Ո՞ւմ դէմ են ուղղուած փանթուրքիզմի անկլոսաքսոնական նիզակները

Փանթուրքականութեան գաղափարի գործադրման տարածքը

Հայկազուն Ալվրցեան

Թուրք-ադրբեջանական զօրքի առաջխաղացքն Արաքսի հովտով դէպի Մեղրի և հայկական սահմանի նկատմամբ ռազմական ոտնձգութեան առաջին փորձերն արթնացրին մօտ երեսուն տարուայ վաղեմութեան յիշողութիւններ, որոնք վերաբերում էին Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագրին։ Դա Թուրքիայի և ԱՄՆ-ի համար այնքան կարևոր նշանակութիւն ունէր, որ նրանք անգամ պատրաստ էին ԼՂԻՄ-ի անկախութեան ճանաչմանը կամ Հայաստանին միանալուն։

Վերլուծական-փորձագիտական շրջանակներն այն համոզիչ տեսակէտին էին, որ ԱՄՆ-ը, իր դաշնակից Թուրքիայի փանթուրքական այս յաւակնութիւններին բաւարարութիւն տալով, ձգտում էր իր ազդեցութիւնը տարածել Կենտրոնական Ասիայում։

Այսօր այդ ծրագրի ռազմավարական համատեքստը մի փոքր ընդլայնուել է։

Այդ «մի փոքր»-ի բովանդակութիւնը պայմանաւորուած է ծրագրի հեղինակների և այն իրականացնողների յաւակնութիւններով, որը հանգում է հետևեալին․

1․Թուրքիան փորձում է առարկայական և շօշափելի տեսք տալ փանթուրանիզմի վաղեմի երազանքին՝ հնարաւորինս լայն ընդգրկումներով, ինչը Էրդողանի համար խիստ կարևոր է նաև ներքին բազում խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար։ Այդ նպատակով նա կոալիցիա կազմեց «Ազգային շարժում» ազգայնամոլական կուսակցութեան հետ, որի անդամներն իրենց այլ կերպ կոչում են գորշ գայլեր։

2․անկլոսաքսոնական դաշինքը փանթուրքիզմի այս նիզակը փորձում է խրել իր ՀԶՕՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Ռուսաստանի կողը՝ Կենտրոնական Ասիայից դէպի հիւսիս ուղղութեամբ։ Ռուսաստանի մասնատման ծրագրում վճռական դերակատարներ են դառնալու երկրի իսլամադաւան և թուրքալեզու ժողովուրդները։ Դրա հեռանկարում ենթադրւում է հետևեալ պատկերը:

Ինչպէս տեսնում ենք, ի տարբերութիւն այլ փանթուրքական քարտէզների, այս մէկում չեն անտեսուած ԱՄՆ-ի և, հաւանական է, նաև Ճապոնիայի շահերը Ռուսաստանի հեռաւոր արևելքում և հիւսիս-արևելքում։

3․Կենտրոնական Ասիայից դէպի արևելք այդ նիզակը, ի դէմս այստեղ բնակուող բազմամիլիոն թիւրքական ցեղերից մէկի՝ Ույղուրների, ուղղուած է անկլոսաքսոնական դաշինքի ՀԶՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Չինաստանի կրծքին։

Արցախի դէմ սանձազերծուած պատերազմում Մեծ Բրիտանիայի բացայայտ աջակցութիւնը թուրք-ադրբեջանական դաշինքին ու ամերիկեան երեսպաշտ կեցուածքն այս տեսակէտի հաստատումն են։ Դարձեալ Թուրքիայում կազմուած հետևեալ քարտէզի վրայ այդ նիզակը կարմիր գծի տեսքով ուղղուած է դէպի Չինաստանի ուղուրական նահանգներ։

Գոբլի ծրագրի վերակենդանացման հեռանկարը

Այս ամէնը, սակայն, կարող է իրականութիւն դառնալ, եթէ կեանքի կոչուի, այսպէս կոչուած, Գոբլի ծրագիրը՝ Մեղրին որևէ տարբերակով Ադրբեջանին յանձնելը։ Ով մի փոքր պատկերացում ունի յատկաապէս աշխարհաքաղաքական նման ծրագրեր իրականացնելու անկլոսաքսոնական հետևողական ու համբերատար մեթոդաբանութեան մասին, չի կասկածի, որ մօտ 30 տարուայ վաղեմութիւն ունեցող այս ծրագիրը դարձեալ օրակարգում է՝ արդէն այդ տարիների ընթացքում ամենայն բծախնդրութեամբ պատրաստած և ՀՀ-ում իշխանութեան բերուած ուժերի կատարմամբ։

Թերահաւատներին կարող ենք խորհուրդ տալ կարդալ Ն․Փաշինեանի՝ դեռևս 2001թ․ գրած մէկ յօդուածը, որից մէջբերենք հետևեալ առանցքային գաղափարը․«Այն, որ Մեղրին պէտք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դէպքում Մեղրին սովորական տարածքից վերածւում է յաղթաթղթի, ու դա մեր յաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակէտներն այն մասին, որ մեր յաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պէտք է պահենք: Սա մանկամիտ մօտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մէկը պէտք է լինի. եթէ Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցուել Մեղրիով, թող հաղորդակցուեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպէս ընդունուած է աշխարհում» (յօդուածը տե՛ս https://armtimes.com/hy/article/105002?fbclid=IwAR3ewR1oLFpN0j8ExsOAXOppzZpV5Zj_5UZM13eFSOziTVrWAhALflqxIig):

Հասկանալի է, որ վճարի մասին միտքը հիմնական գաղափարի մերկութիւնը ծածկելու, այսինքն՝ Մեղրիից աստիճանաբար հրաժարուելու փորձ է։

Փակագծում նշենք, որ 1918-ին Երևանում հանդիպելով Արամ Մանուկեանի հետ, թուրք զորավար Խալիլ փաշան առաջարկում է Հայաստանի կազմի մէջ մտցնել ամբողջ Արցախը՝ անհամեմատ փոքր Մեղրու շրջանը Ադրբեջանին զիջելու պայմանով։

Այդ տարիներին Մեծ Բրիտանիան նոյնպէս ամէն ջանք գործադրեց, բազում ճնշումներ բանեցրեց Հայաստանի կառավարութեան վրայ՝ Նախիջևանը, Զանգեզուրն ու Արցախը Ադրբեջանի կազմի մէջ մտցնելու համար։

Ինչպէս տեսնում ենք, փանթուրքական ծրագիրը 100 տարի առաջ էլ օրակարգային էր անկլոսաքսոնական աշխարհաքաղաքական հաշուարկներում։

Արդեօ՞ք պատահականութիւն է, որ այս ծրագրի հետևողական պաշտպաններն են ՀՀ-ում եկել իշխանութեան, որոնք «ցաւոտ փոխզիջումների» մասին են յայտարարում՝ առանց դրա իրական բովանդակութիւնը բացայայտելու։ Ակնյայտ է, որ դա ծրագրւում է որպէս «ցաւոտ զիջում», որի ծաւալների և ընդգրկումների մասին կարելի է ենթադրութիւններ անել․․․

Ի դէպ, թէ՛ Հայաստանում, թէ՛ Հայաստանից դուրս բոլոր նրանք, ովքեր խօսում են փանթուրքականութեան գաղափարի սնանկութեան մասին, ըստ էութեան բաժանւում են երեք խմբի․ առաջին խմբում այս ծրագիրն իրականացնողներն են, երկրորդում՝ այդ ծրագրի պատմութեամբ հետաքրքրուողները, երրորդում՝ ծրագրից ոչինչ չհասկացողները։

Պատմական կաղապարները

1․Հայ-ռուսական յարաբերութիւններ,

2․Հայ չինական յարաբերութիւններ

Վերևում նշեցի, որ փանթուրքիզմի անկլոսաքսոնական նիզակն ուղղուած է Ռուսաստանի և Չինաստանի դէմ։ Իշխանութեան գալուց  յետոյ Ն․ Փաշինեանն անհաւանական արագութեամբ փչացրեց յարաբերութիւնները հենց այս գերտէրութիւնների հետ։ Նրա պարզունակ քննադատները շտապեցին եզրակացնել, թէ նա քաղաքականութիւնից բան չի հասկանում։ Ես չգիտեմ, թէ նա որքան է հասկանում քաղաքականութիւնից, բայց մի բան պարզ է՝ յստակ գիտի, թէ ինչ է անում։ նոյն յօդուածում Ն․ Փաշինեանն, անդրադառնալով Մեղրիի վրայով Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագրին, համոզուած, է որ «Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»։

Պարզ է, չէ՞, որ նա այս պետութիւնների հետ յարաբերութիւնները «քաղաքականութիւնից բան չհասկանալու» պատճառով չէ, որ փչացնում է, այլ իրականացնում է այն ծրագիրը, որի համար բերուել է իշխանութեան։ Դրա բուն բովանդակութիւնը 2018 թ․ հոկտեմբերին Երևանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Բոլթոնը ձևակերպեց այսպէս․ «Հայաստանը պէտք է ազատուի իր «պատմական կաղապարներից»։

Մեզանում շատերը գիտեն, թէ ՀՀ նոր իշխանութիւնները Ռուսաստանի հետ յարաբերութիւններում ինչպէս են ազատւում «պատմական կաղապարներից»։

Փաշինեանի ձևակերպմամբ` «նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանի» հետ յարաբերութիւնների վատթարացման մէջ պէտք է նշել նաև այն, որ Հայաստանը միացել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի առաջընթացը զսպող ևս մի կազմակերպութեան՝ հակաչինական «Կրօնական ազատութեան ալեանսին», ինչը շատերի զարմանքը կամ զայրոյթն է յարուցել։

Բանն այն է, որ, Չինաստանին հռչակելով կրօնների թշնամի, ԱՄՆ-ը նրան առաւելապէս մեղադրում է հակիսլամականութեան մէջ։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպէօն, ելոյթ ունենալով, Չինաստանն անուանել է «կրօնական ազատութեան ապագայի ամէնալուրջ սպառնալիքը»։ Նա յատկապէս շեշտել է Սինցզեան քաղաքում չինական իշխանութիւնների «դաժան վերաբերմունքը» մահմետական ույղուրների նկատմամբ:

Կարծես ամէն ինչ պարզ է․․․

3․ Հայ-իրանական յարաբերութիւններ

Իրանի հետ ՀՀ աւելի քան բարի դրացիական յարաբերութիւններն ունեն էթնոկրօնական և աշխարհաքաղաքական լուրջ բովանդակութիւն։ Իրանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տարածքային յաւակնութիւնները խարսխւում են Իրանի հիւսիսային շրջաններում բնակուող 20 միլիոնից աւելի թուրքական ցեղերի նկատմամբ ունեցած քաղաքական մօտեցումների ընդհանրութիւնների վրայ։ Հայաստանի հանրապետութիւնն իր աշխարհագրական դիրքով՝ թուրքական երկու պետութիւնների միջև Սիւնիքի սեպով, և քաղաքական կողմնորոշմամբ բնական անփոխարինելի դաշնակից է Իրանի համար։ Այդ դաշինքն առաւել կայունացաւ արցախեան հատուածում հայկական սեպի ընդլայնումով և ադրբեջանաիրանական սահմանի կրճատումով։

ՀՀ իշխանութիւնների այսօրուայ ռազմաքաղաքական նահանջը ձևաւորուած ստատուս քուոյից սպառնում է Իրանի անվտանգութեանը՝ հարուածի տակ դնելով նաև հայ-իրանական դաշնակցային յարաբերութիւնները։

4․ Հայ-թուրքական յարաբերութիւններ

Պատմական կաղապարներից կարևորագոյնը, բնականաբար, հայ թուրքական յարաբերութիւններն են, որոնց առանցքը Հայոց ցեղասպանութեան հարցն է։ Ուշագրաւ է, որ մինչև Թրամփի նախագահ ընտրուելը ԱՄՆ-ի քոնկրէսում բանաձևեր են ընդունուել Հայոց ցեղասպանութեան մասին, իսկ նախագահներից մէկը՝ Ռ․ Ռէկըանը, իր ապրիլ քսանչորսեան մի խօսքում երևոյթն այդպէս էլ անուանել է՝ Հայոց ցեղասպանութիւն։ Սակայն Թրամփը և իր քաղաքական թիմը նենգափոխեցին երևոյթը՝ ասպարէզ նետելով «Մեծ եղեռն» եզրոյթը, որը միջազգային իրաւունքի տեսակէտից հետևանքներ չի ենթադրում։ Սրան շատ մօտ է Էրտողանի գործածած «ողբերգական դէպքեր» եզրոյթը։

Առաւել ուշագրաւն այն է, որ թաւշեայ կառավարիչների օրով «Հայոց ցեղասպանութիւն» գիտական-քաղաքական եզրոյթը փորձում են ջնջել ՀՀ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական բառապաշարից։

Երբ ՀՀ նոր իշխանութիւնները խօսում են Թուրքիային արուելիք զիջումներից, առաջին հերթին նկատի ունեն Հայոց ցեղասպանութեան բովանդակութեան այլասերումն ու երևոյթի անուանափոխումը, առանց որի Հայաստանը երբեք Թուրքիայի համար չի դառնար Կենտրոնական Ասիա ելումուտի ճանապարհ, իսկ իրականում՝ փանթուրքականութեան զոհ։

Յ.Գ. Եթէ ՀՀ թաւշեայ իշխանութիւնները կարծում են, որ Հայաստանի որևէ տարածք կարելի է վարձակալութեամբ տալ Թուրքիային կամ «ցաւոտ փոխզիջում» նենգամիտ ձևակերպմամբ զիջել նորօրեայ փանթուրքիստներին, խորապէս սխալւում են, քանզի դրանից յետոյ Հանրապետութիւնը, էականօրէն թուլանալով, դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար կորցնելով աշխարհաքաղաքական նշանակութիւնը, կարճ ժամանակում կը կորցնի նաև տեղը քաղաքական քարտէզի վրայ։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.