Շտկելով նախորդ մեր սխալները՝ պէտք է որդեգրել պայքարի համապարփակ ծրագիր

«Այն, որ Հայաստանի Հանրապետութեան ղեկին գտնւում է հակահայ, դաւաճան իշխանութիւն, կարծում եմ, երեկուանից յետոյ արդէն բոլորի համար պիտի պարզ լինի։ Սա պիտի պարզ լինի արդէն ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք մինչեւ հիմա կասկածում էին։ Ակնյայտ է պարզապէս, որ խօսքը միայն Արցախի մասին չէ։ Այն, ինչի մասին խօսում է Նիկոլ Փաշինեանը, ակնյայտ է, որ դրանից յետոյ Հայաստանի պետականութեան գոյութիւնը լինելու է հարցականի տակ». Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Մի բան պիտի շատ յստակ լինի։ Արցախն ու Հայաստանը Նիկոլ Փաշինեանինն ու ՔՊ-ինը (Քաղաքացիական Պայմանագիր) չեն։ Այո, նորից եմ ասում, որ պայքար լինելու է։ Պիտի քննարկենք՝ որտեղ են եղել մեր բացթողումները, ինչ պիտի անէինք, որ չենք արել անցած տարի այս ժամանակահատուածում։ Շտկելով նախորդ երկու փորձերի ժամանակ մեր բացթողումները՝ ունենալ աւելի համապարփակ ծրագիր: Սա է հիմա խնդիրը: Այս պահին շատ հասկանալի պատճառներով դետալների մասին չեմ խօսելու: Այն տպաւորութիւնը, թէ այս իշխանութիւնը մարսելու է նոր կապիտուլիացիայի փաստաթուղթը, ես ձեզ վստահեցնում եմ, որ չի մարսելու: Առնուազն մենք, ինչ հնարաւոր է, անելու ենք դրա համար: Կան բազմաթիւ ազգային ուժեր, որոնք ներգրաւուելու են այդ գործընթացին: Մենք որեւէ ամբիցիա չունենք, ցանկացած արդիւնաւէտ գործընթացում պատրաստ ենք եւ՛ լինել թիւ մէկ պատասխանատուն, եւ շարքային զինուոր: Մեր գլխաւոր նպատակը մեր հայրենիքն է ու այս թրքահպատակ իշխանութեան հեռացումը: Այս իշխանութիւնների դէմ ցանկացած գործընթաց, գործողութիւն լեգիտիմ է, քանի որ իրենք լեգիտիմ չեն», նշեց նա:

ՀՅԴ-ն պատրաստ է ներգրաւուել ցանկացած արդիւնաւէտ պրոցեսի մէջ՝ թիւ մէկ պատասխանատուութիւնը ստանձնելով՝ շարքային զինուորի կարգավիճակով։ Մենք որեւէ ամբիցիա չունենք, մեր գլխաւոր խնդիրը մեր հայրենիքն է։ Այս իշխանութիւնների դէմ ցանկացած գործողութիւն լեգիտիմ է։ Իրենք չեն արտայայտում հայ ժողովրդի կամքը։ Ցանկացած գործողութիւն այս իշխանութիւններից ազատուելու լեգիտիմ է։ Դա կը լինի անհնազանդութիւն, դա կը լինի ապստամբութիւն», յաւելեց նա։

«Եթէ յիշում էք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանը վերջին օրերին հրապարակել է Արցախը եւ Հայաստանը յանձնելու ճանապարհը եւ ժամանակացոյցը: Ինձ թուում է, Մայիսի 25-ին Մոսկուայում հանդէս կը գան եռակողմ ինչ-որ յայտարարութեամբ, որից յետոյ այդ ամէն ինչը կը շարունակուի Քիշնեւում, այնուհետեւ Բրիւսելում կը փորձի պայմանաւորուել կապիտուլիացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին եւս յայտարարուել է, կը փորձեն ունենալ ամբողջական կապիտուլիացիայի պայմանագիր, այնուհետեւ այն կը վաւերացնեն: Ըստ էութեան՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամէնը 5-6 ամիս երկիրը յանձնելու գործընթացը կասեցնելու համար», շեշտեց Սաղաթէլեանը:

Անդրադառնալով ընդդիմութեան գործողութիւններին՝ նա ասաց որ չեն համակերպուելու ստեղծուած իրավիճակի հետ եւ պայքարելու են մինչեւ վերջին շունչը:

«Այն բոլոր խօսակցութիւնները, թէ ընդդիմութիւնը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպէս չի լինելու», ասաց Իշխան Սաղաթէլեանը եւ պնդեց, որ նախորդ տարուայ պայքարը յետաձգել է Փաշինեանի այսօրուայ սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում եւ Սփիւռքում համախմբելու են ժողովրդին եւ դուրս են գալու պայքարի:

Փաշինեանի խօսքերը ՀՀ պետականութեան գոյութիւնը դնում է վտանգի տակ», ասաց նա:

 

Comments are closed.