Միջազգային դիտորդները չպէտք է լոկ դակիչ լինեն Փաշինեանի քաղաքացիական պայմանագրի համար․ «Հայաստան» դաշինք

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների մոնիտորինգի արդիւնքներով միջազգային դիտորդական առաքելութիւնը յունիսի 21-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իր նախնական յետընտրական յայտարարութիւնը: Դիտորդները նշել են, որ ընտրութիւնները հիմնականում պատշաճ են անցկացուել, սակայն որոշ էական մտահոգութիւններ, այնուամենայնիւ, առկայ են:

Այսօր «Հայաստան» դաշինքը յայտարարեց, որ հրաժարւում է ընդունել ընտրութիւնների արդիւնքները, որոնք նախատեսւում է բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում: Դաշինքը նաև ջանք կը գործադրի ընտրութիւնների միւս մասնակիցներին մոբիլիզացնելու ուղղութեամբ` ինչպէս ընտրութիւնների արդիւնքները բողոքարկելու, այնպէս էլ ընտրական գործողութիւնների տարբեր դրուագներ վիճարկելու նպատակով:

«Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգութիւններ է ներկայացրել միջազգային հանրութեանը նախընտրական արշաւի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերեալ: Դաշինքը նաև համոզիչ ապացոյցներ տրամադրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելութեանը և Հայաստանում գործող այլ օտարերկրեայ առաքելութիւնների: Խախտումները ներառում էին պաշտօնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելութեան խօսքի տարածում, քրէական արդարադատութեան չարաշահումներ և այլն: 2021 թուականի խորհրդարանական ընտրութիւնները հակասում են 1990 թուականի Քոբէնհակընի փաստաթղթով ամրագրուած սկզբունքներին, ինչպէս նաև այլ միջազգային պարտաւորութիւններին։

Հարկ է արձանագրել, սակայն, որ մտահոգութիւնները մնացին ընտրութիւնների միջազգային դիտորդական առաքելութիւնների կողմից անպատասխան։ Ակնյայտ է, որ միջազգային դիտորդներին չի յաջողուել պահպանել անկողմնակալութեան և անկախութեան նուազագոյն պահանջները։ Միջազգային դիտորդները չպէտք է լոկ դակիչ լինեն Փաշինեանի քաղաքացիական պայմանագրի համար:

Այս ընտրութիւնների արդիւնքները, ըստ էութեան, փաստում են, որ հասարակութեան հաւատը ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլուել է խոշոր հակասութիւնների պատճառով, որոնք աւելի են ընդգծում հրատապ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը: Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգուած են ընտրութիւնների լեգիտիմութեամբ և դրանց արդիւնքների ճշգրտութեամբ։

Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակութեան վստահութիւնը կարևոր նշանակութիւն ունի ընտրութիւններին մասնակցութեան և դրա արդիւնքների ընդունման ապահովման տեսանկիւնից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրութիւնները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Արցախի 2020 թուականի պատերազմը, յատկապէս երբ գրանցւում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ:

«Հայաստան» դաշինք

https://www.arfd.am/news/42435/

Leave a Comment

You must be logged in to post a comment.