Ունենք շուրջ 8 անձ՝ ՀՅԴ-ն ներկայացնող անձինք, որոնց մուտքն արգելուել է Հայաստան. Արծուիկ Մինասեան
Հայաստանի համար անցանկալի անձ հռչակուած սփիւռքահայ 8 դաշնակցականներից 4-ի գործը դատարանում, եւ ընթանում է դատաքննութիւն՝ «Հրապարակ»ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը, ով նաեւ այս դաշնակցականների ներկայացուցիչն է դատարանում։
«Այս պահի դրութեամբ մենք ունենք շուրջ 8 անձ՝ ազգութեամբ հայ եւ յատկապէս ՀՅԴ-ն ներկայացնող անձինք, որոնց մուտքն արգելուել է Հայաստան։ Ի հարկէ, թիւն անհամեմատ աւելի մեծ է լինելու, մենք անընդհատ բախուելու ենք նման իրավիճակների։ 8 անձից 4-ի մասով կայ դատաքննութեան ընթացք, 2-ի մասով հարցում ենք ուղարկել ԱԱԾ-ին, որպէսզի հետագայ ընթացք հաղորդենք, միւս 2-ի մասով սպասում ենք լիազօրութիւնների տրմանը, որպէսզի իրականացնենք այդ գործողութիւնները։ Առաջինը Մուրատ Փափազեանն էր։ Փափազեանի մուտքի արգելքը ոչ միայն զաւեշտալի էր այն պատճառով, որ նրան վերագրուող արարքը բացարձակապէս կապ չունի նրա հետ, այլ նաեւ այն, որ այդ ենթադրեալ արարքը, որն իբր կատարուել է, դրանից յետոյ բազմիցս Մուրատ Փափազեանը եկել է Հայաստան, գնացել է, եւ ընդամէնը 1 տարի յետոյ արգելում են Մուրատ Փափազեանի մուտքը Հայաստան՝ առանց մատնանշելու կոնկրէտ, թէ ինչ արարքի համար, կամ՝ Փափազեանին վերագրուող ինչ տեղեկատուութիւն կայ, որը ստուգել եւ հաստատել են, որ այդպէս է։ Մենք Մուրատ Փափազեանի մասով մի հետաքրքիր գործընթաց անցանք նաեւ, որը, կարծում եմ, շատ կարեւոր է․ ուրեմն անձնական տուեալների պաշտպանութեան միջազգային կոնվենցիա ունենք՝ տուեալների աւտոմատ հաւաքագրման եւ պաշտպանութեան վերաբերեալ։ Այնտեղ ամրագրուած է, որ Հայաստանը պէտք է ունենայ անկախ գործակալութիւն, որը պէտք է վարչական կարգով իրականացնի անձնական տուեալների պաշտպանութիւնը։ Այդպիսի գործակալութիւն է արդարադատութեան նախարարութիւնում գործող անձնական տուեալների պաշտպանութեան գործակալութիւնը։
Մենք Մուրատ Փափազեանի հարցով ԱԱԾ-ին հարցում ուղարկելուց եւ մերժում ստանալուց յետոյ դիմեցինք այս գործակալութիւն։ Գործակալութիւնը, ի պատիւ իրենց, քննելով ողջ ծաւալը, եկաւ համոզման, որ ոչ միայն խախտում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի կողմից, որովհետեւ Մուրատ Փափազեանի վերաբերեալ առաջին հրապարակումը կատարեց «Արմենպրես» լրատուականի միջոցով վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով, թէ ինչի համար է արգելուել մուտքը։ Հարցն այն է, որ, ՀՀ օրէնսդրութեամբ, վարչապետի աշխատակազմն իրաւունք չունէր այդ տեղեկատուութեանը տիրապետելու, եւ երբ մենք հարցում կատարեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն պատասխանեց, որ այդ տեղեկատուութիւնը կայ, բայց մենք չենք կարող ձեզ տրամադրել, չենք կարող բացայայտել որեւէ աղբիւր, չենք կարող ասել, թէ ինչի համար է Փափազեանը համարուել «պերսոնայ նոն գրատա»։ Երբ մենք դիմեցինք գործակալութեանը, վերջինս եկաւ եզրակացութեան, որ վարչապետի աշխատակազմը թոյլ է տուել օրէնքի կոպիտ խախտում եւ պարտաւոր է դա վերացնել՝ հեռացնելով այդ տուեալներն իր մօտից, եթէ դրանք կան, բացի այդ՝ «Արմենպրես» լրատուականը պարտաւոր է հեռացնել հրապարակումը։ ԱԱԾ-ն խախտել է օրէնքը եւ պարտաւոր էր տրամադրել տեղեկատուութիւն Մուրատ Փափազեանի ներկայացուցիչներին՝ ինձ, Սիրանուշ Սահակեանին եւ Ռուբէն Մելիքեանին, ինչը չի կատարել։
Զարմանալիօրէն, ԱԱԾ-ն դատական հայց ներկայացրեց նաեւ գործակալութեան դէմ։ Հիմա մենք զուգահեռաբար 2 դատական պրոցեսի մէջ ենք․ մի կողմից՝ ԱԱԾ-ն՝ ընդդէմ գործակալութեան, որպէս 3-րդ անձ ենք ներգրաւուած, մէկ այլ դրուագով մենք ենք հայցուոր կողմը՝ պահանջելով ճանաչել ԱԱԾ-ի գործողութիւնները ոչ իրաւաչափ, հետեւաբար` իրաւայարաբերութեան բացակայութիւն՝ անձի վերաբերեալ տեղեկատուութիւնը տրամադրելու եւ դրա հիման վրայ արգելք սահմանելու մասին։ Նաեւ՝ ԱԱԾ-ին պարտադրել գործողութիւն, որպէսզի վերացնի այդ խախտումը։ Երկու գործով էլ դեռեւս նախնական դատական նիստերի փուլում ենք, լիազօրութիւնների ճշդում է տեղի ունեցել։ ԱԱԾ-ի կողմից եղել է պատասխան ներկայացնելու խնդրագիր` եւս 2 շաբաթ ժամանակ, որպէսզի պատասխանն աւելի լիարժէք տան։ Եղել է նաեւ մեր կողմից միջնորդութիւն, որ Մուրատ Փափազեանին հնարաւորութիւն տրուի՝ ներկայ գտնուելու դատական նիստին, կամ այլընտրանք` հնարաւորութիւն տրուի տեսակապի միջոցով նա մասնակցի նիստին։ Դատարանը բաւարարեց երկրորդը՝ ասելով, որ ֆիզիքական ներկայութիւնը բաւարարել չեն կարող, քանի որ այդ վէճով է պայմանաւորուած այս դատաքննութիւնը», ասաց Մինասեանը։
Ինչ վերաբերում է միւս դաշնակցականների գործերին․
«Մասիս Աբրահամեանի մասով դատական երկու նիստ է տեղի ունեցել, նախնական դատական նիստեր են եղել։ Նժդեհ Քարաքաւորեանի մասով դատարանը երկու անգամ յետ է վերադարձրել մեր դիմումը՝ անհասկանալի բացատրութիւններով․ հաւանաբար, սա նոր ռազմավարութիւն է, որն իշխանութիւնը որդեգրել է՝ ուղղակի փորձում են դիմումը վարոյթ չընդունել։ Մենք մեր բողոքն ենք տարել։ Ասլան Ասլանեանի մասով հարցում ենք ուղարկել՝ պահանջելով, որ ԱԱԾ-ն վարչական վարոյթ յարուցի եւ վերացնի Ասլանի նկատմամբ տեղեկատուութիւնը, որովհետեւ նրան չէին կարող վերագրուել այնպիսի տեղեկութիւններ եւ գործողութիւններ, որոնք հիմք կը հանդիսանային անձին անցանկալի անձ ճանաչելու մասով: Դեռեւս ինֆորմացիա չունենք։ Սիւնէ Աբրահամեանի մասով նոյնպէս նախնական դատական նիստ է նշանակուել, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջուել միւս կողմից, որոնք դեռ չեն ներկայացրել», պատասխանեց Մինասեանը։
«Հրապարակ»ի հարցին, թէ ԱԱԾ-ն ինչպէս է պատկերացնում այլ դաշնակցականների մուտքը Հայաստան, այսինքն՝ պէտք է նախապէս դիմեն ԱԱԾ, յետոյ նոր գա՞ն՝ Արծուիկ Մինասեանը պատասխանեց. «Հիմա մենք պրակտիկայում անում ենք հետեւեալը․ եթէ յատկապէս Հայ դատի գրասենեակում ներգրաւուած անձինք ցանկանում են Հայաստան գալ, հնարաւորութեան դէպքում ինձ կամ մեր գործընկերներին լիազօրագիր են տալիս, մենք հարցում ենք ուղարկում ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն պատասխանում է, եւ մենք տեղեկացնում ենք մեր ընկերներին՝ կարո՞ղ են գալ, թէ՞ չէ։ Այս հարցը շատ լուրջ հարց է։ Այս հարցը նոյն Մուրատի եւ Մասիսի դէպքերով մենք բարձրացրել ենք ՄԻՊ գրասենեակի առջեւ նոյնպէս։ Նախկին պաշտպան Քրիստինէ Գրիգորեանն արձանագրեց, որ իսկապէս սա շատ լուրջ խախտում է եւ խնդրայարոյց է։ Մենք պայմանաւորուել էինք, որ պէտք է քննարկում իրականացուի, նաեւ՝ շահագրգիռ կառոյցների մասնակցութեամբ, որպէսզի ի վերջոյ մի մեխանիզմ լինի, որ անձինք մինչեւ օդանաւակայան կամ սահմանային այլ կէտ հասնելը նախապէս տեղեկանան։ Դեռեւս, ցաւօք սրտի, այդ մեխանիզմը չկայ, եւ քննարկում էլ չկայ։ Նոր պաշտպանն այս մասով դեռեւս ձայն չի հանում, թէեւ վերջին մի քանի դէպքերում իրեն անմիջապէս ահազանգ եղել է»:
Կորիւն Սիմոնեան
Comments are closed.