Որ ճակատում էլ եղաւ Պետօն մշտապէս մնաց նոյն հոգատար ընկերն ու հրամանատարը

Horizon Weekly Newspaper

Այսօր Ազգային հերոս Պետրոս Ղեւոնդեանի՝ Պետոյի, յիշատակի օրն է:

Պետրոս Ղեւոնդեանը ծնուել է 1964-ի Յունուարի 30-ին Պռոշեան գիւղում: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշեանի կամաւորական ջոկատի փոխհրամանատարը։

Իր հրամանատարութեամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումեանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնեակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի յենակէտերի ոչնչացման գործողութեանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախութիւն ու հերոսութիւն։

Զոհուել է 1994 թ. Փետրուարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրաւոր զինուոր էր միայնակ մնացել: Շտապօգնութեան մեքենայի անձնակազմը չէր համարձակւում առաջ շարժուել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետօն ինքն է նստում շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ շտապում վայրկեան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրաւոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսւում է պայթիւն՝ ականի բեկորներից զոհւում է Պետրոս Ղեւոնդեանը:

Որ ճակատում էլ եղաւ Պետօն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապէս մնաց նոյն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակեաց զինուոր: