ամերիկեան քաղաքական շրջանակների կողմից աւելի ու աւելի յաճախ է որակւում որպէս սպառնալիք՝ արդիւնաբերական առաջատարութեան կորուստ, մատակարարումներից կախուածութիւն, տեխնոլոգիական եւ ժողովրդագրական մարտահրաւէրների նկատմամբ խոցելիութիւն։ Միացեալ Նահանգները սկսել է սահմանափակել այն գլոբալիզացիան, որն ինքը ժամանակին քաջալերում էր եւ որում գերիշխում էր, ու վերակողմնորոշւում է դէպի ռազմավարական ինքնիշխանութիւն եւ տնտեսական ինքնաբաւութիւն։
Այս գործընթացում ամենախոցելի կողմը Եւրոպան է։ Եւրոպական Միութիւնը տասնամեակների ընթացքում զարգացել է որպէս յետազգային նախագիծ, որի համար վստահութիւնը, վստահելիութիւնն ու անվտանգութիւնը, եւ ոչ թէ ուժն են եղել միջազգային կանոնների միջուկը: ԱՄՆ-ի կողմից երաշխաւորուած ՆԱՏՕ-ի հովանոցը թոյլ էր տալիս Եւրոպային՝ չլինել աշխարհաքաղաքականութեան վտանգաւոր առաջնագծում։ Սակայն ներկայիս՝ գործարքային արտաքին քաղաքականութեան դարաշրջանում ամերիկեան պաշտպանութիւնն այլեւս չի ընկալւում որպէս անվերապահ։ Միացեալ Նահանգները պահանջում է, որ իր դաշնակիցները վճարեն իրենց անվտանգութեան համար եւ մասնակցեն դրա ապահովմանը նոր պայմաններով ու յաւելեալ պարտականութիւններով։ Այս ամէնը ոչնչացնում է եւրոպական անվտանգութեան ձեւաւորուած մոտէլը։ Դրան գումարւում են միգրացիոն ճգնաժամը, եւրասկեպտիցիզմի աճը, որոշ երկրներում՝ աւտորիտարիզմի միտումները, Եւրոպայի հիւսիսի եւ հարաւի միջեւ տնտեսական տարաձայնութիւնները։ ԵՄ-ն անկարող է արագ արձագանգել սպառնալիքներին, քանի որ որոշումներն ընդունւում են կոնսենսուսի միջոցով, իսկ Ֆրանսայի, Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի եւ Պալթեան երկրների շահերը յաճախ տարբերւում են։ Ռազմավարական համերաշխութիւնը գնալով աւելի է զիջում իր տեղը ազգային եսասիրութեանը։ ԵՄ-ն մնում է տնտեսական տարածք, բայց կորցնում է քաղաքական եւ ռազմավարական նշանակութիւնը։ Ռազմական կախուածութիւնը մեծանում է, իսկ ներքին համերաշխութիւնը թուլանում։ Ի յայտ են գալիս «տարբեր արագութիւնների Եւրոպաներ»։ Հետեւաբար, ԵՄ-ն կանգնած է լրջագոյն երկընտրանքի առջեւ. կամ դառնալ լիարժէք դերակատար՝ իր սեփական բանակով, արտաքին քաղաքականութեամբ եւ ռազմավարական մտածողութեամբ, կամ էլ մնալ տնտեսական տարածք՝ աճող արտաքին ճնշման ներքոյ։
Աշխարհը գնում է դէպի բազմաբեւեռութիւն, բայց դա չի նշանակում, որ այն դառնում է աւելի արդար։ Առանց մէկ համակարգող կեդրոնի աշխարհակարգը տրոհւում է երկու հնարաւոր սցենարներում։ Առաջինը տարածաշրջանային հեգեմոնիաների աշխարհ է, որտեղ խոշոր տէրութիւնները վերահսկում են իրենց ազդեցութեան գօտիները եւ մրցում են ծայրամասում՝ առանց համաշխարհային յաւակնութիւնների։ Երկրորդը իրավիճակային, գործարքային յարաբերութիւնների աշխարհն է, որտեղ իւրաքանչիւր պետութիւն գործում է մենակ՝ հիմնուելով կարճաժամկէտ շահերի եւ ժամանակաւոր դաշինքների վրայ։ Երկու պարագաներում էլ տեղի կ’ունենայ համընդհանուր նորմերի գաղափարից հրաժարում եւ միջազգային յարաբերութիւնների վերածում ուժերի մրցակցութեան, այլ ոչ թէ՝ օրէնքների։
Իսկ այն աշխարհակարգում, որում չկան համընդհանուր ընդունուած վարքագծի կանոններ եւ օրինական արբիտրներ, նոյնիսկ «միջազգային հանրութեան» գաղափարն է ինքնին անհետանում։ Նման պայմաններում ուժի կիրառումը դադարում է անընդունելի եւ արտակարգ բացառութիւն լինել, այն կրկին դառնում է օրինական գործիք։ Պատերազմը կրկին դիտուելու է ոչ թէ որպէս շեղում, այլ՝ որպէս ռազմավարական հաշուարկի մաս։ Որքան աւելի քայքայուեն միջազգային ինստիտուտները, այնքան աւելի գրաւիչ եւ արդիւնաւէտ է թուալու ագրեսիան։ Իսկ այսպիսի աշխարհում կգը ոյատեւեն միայն այն պետութիւնները, որոնք կը պահպանեն զսպելու եւ ուժ գործադրելու իրենց ունակութիւնը։
Այս ֆոնի վրայ յատկանշական է Հայաստանի ներկայիս ղեկավարութեան որդեգրած ուղին։ 2020-2023 թուականների պարտութիւններից յետոյ իշխանութիւնները յայտարարել են նոր ռազմավարութեան մասին, որը հիմնուած է «խաղաղութեան դարաշրջանի» գաղափարի, առճակատման մերժման եւ ժողովրդավարական վերածննդի վրայ։ Այդ տեսլականը ենթադրում է, որ ներքին բարեփոխումների եւ ազգային մտածելակերպի վերաձեւաւորման արդիւնքում կը ստեղծուեն պայմաններ երկարատեւ խաղաղութեան համար։
Սակայն ուրուագծուող միջազգային նոր կարգի համատեքստում նման ռազմավարութիւնը թուում է վտանգաւոր եւ ժամանակավրէպ։ Խաղաղութիւնը, որը ձգտում է հաստատել Երեւանը, ենթադրում է երաշխաւորների, կանոնների եւ ինստիտուցիոնալ շրջանակների գոյութիւն։ Մինչդեռ անտեսւում է, որ երաշխաւորները կորցրել են իրենց հետաքրքրութիւնն ու կամքը, իսկ կանոնները՝ իրենց ուժը։ Նման միջավայրում միակողմանի հաշտեցման քաղաքականութիւնը դառնում է ոչ թէ խաղաղութեան, այլ՝ խոցելիութեան բանաձեւ։ Պատահական չէ, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը, գործելով ուժային քաղաքականութեան տրամաբանութեանը համապատասխան, Հայաստանի «բարեացակամութիւնը» չեն դիտարկում որպէս դեէսկալացիայի խթան։ Նրանք, ընդհակառակը, դա համարում են թուլութեան նշան, ուստի հետեւողականօրէն ուժեղացնում են ռազմական, տարածքային, դիւանագիտական եւ գաղափարական ճնշումը։
Պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից։
Իւրաքանչիւր պետութեան հիմնական գործառոյթը քաղաքացիների անվտանգութեան ապահովումն ու ինքնիշխանութեան պաշտպանութիւնն է։ Ոչ մի հռչակագիր, ոչ մի ստորագրուած փաստաթուղթ չեն կարող փոխարինել այս կենսական գործառոյթի ուժային բաղադրիչին։ Ներկայիս Հայաստանը մնացել է առանց ռազմավարական երաշխաւորների, նրա պաշտպանական կարողութիւնները սահմանափակ են, իսկ շրջակայ միջավայրը՝ ագրեսիւ։ Նման իրավիճակում դրօշակ դարձնել խաղաղութիւնը՝ առանց զսպման, եւ արժէքները թողնել առանց պաշտպանութեան, նշանակում է երկիրը մղել դէպի ռազմավարական խոցելիութեան ուղի։
Հենց սա է պատճառը, որ Հայաստանի ղեկավարութեան գործողութիւնները հակասում են միջազգային իրավիճակի զարգացման տրամաբանութեանը։ Պաշտօնական Երեւանի քայլերը զուրկ են աշխարհում տեղի ունեցող գործընթացների եւ Հայաստանին գոյաբանական մարտահրաւէր ներկայացնող հարեւանների իրական նպատակների ռազմավարական վերլուծութիւնից: Հայաստանի իշխանութիւնները հաշուի չեն առնում գլխաւորը. ո՛չ ժողովրդավարացումը, ո՛չ խաղաղ հռետորաբանութիւնը, ո՛չ էլ նոյնիսկ իրաւական զիջումները չեն ապահովում անվտանգութիւնն այնպիսի աշխարհում, որտեղ օրէնքի փոխարէն իշխում է ուժը։
Հիմա մեզ առաջարկւում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ իբրեւ անցեալի «առասպելների ու յոյսերի սթափեցնող մերժում» եւ հրաժարում «Պատմական Հայաստանից», որի արժէքներն ու յաւակնութիւնները ենթադրաբար յանգեցրել են շարունակական աղէտների։ Սակայն ողբերգութիւնն այն է, որ հենց յիշողութեան, պատմութեան դասերի, ինքնապահպանման բնազդի մերժումն է, որ կարող է յանգեցնել ոչ թէ պատմական առասպելի, այլ իրական Հայաստանի կործանմանը՝ այն Հայաստանի, որը վերջին 34 տարիների ընթացքում գոյութիւն ունի որպէս ինքնիշխան պետութիւն։
Ռազմավարական առումով չմտածուած ընթացքը, որը ներկայացւում է որպէս «սթափութիւն» եւ «իրատեսութիւն», կարող է մեզ մղել վերապրելու մեծ աղէտ, որի վերաբերեալ մենք վճռել էինք «այլեւս երբեք»: Եւ այդ ժամանակ Պատմութիւնը, ոչ թէ որպէս առասպել, այլ՝ որպէս ողբերգութիւն, կը վերադառնայ՝ մեզ յիշեցնելու, որ պետութիւնները մահանում են ոչ թէ երազից, այլ՝ իրենց պաշտպանելու անկարողութիւնից։
Յաջորդիւ կը ներկայացնեմ խնդրի այլ դիտանկիւններ։