Յունիսի 20-ի ընտրութիւնները պատմական են լինելու ողջ հայութեան համար. Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ Րաֆֆի Տօնապետեանի հետ
«Դրօշակ»ի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ Րաֆֆի Տօնապետեանի հետ
‒ Ընկե՛ր Րաֆֆի, Դուք ապրում եք Գանատայում: Հեռաւորութիւնը չի խանգարում, որ հայութեան տարբեր հատուածները իրենց համարեն ազգային մէկ հաւաքականութեան մասեր և ապրեն ընդհանուր հոգսերով: Յայտնի է, որ Գանատահայութիւնը մեր ամենակազմակերպուած, աշխոյժ համայնքներից մէկնէ: Վերջին տարիներին այստեղ-այնտեղ հայութեանը պատուհասած զանազան աղէտները իրենց ազդեցութիւնն են թողնում աշխարհագրական սահմաններ չճանաչող հայաշխարհի վրայ: Այդ ամէնին աւելանալու եկաւ նաև համաշխարհային համավարակը բոլորին թելադրելով սեփական օրակարգը: Նման պայմաններում որքանո՞վ է յաջողւում բնականոն հունի մէջ պահել համայնքի կեանքը, որքանո՞վ է ազգային կառոյցներին յաջողւում արձագանքել առկա ու ծագող նորանոր մարտահրավերներին:
‒Լինելով ՀՅԴ Բիւրոյի անդամ, ինչպէս և բնակելով Քէպէգում` մօտիկից հետևել և, անշուշտ, մաշկիս վրայ զգացել եմ, թե համաճարակը ինչպէս ազդեց մեր գաղութային կեանքի վրայ, և մեր կառոյցները՝ Կենտրոնական կոմիտէն, ուղեկից կազմակերպութիւնները, կենտրոնները, եկեղեցիները, դպրոցները ինչպէս արձագանքեցին և ինչպիսի վերաբերմունք դրսևորեցին այս դժուար ժամանակահատուածում: Ասեմ, որ Գանատան այս մէկուկէս տարում անցաւ համաճարակի երեք ալիքի միջով: Առաջինը սկզբնական օրերին էր, երբ 2020-ի մարտ ամսին յայտարարուեց համաճարակի մասին: Այս շրջանը ձգուեց մինչև յունիսի սկիզբը, երբ դաշնակցային և նահանգային իշխանութիւնները փորձեցին տարբեր միջոցներով, օրէնքներով խստացնել համակարգի գործունէութիւնը: Անշուշտ, քանի որ Գանատան մեծ երկիր է, և նահանգները տնօրինում են առողջապահական ոլորտները, նրանք փորձեցին նաև տարբեր մօտեցումներ որդեգրել: Ընդհանրապէս հայ գաղութը ապրում է Մեծ Մոնթրէալում, Մոնթրէալ-Լաւալում, որոնք Քէպէգի նահանգում են, յետոյ Թորոնթօն և Հարաւային Օնթարիոն են, որոնք Օնթարիօ նահանգում են:Երրորդը Վանգուվըր քաղաքն է: Ինչպէս նշեցի, այս նահանգները նաև իրենց առանձին մօտեցումներն ունէին, որոնց պէտք է համակերպուէինք: Համաճարակի առաջին ալիքի ազդեցութիւնը բաւական մեծ էր մեր գաղութի վրայ, որովհետև մեր եկեղեցիները, դպրոցները, կենտրոնները, գրասենեակները այն հրապարակներն են, որտեղ գաղութի անդամները հաւաքւում են, իրար են տեսնում, սուրճ են խմում, միասին ճաշարան են գնում, զաւակներին դպրոց են տանում, միջոցառումների, ժողովների են մասնակցում, եկեղեցի են գնում, նշանդրեք ու պսակ են անում: Անշուշտ, այս ամենը ընդհատուեց:
Պէտք է շատ արագ կարողանայինք որպէս կազմակերպութիւն մեր առօրեայ կեանքը կազմակերպել առցանց, հեռավար ձևով, և այս ամենը յաջողութեամբ արուեց: Արդէն համաճարակի յայտարարումից մէկ ամիս անց հնարաւոր եղաւ, օրինակ, Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումը յաջողութեամբ առցանց կազմակերպել, համաճարակի հետ կապուած դրամահաւաք կազմակերպուեց, որը նոյնպէս յաջող անցաւ, մեր վարժարաններն անցան հեռավար, առցանց դասընթացների, որոնք որոշ դժուարութիւններից յետոյ նոյնպէս որոշ չափով հունի մէջ մտան: Այսպիսով` համաճարակի առաջին ալիքը, որը տևեց մինչև 2020-ի յունիսը, առիթ ստեղծեց, որ մեր կառոյցները, յանձնախմբերը, մարմինները մեր գաղութային կեանքը վերակազմակերպեն տարբեր ձևերով: Չնայած 2020-ի ամառը մի քիչ աւելի ազատ անցաւ, դժբախտաբար, դրանով ամէն ինչ չաւարտուեց: Աշնանը երկրորդ ալիքը սկսուեց, իսկ 2020 թուականի ձմռանը երկրորդին յաջորդեց համաճարակի երրորդ ալիքը: Մեր կազմակերպութիւնները, կառոյցները կարողացան աւելի մասնագիտացած ձևով մեր գաղութային կեանքն առաջ տանել, Հայ դատի աշխատանքներն առցանց իրականացնել յատկապէս 2020 թուականի յուլիսի պատերազմի ժամանակ, ապա` 44-օրեայ պատերազմի օրերին, ինչպէս նաև ոգեկոչել զանազան կարևոր թուականներ, ինչպէս, օրինակ, 1918 թ. մայիսի 28-ը, Հայաստանի անկախութեան Տօնը սեպտեմբերին: Այս ամէնը դարձաւ առցանց միջոցառումների շարք, և պէտք է ասել, որ գաղութը ակտիւօրէն մասնակցեց այդ ամէնին: Իհարկէ, ինչպէս հայութիւնը աշխարհի տարբեր ծագերում, Գանատահայ գաղութը նոյնպէս մասնակցեց հանգանակութիւնների, օրինակ` Արցախի ժողովրդի համար պատերազմի օրերին և դրանից յետոյ, Լիբանանի մեր գաղութի համար` կապուած տնտեսական տագնապի և նաւահանգստի պայթյունի հետ, մեր Սուրիոյ գաղութի ապրած տագնապի առիթով և այլն: Այս ամենը առցանց եղաւ, մեր գաղութը ակտիւօրէն մասնակցեց այդ հանգանակութիւններին, և կարող եմ ասել, որ նոյնիսկ մի քիչ աւելին արուեց, քան բնականոն կեանքի օրերին: Կարելի եղաւ բոլոր ծրագրերն իրականացնել: Մտել ենք յունիս ամիս, պատուաստումների արշաւը ընթանում է բաւականին լաւ, և յոյս ունենք, որ յուլիս-օգոստոս ամիսներին դրուած սահմանափակումները կամաց-կամաց կը վերանան: Յոյս ունենք, որ եթէ սեպտեմբերին մեր գաղութային կեանքը առաջուայ բնականոն ընթացքը չստանայ, ապա շատ մօտ կը լինի այդ վիճակին:
Այնուամենայնիւ յուսանք, որ եթէ համաճարակի նոր տարբերակներ չլինեն, որոնք կը ստիպեն իշխանութիւններին գնալ նոր խստացումների, սեպտեմբերին կեանքն իր բնականոն ընթացքին կը վերադառնայ:
‒Ընկե՛ր Րաֆֆի, ես միտումնաւոր առաջին հարցով չանդրադարձայ Հայ դատի ուղղութեամբ վերջին շրջանում տարուող աշխատանքներին` մասնաւորապէս նկատի ունենալով Արցախեան վերջին պատերազմն ու դրա հետևանքները: Տեղեակ ենք, որ տարբեր խնդիրների շուրջ Դուք ամենօրեայ գործակցութեան մէջ էք երկրի իշխանութիւնների հետ: Ի՞նչ առաջնահերթութիւններ կան այսօր այս աշխատանքների ծիրում, ի՞նչ է յաջողուել անել, և ի՞նչ անելիքներ կան մօտ ապագայում:
‒Ինչ վերաբերում է Հայ դատի աշխատանքներին, Գանատան միշտ ունեցել է Հայ դատի աշխոյժ շրջանային յանձնախումբ, որն իր մասնաճիւղերով, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների անդամների օժանդակութեամբ աշխատանքներ է տարել դաշնակցային, ինչպէս նաև նահանգային և քաղաքային մակարդակներով: Յանձնախումբը քաղաքական-յարաբերական արդիւնաւէտ աշխատանք իրականացրեց Արցախի պատերազմի օրերին և դրանից յետոյ՝ բանակցութիւնների ընդհանուր շրջածիրում: Հետևողական աշխատանքի շնորհիւ Գանատայի կառավարութեանը պարտադրուեց կասեցնել թուրքական անօդաչուների բաղադրիչների վաճառքը և ընդհանրապէս Թուրքիային ու Ադրբեջանին Գանատական զէնք-զինամթերքի մատակարարումը: Հայ դատի հանձնախումբը հետապնդեց նաև Արցախի անկախութեան ճանաչման և անվտանգութեան հարցերը, ռազմագերիների վերադարձի ապահովումը, մշակութային կենտրոնների պահպանումը, պատերազմից տուժածներին նիւթական և այլ տնտեսակի օժանդակութիւնների տրամադրման հարցերը, Հայաստանում Գանատայի դեսպանատան հաստատումը, Հայոց ցեղասպանութեան ճանաչման և հատուցման գծով քայլերի իրականացումը և շատ այլ հարցեր: Ուզում եմ նաև ընդգծել, որ համաճարակի օրերին Գանատայի մայրաքաղաք Օթթաուայում հնարաւոր եղաւ մի կալուածք ձեռք բերել, որն ապագայում պէտք է դառնայ Հայ դատի Գանատայի շրջանային հիմնական գրասենեակը:
Այս մէկը Գանատայի շրջանի տարիների ծրագիրն էր, և պատեհ առիթն օգտագործուեց, որպէսզի կալուածքը ձեռք բերուի, և Հայ դատի յանձնախումբը մայրաքաղաք Օթթաուայում ունենայ իր մշտական հասցէն: Վերջապէս նշեմ, որ Հայ դատի յանձնախումբն ունի իր լիաժամ աշխատող գործավարը, որն ամէն օր հետապնդում է Հայ դատի այս աշխատանքները` գործակցելով Հայ դատի շրջանային և տեղական յանձնախմբերի հետ:
‒Մօտիկից հետևելով` Դուք իրազեկ եք նաև Հարաւային Ամերիկայի և Ավստրալիայի գաղութների կեանքին: Հակիրճ ներկայացրէք, խնդրում եմ, նաև այս համայնքների առջև ծառացած խնդիրները և յատկապէս Հայ դատի, Արցախի ու Հայաստանի դիմագրաւած դժուարին փորձութիւնների ուղղութեամբ իրականացուող աշխատանքները:
‒Այո՛, գործի բերումով մօտիկից հետևելով Հարաւային Ամերիկայի և Ավստրալիայի մեր կազմակերպական օղակների առօրեային` կարող եմ հաստատել, որ համաճարակի առումով այս երկրներում ևս կացութիւնը շատ տարբեր չէր, ինչպէս որ էր Գանատայում: Անշուշտ, մօտեցումները և համաճարակի թողած ազդեցութիւնները կամ վէրքերը տարբեր են: Ավստրալիայի իշխանութիւնները առաջին օրերից շատ աւելի խստապահանջ ձևով մօտեցան կացութեանը,և արդէն ամիսներ ի վեր կացութիւնը այնտեղ բարելաւուած է, և ժողովուրդն ազատ է` դուրս գալու, հանդիպելու, ժողովներ գումարելու: Այդ իմաստով Ավստրալիան որոշ չափով վերադարձել է բնականոն կեանքին: Դժբախտաբար, Հարաւային Ամերիկայում պարագան նոյնը չէ. վիճակն այնտեղ մնում է մտահոգիչ, զարգացումները վատ են: Նշեմ, որ երբ խօսում ենք Հարաւային Ամերիկայի մասին, գաղութային առումով նկատի ունենք առաջին հերթին Արգենտինան, Ուրուգուայը, Պրազիլը: Համաճարակի առումով այնտեղ խնդիրը լուրջ է: Սակայն երկու դէպքում էլ, ինչպէս Գանատայի պարագայում, մեր օղակները, մեր պատասխանատու մարմինները կարողացան աշխատանքները շարունակել առցանց, հեռավար կարգով` կազմակերպելով գաղութային զանազան միջոցառումներ՝ տօներ ու ոգեկոչումներ, հանգանակութիւններ, շարունակեցին Հայ դատի աշխատանքները: Յատկապէս 44-օրեայ պատերազմի ընթացքում թէ՛ Ավստրալիայում և թէ՛ Հարաւային Ամերիկայում լուրջ աշխատանքներ կազմակերպուեցին ի նպաստ Արցախի ժողովրդի իրաւունքների, Արցախի անկախութեան ճանաչման: Աշխատանք, որպէսզի դատապարտուէին Ադրբեջանն ու Թուրքիան իրենց որդեգրած քաղաքականութեան և սանձազերծած պատերազմի համար: Աշխատանք է տարւում ռազմագերիների ազատ արձակման, ինչպէս նաև Հայոց ցեղասպանութեան ճանաչման և հատուցման ուղղութեամբ: Հայ դատի աշխատանքները տարւում են առցանց, սակայն լաւ արդիւնքներ են գրանցւում: Այս երկու շրջանների աշխատանքը ամբողջացնում է Հայ դատի գծով համահայկական առումով տարած աշխատանքը:
‒Այս ոչ դիւրին ժամանակներում Հայաստանի իշխանութիւնների կողմից մեզ պարտադրուեցին ընտրութիւններ, որոնց չմասնակցելը կը նշանակէր վերարտադրուելու կանաչ ճանապարհ թողնել իշխանութիւնների առջև: Դաշնակցութիւնը նորանկախ Հայաստանում առաջին անգամ ընտրութիւնների պէտք է մասնակցի դաշինքային ձևաչափով: Ի՞նչ կարծիքի էք այս իրողութեան մասին, ի՞նչ անելիքներ ու ակնկալիքներ պէտք է ունենանք:
‒Ասել, թէ ընտրութիւնները կարևոր են, հաւանաբար կարգախօսային կը հնչի, սակայն այս պարագայում պէտք է նշել, որ յունիսի 20-ին կայանալիք ընտրութիւնները պատմական ընտրութիւններ են լինելու Հայաստանի ու Արցախի և, կարելի է ասել, ողջ հայութեան համար: Մենք` որպէս ազգ, հարիւր տարի է` այսպիսի խաչմերուկի, այսպիսի խնդիրների առջև չէինք յայտնուել, երբ յստակ ընտրանք գոյութիւն ունի: Իրաւունք չունենք արտօնելու, որ այս իշխանութիւններն իրենք իրենց վերարտադրեն և շարունակեն նոյն այդ պարտուողական քաղաքականութիւնը, ուր որ ենք այսօր որպէս 44-օրեայ պատերազմի հետևանք:Նկատի ունեմ նաև վերջին շաբաթների անցուդարձը` կապուած ադրբեջանական ներթափանցման հետ Սիւնիք և Գեղարքունիք: Ես կարծում եմ, որ Հայաստանի մեր շրջանը իր Գերագոյն ժողուում ընտրեց շիտակ ճանապարհ`այժմ արդէն դաշինքով ներկայանալով ընտրութիւններին: Կարծում եմ, որ, դաշինք կազմելով, ժողովրդին ներկայացուեց յստակ այլընտրանք, և յուսամ, որ այդ այլընտրանքը գրաւիչ կը դառնայ մեր ժողովրդի համար և կը շահի ընտրողների մեծամասնութեան համակրանքը: Լուրջ ծրագրեր կան մեր առջև, որոնց ցանկանում եմ շատ հակիրճ անդրադառնալ: Գալիք իշխանութիւնները նախ և առաջ պէտք է կարողանան ապահովել 44-օրեայ պատերազմի հետևանքների յաղթահարումը և խաղաղութիւնը, որը պիտի դարձնել արժանապատիւ խաղաղութիւն: Դրան պիտի յաջորդի կայունացման աշխատանքը, այսինքն` պետութիւնը պէտք է կայունացնել և անվտանգութիւնն ապահովել, որպէսզի ժողովուրդն իրեն ապահով զգայ: Վերջապէս համահայկական ներուժի մեկտեղումով պէտք է կարողանալ ապահովել Հայաստանի ապագան, որպէսզի Հայաստանը զարգանայ, զարգանայ առանց զիջելու, ունենայ հզօր տնտեսութիւն, ունենայ հզօր բանակ:
Հայաստանը պէտք է լինի արդար երկիր, որտեղ ժողովուրդը կը կարողանայ աշխատել և ազատ ապրել, կ’ապահովի յաջորդ սերունդների գոյութիւնը, կը կասեցուի արտագաղթը: Սրանք են հիմնական կարևոր հարցերը, որոնք յաջորդ իշխանութեան օրակարգում պէտք է լինեն, և կարծում եմ`«Հայաստան» դաշինքն իր ղեկավարութեամբ, իր դէմքերով, իր փորձառութեամբ կը կարողանայ բոլոր խնդիրները յաղթահարել և ժողովրդին առաջնորդել դէպի փայլուն ապագայ:
‒Առհասարակ ի՞նչ անելիքներ էք տեսնում հայութեան համար ներկայ փորձութիւններին հանդիման:
‒Համահայկական առումով այսօրուայ մեր առաջնահերթ հարցը մնում է Արցախի հարցը: Արցախի հարցով անելիքները շատ են, պատերազմից յետոյ հարցերն աւելի բարդ են: Անհրաժեշտ է նախևառաջ ապահովել Արցախի ժողովրդի ֆիզիկական և տնտեսական անվտանգութիւնը: Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգութեան իրաւունքը պէտք է պաշտպանել ամէնուրեք. լինի Հայաստանում, թէ Սփիւռքում, մեր հիմնական աշխատանքը սա պէտք է լինի: Հայ դատի գծով պէտք է շարունակուի Հայոց ցեղասպանութեան ճանաչման և հատուցման խնդիրների հետապնդումը, որպէսզի մեր դատը ի վերջոյ իր լուծումին հասնի, այլևս նման եղեռն չկրկնուի ոչ միայն հայ ժողովրդի հանդէպ, այլև ընդհանրապէս: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, իսկապէս, տնտեսական հզօրացումը և ընկերային արդարութիւնը այն երկու կարևոր հարցերն են, որոնց ապահովմամբ արտագաղթը կը կասեցուի, հայը իրեն ապահով կը զգայ իր երկրում և այնտեղ ապագայ կը տեսնի, իր զաւակներին Սփիւռք չի ուղարկի, ընդհակառակը՝ մեծ թիւով հայեր կը վերադառնան և աւելի շատ կը զարգացնեն տնտեսութիւնը, մշակոյթը` այդպիսով ապահովելով երկրի անվտանգութիւնը: Մեր անելիքները շատ են, սակայն չպէտք է յուսահատենք, պէտք է յոյսը վերադարձնենք մեր ժողովրդին թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում և թե՛այլուր, որպէսզի բոլորս միասին ոտքի կանգնենք և գնանք դէպի փայլուն ապագայ: