«Որեւէ մէկը, առաւել եւս՝ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը». Արթուր Մոսիեան

Մայիսի 14-ին Բրյուսելում Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարների հանդիպումից եւ Շառլ Միշէլի յայտարարութիւնից յետոյ, թէ Հայաստանն ու Ատրպէյճանը ճանաչել են միմիանց տարածքային ամբողջականութիւնը, այսօր Իսլանդիայի մայրաքաղաք Ռէյկիաւիկում անցկացուող Եւրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում էլ Նիկոլ Փաշինեանն է յայտարարել, որ ճանաչում է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը՝ 86.600 քկմ տարածքով։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթիւր Մոսիեանը Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեան առնչութեամբ ասաց, որ Արցախի իշխանութիւնները պէտք է շատ կտրուկ պատասխան տան։

«Եթէ նախկինում Նիկոլ Փաշինեանը խօսում էր 29.800 քկմ տարածքից, ինչ որ տեղ ենթադրւում էր, որ ինքը որպէս ՀՀ ղեկավար՝ տէր է կանգնում Հայաստանի տարածքային ամբողջականութեանը, չհաշուած, որ Արցախը մոռանում է։ Սակայն 86.600 քկմ տարածքի վրայ յղում կատարելով՝ յստակ իր նպատակի մասին է ասում։ Բայց որեւէ մէկը, առաւել եւս՝ Նիկոլ Փաշինեանը, իրաւունք չունի եւ չի կարող կասեցնել Արցախի ինքնորոշման իրաւունքը, սա միանշանակ է», նշեց Արթիւր Մոսիեանը։

Նրա խօսքով՝ Արցախն այս ամէնով հանդերձ՝ շարունակելու է պայքարել իր իրաւունքներին տէր կանգնելու համար։

«Այդուհանդերձ պէտք է հասկանանք, որ Արցախի հարցը միայն արցախահայութեան հարցը չէ, սա համայն հայութեան հարցն է, եւ ամբողջ մեր հայ ժողովուրդը՝ Հայաստանում ու սփիւռքում, պէտք է տէր կանգնի իր երկրին», շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արցախում սկսուած քաղաքական կոնսուլտացիաներին, որ պէտք է իրականացնէր Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը, Արթիւր Մոսիեանը փոխանցեց, որ քաղաքական որեւէ կոնսուլտացիայի մասին, այս պահին գոնէ, ինքը տեղեակ չէ։

«Արայիկ Յարութիւնեանը յայտարարել է, որ կոնսուլտացիաներ է սկսում հաւաքի մասնակիցների հետ, ես այդքան գիտեմ։ Այս պահին մեզ որեւէ մէկը որեւէ հարցով չի դիմել», եզրափակեց Արթիւր Մոսիեանը։

 

Comments are closed.