Շահումեանի արծիւը
- (0)

Ապրիլի 17-ը Արցախի Հանրապետութեան հերոս, Արցախեան ազատամարտի լեգենդար հրամանատարներից, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հաւատաւոր զինուոր՝ Շահէն Մեղրեանի յիշատակի օրն է:
Շահէն Մեղրեանը ծնուել է 1952 թ. յունւարի 2-ին Շահումեանի շրջանի Գիւլիստան գիւղում: Ընտանիքի 9-րդ երախան էր, ունէր 6 եղբայր, 4 քոյր:
Շահէն Մեղրեանի մարտական ուղին սկսուել է 1988 թ.: Այն ժամանակ Շահէնը առաջիններից էր, որ զգաց, թէ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել Շահումեանի շրջանը եւ սկսեց կազմակերպել զինուած ջոկատներ:
Շրջանի ինքնապաշտպանութեան առաջին գործողութիւնը տեղի ունեցաւ Մանաշիդ գիւղում 1990 թ. յունուարի 12-13-ին: Երբ ադրբեջանցիները փորձեցին գիւղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գիւղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տուեց այդ մարտում: Շահէնը Շահումեանի շրջանի եւ Գետաշէն-Մարտունաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցօ» գործողութիւնից յետոյ ընկաւ Գետաշէն-Մարտունաշէնը, Շահումեանի դրութիւնը կտրուկ վատացաւ: 1991 թ. յունիսին ադրբեջանցիները ռուսների օգնութեամբ գրաւեցին շրջանի 3 գիւղերը` Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ: 1991 թ. Շահէնն իր ջոկատների հետ կազմակերպեց գործողութիւն, որի արդիւնքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրուեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գիւղերը: Այդ մէկը առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախեան ազատամարտիկները կարողացան գրաւուած տարածքները ազատագրել:
1991 թ. նոյեմբերի 29-ին Շահէնի գլխաւորութեամբ մաքրուեց Թոդան ադրբեջանական գիւղը: Մինչեւ շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ: 1992 թ. յունիսի 13-ին բռնի տեղահանումից յետոյ Շահէնը կարողացաւ Հաթերք գիւղում իր շուրջը հաւաքել մի խումբ տղաներթւով 25 հոգի, եւ այդ տղաների հետ մտաւ թշնամու թիկունք: Այդպէս սկսուեց հայդուկային շարժումը ԼՂՀ հիւսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնութեամբ ազատագրուեցին Մարտակերտի մի շարք գիւղեր
Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տօնաշէնը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Այդ յաղթանակները Շահէնինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրուեց Գիւլիստանը, եւ գրաւուեցին դէպի շրջան տանող բոլոր բարձունքները:
Շահէն Մեղրեանն իր հայդուկային ջոկատով փառաւոր ուղի է անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով (1992 թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնւող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողութեան ընթացքում ոչնչացւել է 40 ադրբեջանցի թալանչի. 1992 թ. սեպտեմբերի 20-ին Գիւլիստանի գործողութիւնը. ոչնչացուել է 54 ադրբեջանցի զինեալ; 1992 թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրայ ոչնչացուել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանուել է հակառակորդի 9 զինուոր: 1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացւել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենայ եւ մի քանի տասնեակ զինծառայողներ):
Շահէնը պատրաստւում էր ՀՀ գալուց յետոյ ազատագրել հարազատ շրջանը: Բայց աւա՜ղ, 1993 թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումեանից Երեւան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփուեց «Շահումեանի արծիւ» Շահէն Մեղրեանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհուեցին՝ Շահէն Մեղրեանը, 17-ամեայ Հայկ Մեղրեանը, Արտակ Խաչատրեանը, Գրիգոր Գրիգորեանը, Պօղոս Սիմոնեանը, Ռաֆիկ Բադալեանը, Արմէն Բազեանը եւ Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադեանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորեանը եւ Իուսիֆ Միքայէլեանը: Նրանք հանգչում են կողք-կողքի անմահների զօրագնդում՝ Եռաբլուրում:
Հայդուկային պայքարը սկսել են 25 հոգով, յետոյ նրանց միանում են Շահումեանում գտնուող տարբեր ջոկատների («Արաբօ», «Տիգրան Մեծ», Պռօշեանի ջոկատ, Հոկտեմբերեանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993 թ. ստեղծուեց զօրամաս, որի հրամանատար նշանակւեց Շահէն Մեղրեանը: 1993 թ. յունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիւ 314 հրամանով զօրամասն անւանակոչւեց «Շահէն Մեղրեան» յատուկ նշանակութեան ջոկատ: