Ո՞վ է պատասխանատուութիւն կրելու
- (0)

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի ելոյթը Աժ-ում «Եւրոպական Միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի քննակման ժամանակ
Քննարկման ներկայացրած, ընդամէնը մէկ վերջակէտ պարունակող այս նախադասութեանը որպէս օրէնքի նախագծի վերաբերելը մեղմ ասած հեգնանք է իրաւական ակտերի մշակման սահմանուած նորմերին եւ աւանդոյթներին: Այն աւելի շուտ կ’որակէի հանրութեանը մոլորեցնող պոպուլիստական նախաձեռնութիւն:
Ըստ էութեան հեղինակները գիտակցել են այս հանգամանքը, եւ պատահական չէ, որ նախագծի նախնական տարբերակում կիրառուել է ՀՌՉԱԿԵԼ բառը՝ «Հայաստանի Հանրապետութիւնը հռչակում է Եւրոպական Միութեանը Հայաստանի Հանրապետութեան անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Ես նաեւ, անկեղծօրէն չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետութեան անունից կատարուի մի հաստատում, ԱԺ կողմից էլ ընդունուի մի փաստաթուղթ, որի լրջութիւնն ու հիմնաւորումները գոնէ այս պահին ակնյայտօրէն խոցելի են կամ գոյութիւն չունեն:
Իր էութեամբ հռետորա-հրապարակախօսական այս նախադասութիւնը չի կարող օրէնք կոչուել նախ, որովհետեւ բացակայում են օրէնքի կարգաւորման առարկան եւ հասցէատէրը, երկրորդ բացակայում է իրաւունքի միւս տարրական նորմը՝ ով է պատասխանատուութիւն կրում նախատեսուած օրէնքի չկատարման համար:
Սրանք օրէնքի վարքաբանութեանը առնչուող նուազագոյն պահանջներ են, իրաւագիտական տարրական գիտելիքներ, որոնք հասու են իրաւաբանականի առաջին կուրսի ուսանողին:
Նախագծի հիմնաւորման մէջ «կոմունիզմը կառուցել եւ առաջ անցնել» տիպի հաստատումներ կան. գուցէ սրանք ականջ շոյող են, բայց քաղաքական ներկայ իրողութիւններից կտրուած, նաեւ վտանգաւոր հանրային սին սպասումներ գեներացնելու իմաստով: Այսպէս՝
«Օրէնքի ընդունումը անշրջելի կը դարձնի ժողովրդավարութիւնը, իրաւունքի գերակայութիւնը, կը վերականգնի պետութեան քաղաքականութեան կանխատեսելիութեան նկատմամբ հաւատն ու վստահութիւնը:
Կը նպաստի տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը՝ ուժերի հաւասարակշռման վերականգնման միջոցով, ՀՀ ազգային անվտանգութեան հնարաւորութիւնների մեծացմանը»։
Աւաղ, ո՛չ մեր իղձը, ո՛չ ցանկութիւնը, ո՛չ էլ ամէն տեսակի հռչակագրերն, անգամ օրէնքները չեն կանխորոշում ԵՄ անդամակցութիւն, ոչ էլ անդամութեան մեկնարկը հռչակագրային բնոյթ ունի։ Նոյնիսկ, եթէ մեր կամքը ամրագրենք Հանրաքուէով, ինչը նոյնպէս այս պարագայում բացակայ հանգրուան է:
Մեղմ ասած՝ գերագնահատուած է նաեւ գործընթացի մեկնարկի մասին ինքնավստահ յայտարարութիւնը, որովհետեւ այն շատ աւելի վաղ է սկսուել.
Դեռեւս 1999 թ. է ստորագրուել ԵՄ-ի հետ «Գործընկերութեան եւ համագործակցութեան համաձայնագիրը», որին փոխարինեց ԵՄ-ն եւ Հայաստանի միջեւ «Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը»:
Այսօր ՀՀ եւ ԵՄ միջեւ յարաբերութիւնների հիմքում 2017 թ. Նոյեմբերի 24-ին ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրն է, որն ուժի մէջ է մտել 2021-ից։ Յայտնի (CEPA) համաձայնագիրը, որը բաւարար իրաւաքաղաքական հիմքեր է ստեղծել ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ։
Հայաստանը՝ դեռեւս 2004 թ. ընդգրկուել է Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան ձեւաչափում, իսկ 2009 թ.-ից Արեւելեան գործընկերութեան ձեւաչափերում։
ՍԵՊԱ-ն եւ միւս ձեւաչափերը ամուր հիմք են ապահովում, որպէսզի փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպէս նաեւ ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում Հայաստանը բարեփոխուի եւ մօտենայ ԵՄ ընդլայնման ծրագրին եւ չափանիշներին:
Սիրելիներ,
ԵՄ անդամակացութիւնը սոսկ ցանկութիւն չէ, այն բովանդակութիւն է, խորը եւ չափելի բովանդակութիւն։
ԵՄ-ն դեռեւս 1993-ին է սահմանել խաղի այն կանոնները կամ չափանիշները, որոնք պիտի բաւարարեն ԵՄ պոտենցիալ թեկնածուները։
1993-ին Եւրոպական խորհրդի կողմից ընդունուած այսպէս կոչուած Կոպենհագենեան հռչակագիրը/եզրակացութիւնը նկարագրում է քաղաքական, տնտեսական եւ օրէնսդրական այն հիմքերի առկայութիւնը, որոնք թոյլ կը տան, որպէսզի Եւրամիութիւնը բացի իր դռները, կամ ինչպէս ասում են գնահատի տուեալ երկրին կլանելու կարողականութիւնը/օbsorbtion capacity/։
Իր ինքնութեան իմունիտետը պահելու համար 2006-ին ԵՄ-ն վերատեսութեան է ենթակել իր խաղի կանոնները՝ սահմանելով երկրների ԵՄ ներառման երեք կաեւորագոյն հիմքերը՝ integration capacity,
ա/միասնական շուկայ-տնտեսական ինտեգրում
բ/ինստիտուցիոնալ կայացուածութիւն
գ/արտաքին քաղաքական/ռազմավարական անվտանգութիւն եւ տարածաշրջանային դերակատարութիւն
Ի դէպ այս ուղղութիւնները վերահսկւում են բանակցութիւնների միջոցով, ուր արդարութիւնը, արդարադատութիւնն ու ներքին գործերը երեք կարեւոր գործօններից են։
Աւելացնեմ նաեւ, որ ԵՄ անդամութեան կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցութիւնների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառոյցը՝ Եւրոպական խորհուրդն է, որն այս մասով որեւէ քաղաքական դիրքորոշում չի յայտնել։
Եւ չի յայտնի, որովհետեւ ՍԵՊԱ-ի մոնիտորինգային արդիւնքերը մեղմ ասած հեռու են Եւրոպական ստանդարտներից:
Ահա վերջին 2023-24 զեկոյց-մշտադիտարկումից մի քանի հաստատում.
– Դատական բարեփոխումներն անարդիւնաւէտ են։
– Բարձրագոյն դատական խորհուրդը կարիք ունի բարեփոխումների,
– Դատաւորների պատասխանատուութեան սկզբունքները տարբերակուած չեն։
– Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դէպքերը դեռեւս լուծուած չեն։
– Քրէակատարողական հիմնարկներում բժշկական օգնութիւնն անբաւարար է։
– Ոստիկանութեան պահուածքի եւ կառուցուածքի մէջ էական փոփոխութիւններ չեն եղել։
– Ոստիկանութիւնում հակակոռուպցիոն քաղաքականութիւն չկայ։
– Ոստիկանութեան ստորաբաժանումներում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմներ չեն ներդրուել։
– Հակակոռուպցիոն ռազմավարութիւնը մասամբ է իրականացուել, որոշ առանցքային միջոցառումներ չեն կատարուել։
– Կրթութեան ոլորտում սոցիալական արդարութեան խնդիրները արդիական են։
– Աշխատանքային իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն։
– Խօսքի ազատութեան եւ լրատուամիջոցների ոլորտում որոշակի յետընթաց կայ։
– Հաւաքների ազատութեան նկատմամբ սահմանափակումները խնդիր են։
– Խտրականութեան դէմ պայքարը դեռեւս անկատար է։
Տասնեակ միլիոնների պիւտճէական, այդ թուում վարկային միջոցներ են ծախսուել ոստիկանական բարեփոխումների վրայ: Ինչ ունենք, արդեօք կարելի է գոհ լինել արդիւնքներից, լուսձայնային արգելուած միջոցների գործածութիւնից, ոստիկանական բռնութիւններից, կալանաւորման ֆետիշացումից, դատական համակարգի քաղաքական պատժիչ գործիքի վերածուելուց, տիմերի ու բուհերի զաւթումից, կոռուպցիայից։
Պրն Զէյնալեան, դուք մի քանի անգամ խուսափեցիք ուղիղ պատասխաններից, ասելով, թէ դրանք ձեր ներկայ մանդատի մէջ չեն մտնում, թէեւ կարող էիք պատասխանել որպէս իրաւապաշտպան: Այս նախաձեռնութիւնն ըստ էութեան արժէքաբանական է, սակայն ձեր կամ ձեր կուսակցութեան վերաբերմունքը չենք տեսել ոտնահարուող մարդու իրաւունքների բազմաթիւ դրուագներով, այդ թուում՝ Յուլիսի 12-ին Տեմիրճեան-Բաղրամեան խաչմերուկում ոստիկանական խոշտանգումների նկատմամբ:
Դժուար է որեւէ մէկին արգելել երազել կամ ձգտել մաս դառնալու Եւրոպական քաղաքակրթութեանը եւ մի արժեհամակարգի, որին մենք հայերս դերակատար ենք ու մասնակից, սակայն խնդիրն այն է, որ.
Նախ
Ա.Այս իղձը կամ կամքը պարզապէս չի կարող օրէնք լինել, այս նախադասութիւնը հակասահմանադրական է,
Բ.Պոպուլիստական յայտարարութիւն է, որը հանրութեան մէջ այս պահին ոչ իրատեսական սպասումներ է առաջացնում,
Գ.Հեռաւոր աղերս իսկ չունի այս պահին հայ ժողովրդի գլխին կանգնած անվտանգային-գոյութենական մարտահրաւէրների հետ: