Արցախի Հետ, Արցախի Համար. ՀՕՄ-ը Հաւատարիմ Է Իր Առաքելութեանը
Պատերազմից յետոյ առաջին անգամ եմ Արցախ այցելել, որպէսզի տեղում ծանօթանանամ իրավիճակին, զօրակցութիւնս յայտնեմ Հօմ-ի Արցախի միաւորին, արցախցիներին, նաեւ իրականացուող մի շարք ծրագրերի հետ կապուած հարցեր քննարկեմ: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Համեստ Սասունեանը:
«ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»: Այս կարգախօսին հաւատարիմ Հայ օգնութեան միութիւնը, ինչպէս պատերազմի օրերին, այնպէս էլ հիմա թիկունք է կանգնում արցախցուն: Այդ օրերին կեանքի կոչեցինք 7-8 ծրագրեր, որոնք դեռեւս ընթացքի մէջ են: Իմ այցը նաեւ ծրագրերը միասին քննարկելու, պարզաբանելու, հունի մէջ դնելու նպատակ ունի», ասել է Համեստ Սասունեանը:
Արցախում գտնուելու օրերին Համեստ Սասունեանը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Շաղիկ Մարուխեանի հետ հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ, այցելել ՀՕՄ-ի «ՍՕՍԷ» մանկապարտէզները:
Նախքան պատերազմը` ՀՕՄ-ը Արցախում 8 մանկապարտէզ ունէր, ներկայումս դրանցից չորսն են գործում, միւսները մնացել են թշնամու վերահսկողութեան տակ: «Այցելեցինք Ակնաբերդի, Խնձիրստանի, Աշանի եւ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզներ: Այդ մանկապարտէզների սաները մեզ յոյս, շունչ, արեւ ներշնչեցին: Մի երեխայի հարցրեցինք` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է` «թուրք», զարմացանք, ինչո՞ւ: Երեխան պատախասխանեց` «որ հետ բերեմ մեր գիւղերը», պատմում է Համեստ Սասունեանը:
ՀՕՄ-ի ԿՎ-ի վարչութեան անդամի խօսքով, կացութիւնը ծանր է, բայց, ինչպէս միշտ, աշխարհի բոլոր ՀՕՄ-ուհիները, հայերը Արցախի կողքին են:
ՀՕՄ-ը թիկունք է կանգնում զոհուած զինծառայողների ընտանիքներին` հովանաւորելով հերոսների սերունդներին:
ՀՀ-ում աւելի քան 13.000 տեղահանուած արցախցու աջակցեց` հագուստ, տաք ճաշ, առողջապահական պարագաներ, դեղորայք, սնունդ տրամադրելով:
Արցախցի ընտանիքների ծանր ընկերային դրութիւնը մեղմելու համար կեանքի կոչեցին «Թիկունք կանգնենք արցախցի ընտանիքին» ծրագիրը` 1000 ընտանիքի 4 ամիս տրամադրելով 250 ԱՄՆ դոլար: Ծրագրի հիմնական նպատակը ցուրտ ամիսներին ընտանիքի հոգսերը թեթեւացնելն է:
Արցախում հանդիպում է կայացել նաեւ ԱՀ աշխատանքի, ընկերային եւ բնակարանային հարցերի նախարար Մանէ Թանդիլեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայեանը: «ծրագրերի մասին կարծիքների փոխանակում եղաւ Մանէ Թանդիլեանի հետ, քննարկեցինք հետագայ համագործակութեանն առնչուող հարցեր», նշել է Համեստ Սասունեանը:
Համեստ Սասունեանի խօսքով, պարտուած վիճակը ազդել է բոլորի վրայ, բայց կոչ է անում չյուսալքուել: Յուսով է, որ այս ամէնը ժամանակաւոր է եւ յետ կը վերադարձնենք պայծառ Շուշին, Հադրութը եւ միւս տարածքները: