Ուաշինկթընեան համաձայնութիւններ. «Խաղաղութեան» համաձայնագրի որոշ խութեր (Բ)
- (0)

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
2025 թ․ Օգոստոսի 8-ին Ուաշինկթընում ամերիկեան միջնորդութեամբ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարների կողմից նախաստորագրուեց «Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան ու միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագիրը։ Դրա մասին կողմերը 2025 թ. Մարտի 13-ին, երբ Ատրպէյճանի արտգործնախարարը, արհամարհելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարութեամբ հանդէս գալու առաջարկն ու խախտելով դիւանագիտական փոխադարձութեան սկզբունքը յայտարարեց, որ Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցութիւնները աւարտուած են, ապա շեշտեց, որ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցուած վերջին երկու կէտերի վերաբերեալ ատրպէյճանական կողմի առաջարկները, որոնք վերաբերում էին միմեանց դէմ ներկայացուած միջազգային դատական հայցերի յետկանչին եւ սահմաններում երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը։
Նախաստորագրուած համաձայնագիրը, որը իրաւակիրառ ուժ չունի, քանի դեռ չի անցել ներպետական վաւերացման անհրաժեշտ փուլերը, պարունակում է 17 յօդուած։ Այս համաձայնագիրն աւելի շատ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին է, քան խաղաղութեան, քանի որ տարածաշրջանում խաղաղութեան խաթարման համար հիմք հանդիսացող հանգամանքներից որեւէ մէկը յստակ հասցէագրուած չէ։
Սոյն յօդուածաշարի նախորդ մասում, փորձելով օբիեկտիւ գնահատել իրավիճակը, նկատել էինք, որ ստեղծուած իրավիճակում անորոշութիւնն աւելի շատ է, քան որոշակիութիւնը։ Մասնաւորապէս, արձանագրել էինք որ, նախաստորագրուած համաձայնագրով, ինչպէս նաեւ ստորագրուած յուշագրերով մասնաւորապէս առաջ են գալիս հետեւեալ խնդիրները, որոնց արդէն հանգամանօրէն կ’անդրադառնանք սոյն յօդուածում։
1.- Համաձայնագիրը շրջանցում է իրական խաղաղութեան համար հիմնարար հարցերը, մասնաւորապէս՝
ա.- Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութիւնը
Համաձայնագրում անդրադարձ չկայ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման խնդիրն, մինչդեռ այս իրաւունքի պարտադիր իրացման անհրաժեշտութեան մասին որոշում ունի նոյնիսկ ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանը (2023 թ․ Նոյեմբերի 17), ինչպէս նաեւ տասնեակ միջազգային կազմակերպութիւններ (ՄԱԿ-ի տարբեր կառոյցներ, Եւրոպական միութիւն, Եւրոպայի խորհուրդ) եւ առանձին պետութիւններ՝ ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան մակարդակով։
բ.- Հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների անվերապահ ազատ արձակումը, Ատրպէյճանի զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանում բռնագրաւուած տարածքներից
Այս հարցերը ուժով «լուծուած» համարելով՝ փաստաթուղթը վտանգում է կայունութիւնը եւ օրինականացնում է վէճերի լուծման համար հարկադրանքի կիրառումը։ Թէեւ տեքստում օգտագործւում են ՄԱԿ-ի կանոնադրութեան, 1970 թ. «Բարեկամական յարաբերութիւնների հռչակագրի» եւ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի ձեւակերպումներ՝ որոնք ամրապնդում են նաեւ ինքնորոշման իրաւունքը, համաձայնագիրն ամբողջութեամբ անտեսում է դա Արցախի հայերի համար։ Աւելին, Ատրպէյճանը բանտարկել է Արցախի ընտրուած եւ քաղաքացիական առաջնորդներին՝ նրանց մեղադրելով «յանցաւոր կազմակերպութեան ստեղծման» եւ «իշխանութեան բռնազաւթման» մէջ։ Պաքուում իրականացուող քաղաքականացուած եւ շինծու դատավարութիւններով նրանց գործողութիւնները ներկայացւում են որպէս «Հայաստանի ռազմական ագրեսիայի» «ապացոյց»։
գ.- Սահմանազատման եւ սահմանագծման իրաւաքաղաքական կոնկրետ հենքը
Համաձայնագրում բացակայում է յղումը այնպիսի կոնկրետ փաստաթղթերի ու քարտէսների, որոնք հնաարւորինս անխոցելի կերպով կարող էին ապահովել Հայաստան-Ատրպէյճան միջպետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։ Հայկական կողմը, ժամանակին առաջարկել է որոշ քարտէսներ դնել այս գործընթացի հիմքում, ինչն Ատրպէյճանի կողմից մերժուել է։ Նման իրավիճակում, Ատրպէյճանը ցանկացած պահի հենց միայն այս հարցով կարող է տորպեդահարել բանակցային գործընթացը՝ Հայաստնաի նկատմամբ ներկայացնելով նոր ու շինծու տարածքային պահանջներ։ Այսինքն, օրինակ տեղադիրքից կախուած Ատրպէյճանը կարող է օգտագործել իրեն առաւելագոյնս յարմար քարտէսներ։
Այս խնդիրը յատկապէս բարդանում է անկլաւների խնդրի, ինչպէս նաեւ ատրպէյճանական զօրքերի Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնուելու պայմաններում։
2.- «Ալմա Աթայի» խնդիրը
Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որին յղում կայ համաձայնագրի սկզբում, ապա այն ընդամէնը հռչակագիր է՝ նույն օրը՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, ստորագրուած Ալմա Աթայի արձանագրութեան վերաբերեալ համաձայնագրի մասին, որով լուծարուեց ԽՍՀՄ-ը եւ ձեւաւորուեց Անկախ Պետութիւնների Համագործակցութիւնը (ԱՊՀ)։ Արձանագրութիւնը հետագայում վաւերացուեց ստորագրող պետութիւնների կողմից, մինչդեռ հռչակագիրը նման իրաւական պահանջ չունէր։ Ալմա Աթայի հռչակագրին յղում կատարելու այս սխալ ուղղուածութեան նպատակը այն հաստատելն է, թէ իբր այն հիմք է ԽՍՀՄ-ի ներքին վարչական սահմանները դարձնելու այն պետութիւնների տարածքային սահմաններ, որոնք ձեւաւորեցին ԱՊՀ-ն, ներառեալ թէ՛ Հայաստանը, թէ՛ Ատրպէյճանը։
Ամէն դէպքում, փաստերը հետեւեալներն են․
ա.- Ալմա Աթայի հռչակագիրը ինքնին չի ստեղծել որեւէ պարտադիր միջազգային իրաւական պարտաւորութիւն Հայաստանի համար Ատրպէյճանի հանդէպ, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ատրպէյճանը միայն 1993 թ. Սեպտեմբերի 24-ին է միացել Անկախ Պետութիւնների Համագործակցութեանը (ԱՊՀ)։
բ.- Տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անխախտելիութիւնը յարգելու պարտաւորութիւնները, որոնք նշուած են 1991 թ. Դեկտեմբերի 8-ի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրում եւ 1991 թ. Դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրում, չեն անդրադառնում ԱՊՀ անդամ պետութիւնների միջեւ իրական սահմանների որոշման կամ ճանաչման հարցին եւ չեն սահմանում իւրաքանչիւր պետութեան ընդգրկած տարածքները։ ԱՊՀ անդամ պետութիւնների միջեւ սահմանների պաշտօնական փոխադարձ ճանաչումը հաստատուեց միայն 1993 թ. Յունուարի 22-ին ԱՊՀ կանոնադրութեան ընդունմամբ, որի ժամանակ Ատրպէյճանը այդ փաստաթղթի կողմ չէր։
գ.- Հայաստանը վաւերացրել է ԱՊՀ հիմնադիր համաձայնագիրը 1992 թ. Փետրուարի 18-ին, սակայն յստակ վերապահումներով։ Մասնաւորապէս՝ արդէն 1991 թ. Դեկտեմբերի 26-ին, երբ Հայաստանի Գերագոյն խորհուրդը վաւերացրեց ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի արձանագրութիւնը, յայտարարել է իր մտադրութիւնը կատարել վերապահումներ։ Գերագոյն խորհրդի 1992 թ. Փետրուարի 18-ի որոշման 10-րդ կէտը յստակ արձանագրում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը որպէս անկախ պետութիւն, որն ունի ԱՊՀ-ին միանալու իրաւունք։ Այդ պահից սկսած Հայաստանը մշտապէս հրաժարուել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպէս Ատրպէյճանի մաս․ այդ դիրքորոշումը վերահաստատուել է Գերագոյն խորհրդի 1992 թ. Յուլիսի 8-ի որոշմամբ եւ ամրագրուել է 1995 թ. Յուլիսի 5-ի Հայաստանի Սահմանադրութեամբ։
Աւելին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան 1991 թ. Սեպտեմբերի 2-ի անկախութեան հռչակումը հիմնուած է եղել խորհրդային օրէնսդրութեան ներքոյ գործող օրինական իրաւական սկզբունքի վրայ, որը նրա բնակչութեանը տալիս էր ինքնորոշման օրինական հիմք։
3.- Համաձայնագիրը չի նախատեսում դրա կիրարկումը, մոնիթորինկը եւ երաշխաւորութիւնն ապահովող շօշափելի գործիքակազմ։
Համաձայնագիրը չունի անկախ վերահսկման մեխանիզմ։ Մոնիթորինկը յանձնուած է երկկողմ յանձնաժողովին, ինչը անիրագործելի է վստահութեան բացակայութեան պայմաններում։ Նաեւ նախատեսուած չեն խախտումների համար պատժամիջոցներ։ Իրականում Ատրպէյճանը ձեռք է բերում՝
- Խորհրդային շրջանի սահմանների պաշտօնական ճանաչում
- Բոլոր իրաւական վէճերի փակում
- Միջազգային իրաւական ճնշման վերացում
Սա իրականացւում է առանց գերիների, տեղահանուածների կամ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան վերաբերեալ որեւէ զիջման՝ ամրապնդելով ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով պարտադրուած միակողմանի կարգաւորումը։
4.- Համաձայնագրով, ըստ էութեան, սահմանափակւում է միջազգային իրաւունքը՝ մասնաւորապէս դատական հայցերի յետկանչի դրոյթով։
XV յօդուածով կողմերը պարտաւորւում են պայմանագրի վաւերացումից մէկ ամսուայ ընթացքում յետ վերցնել բոլոր միջպետական հայցերը՝ փակելով ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարան, Միջազգային քրէական դատարան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարան կամ արբիտրաժ դիմելու հնարաւորութիւնը 2020–2023 թթ. իրադարձութիւնների վերաբերեալ։ Սա փաստացի ազատում է Ատրպէյճանին պատերազմի, ներխուժումների եւ հարկադիր տեղահանութեան պատասխանատուութիւնից։
Հայաստանից այս զիջումը կորզուել է 2025 թ. սկզբին՝ ուժի նոր սպառնալիքի կիրառման պայմաններում։ Զինուած ճնշման պայմաններում, այդ թուում՝ շինծու սահմանային միջադէպերի մասին յայտարարութիւններ եւ Թուրքիայի ու Փաքիստանի հետ համատեղ զօրավարժութիւններ Հայաստանի սահմանների մօտ։ Արդիւնքում Հայաստանը համաձայնել է Ատրպէյճանի պահանջներին։
5.- Հայաստանի իշխանութիւնները չունեն այս համաձայնագրին գնալու անհրաժեշտ լեգիտիմութիւնը։
Հայաստանի գործող իշխանութիւնները 2021 թ․ Ազգային ժողովի կողմից հաստատուած՝ կառավարութեան հնգամեայ գործունէութեան ծրագրով ղարբաղեան հիմնախնդրի վերաբերեալ ներկայացրել են բոլորովին այլ չափորոշիչներ, իսկ ձեռնարկուած գործողութիւնները տրամագծօրէն հակառակ են դրանց։ Հետեւաբար, Հայաստանի իշխանութիւնների ժողովրդի կողմից քուէ չեն ստացել Ատրպէյճանի հետ նման պայմաններով ու զիջողականութեամբ խաղաղութեան գնալու համար։ Ուստի գործընթացը զուրկ է լեգիտիմութիւնից։
6.- Համաձայնագրով փորձ է արւում միջամտել Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին։
Նախ VII յօդուածը ոչ ուղղակիօրէն թիրախաւորում է ԵՄ դիտորդական առաքելութիւնը Հայաստանում, որի դէմ Ատրպէյճանը բազմիցս հանդէս է եկել եւ սպառնացել։ Հայաստանը նախկինում առաջարկել էր սահմանափակել ԵՄ դիտորդների տեղակայումը միայն սահմանագծուած հատուածներում՝ նրանց պահելով այլ տարածքներում որպէս զսպող միջոց։ Այս դրոյթը ըստ էութեան միջամտութիւն է Հայաստանի ներքին գործերին, մասնաւորապէս պետութեան սեփական եւ դաշնակից ուժերի միջոցով սեփական պաշտպանունակութեան մակարդակը բարձրացնելու հարցին։
Աւելին, տեքստում կայ նաեւ ներքին հակասութիւն՝ IV յօդուածի (չմիջամտելու) եւ VIII յօդուածի (պայքար «անջատողականութեան», «ծայրայեղականութեան» եւ «ահաբեկչութեան» դէմ իւրաքանչիւր պետութեան իրաւազօրութեան շրջանակներում) միջեւ։ Այս քաղաքականօրէն ծանրաբեռնուած ձեւակերպումները իւրաքանչիւր կողմին թոյլ են տալիս գնահատել միւսի ներքին քաղաքականութիւնը՝ խաթարելով միմեանց գործերին չմիջամտելու սկզբունքը եւ ստեղծելով ապագայ լարուածութեան օճախներ։
Այսպիսով ստացւում է, որ Օգոստոսի 8-ին ստորագրուած յուշագրով եւ նոյն օրը նախաստորագրուած համաձայնագրով առկախ մնացած հարցերի շրջանակն ու անորոշութիւնն այնքան մեծ է, որ ցանկացած պահի Ատրպէյճանը կարող է միակողմանիօրէն կասեցնել այս գործընթացը՝ արդիւնքում ունենալով հայկական կողմի հերթական զիջումները։
Նոյն Օգոստոսի 8-ին ստորագրուած մէկ այլ յուշագրով, Հայաստանի իշխանութիւնները համաձայնուել են «անխոչընդոտ» ցամաքային կապի տրամադրմանը, ինչը խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան ամբողջական պահպանումը։ Քանի որ ծրագրում ենք սոյն յօդուածաշարի յօդուածներից մէկը մօտ օրերին նուիրել Ուաշինկթընեան 4 յուշագրերի վերլուծութեանը, ապա այս խնդրի քննարկումը կը թողնենք մեր հենց այդ յօդուածին։ Առաջիկայ յօդուածներից մէկին կը թողնենք նաեւ լուծարուող ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդրի քննարկումը, այն համատեքստում, որ վերջինիս փոխարէն չի առաջարկւում միջազգային այլընտրանքային որեւէ հարթակ՝ առկայ բազմաթիւ խնդիրների լուծումը փոխվստահութեան մթնոլորտում քննարկելու համար։