«Մեր Թշնամիները Հայաստանի Եւ Արցախի Սահմաններից Դուրս Են». Յակոբ Տէր Խաչատուրեան
Ստորեւ ՀՅ Դաշնակցության Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի խօսքը ՀՅԴ 130-ամեակին նուիրուած հանդիսութեան, Շուշի
Գերաշնորհ եւ սիրելի Սրբազան հայր, յարգարժան հիւրեր, հայրենակիցներ, ընկերներ
Հայ յեղափոխական դաշնակցութեան 130-ամեակին նուիրուած տօնակատարութիւնների մեկնարկը սկսում ենք ազատագրուած Արցախից: Առհասարակ, ՀՅԴ 130-ամեակը նշելը ոչ միայն տօնակատարութիւն է, այլ նաեւ հաշուետուութեան առիթ` ժողովրդի առջեւ: Դաշնակցութիւնը յոյսի ու նուիրումի կազմակերպութիւն է` հայոց ազատատենչ ու առնական ոգին մարմնացնող, հայ ժողովրդի տեսլականը քայլ առ քայլ իրականացնող, հայոց պետականութեան հիմքերն ամրապնդող, Արցախի հիմնահարցն անխոնջ հետապնդող, ինչպէս նաեւ` Ջաւախքի ու Արեւմտեան Հայաստանի հայութեան իրաւունքները շեշտադրող: Մի խօսքով, հայ ժողովրդի վառ ապագայի յոյսը հունաւորողն է մեծ ու աննահանջ մարտնչող այս կառոյցը:
Պետականութեան առկայութեան ու բացակայութեան հանգրուաններում` իր 130-ամեայ պատմութեան ընթացքում ՀՅԴ-ն լծուած է հայ ժողովրդին ծառայելու գործին` միշտ կարեւորելով գործը ռոստոմեան վճռակամութեամբ, միշտ անսալով քրիստափորեան յարատեւ կռուի պատգամին եւ միշտ կառչելով զաւարեանական բարոյական հանգանակին, ու ամուր գաղափարական միատեսակութեան կողքին` նաեւ վարչական ապակենտրոնացման նրա համոզմունքին: Սկզբունքներ, որոնք այսօր էլ թարմ ու այժմէական են:
Հայաստանի վերանկախացումից ու Արցախի ազատագրումից յետոյ բազմապատկուել են մեր գործունէութեան դաշտն ու ծրագրերը: Իր աշխարհասփիւռ համահայկական կառոյցով ՀՅԴ-ն պարտաւոր է աջակցել իր հայրենիքի ու հայութեան բազմաթիւ կարիքների լուծմանը: Բայց որպէս պատասխանատու եւ լուրջ կազմակերպութիւն` այն շարունակաբար ճշտում եւ այժմէականացնում է իր առաջնահերթութիւնները, որոնցից իւրաքանչիւր տարուայ համար ընտրւում են էականները: Դրանց իրագործման համար տրամադրւում են մեր կազմակերպութեան տրամադրութեան տակ գտնուող նիւթական աղբիւրներն ու մարդկային ներուժը: Այդ տարեկան առաջնահերթութիւններն անպայմանօրէն եւ առնուազն պէտք է ներառեն Հայաստանը, Արցախը, սփիւռքը եւ Հայ դատը: Մնացեալները ճշտւում են ըստ ծրագրերի եւ ժողովների որոշումների: Հայաստանի պարագայում` բնական է, որ համահայկական մեր յստակ նպատակը ինչպէս անցեալում, նաեւ այսօր պետականութեան հիմքերի ամրապնդումն է` օժանդակելով կաշառակերութեան դէմ պայքարին, մտածուած ու ոչ կործանարար փոփոխութիւններին, որպէսզի անցնցում մնայ մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը ազատ, անվտանգ ու իրեն յատուկ ստեղծարար ոգով անխափան ծաղկեցնի հայրենիքը:
Այդ հայրենիքը, մեր պատկերացմամբ, պէտք է ունենայ իսկական ժողովրդավարական դիմագիծ, իշխանութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական ճիւղերի լրիւ տարանջատում ու փոխադարձ հակակշռում, ազգային գաղափարախօսական պինդ յենարան, կարծիքների այլազանութեան քաջալերում եւ առողջ կառուցողական բանավէճի հնարաւորութիւն, համերաշխութիւն` նաեւ առանց բաժանարար կեղծ գծերի պարտադրանքի, ընկերային արդարութիւն եւ տնտեսական հնարաւորութեան ընձեռում ժողովրդի բոլոր շերտերին:
Բարկացկոտ ու յեղափոխութեան պիտակի տակ ներքին պառակտումների տանող քաղաքականութիւնը պէտք է փոխարինուի հայրենի ժողովրդի եւ համազգային մակարդակով միասնականութիւն ստեղծելու միտումով, որպէսզի համախմբուած ճիգերով դիմագրաւենք Հայաստանի Հանրապետութեան ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին: Բնականաբար մեր կազմակերպութիւնը հայրենիքում լծուած է նաեւ առօրեայ քաղաքական աշխատանքին, եւ որպէս արտախորհրդարանական ուժ` իր աշխատանքները ծաւալում է մասնագիտական ոլորտային յանձնախմբերի ձեւաչափով, որպէսզի կառավարական տարբեր ծրագրերի այլընտրանքներ ներկայացնի: Ինչպէս անցեալում, այսօր եւս ճշդին ասելու ենք ճիշդ, իսկ սխալի պարագայում` ոչ միայն սխալ, այլ նաեւ ներկայացնելու ենք այլընտրանքներ` որպէս նոր հունաւորուող ուղիներ մեր անելիքների եւ գաղափարների մասին: ՀՅԴ-ի համար Հայաստանում երիտասարդութեան ներգրաւումը, մտաւորականութեան համախմբումը, ժողովրդի մէջ համերաշխութեան ու իսկական հանդուրժողականութեան ստեղծումն առաջնահերթութիւններ են, որովհետեւ Հայաստանի մէջ մենք թշնամի չունենք: Մեր թշնամիները Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս են: Դրա համար անհրաժեշտ է, որ այս հանգրուանում, երբ այդքան նօսրացած են նիւթական միջոցներն ու մարդկային ներուժը` համախմբուել, որպէսզի կարողանանք ազգովի բռնցքուել:
Շուտով մենք նշելու ենք նաեւ մեր հիմնադիրներից` Քրիստափոր Միքայէլեանի մահուան 115-րդ տարելիցը: Ինչպէս շատերդ տեղեակ էք, նա հանգչում է Պուլկարիայում, որտեղ եւ նահատակուեց իր գործի ճամփին: Մենք պատրաստւում ենք համահայկական միջոցառմամբ նշել` այցելելով նրա շիրիմին: Այդ շրջանակում Պուլկարիայում նաեւ տեղի կ՛ունենայ միջազգային գիտաժողով: Արցախի պարագայում` մեզ համար հոգեկան մեծ հրճուանք է գտնուել այս մայր հողի վրայ, որովհետեւ Արցախը մեր հարազատ տունն է ` անկախ նրանից, թէ որտեղ ենք բնակւում, անկախ նրանից, թէ մեզնից իւրաքանչիւրը որտեղ է գործում: Ուրախ եմ ասելու, որ Արցախի պարագայում մենք իշխանութեան հետ ունենք ամբողջական գործակցութիւն տասնամեակից աւելի, ներկայ իշխանութեան տարբեր օղակների հետ բեղուն գործունէութիւն ենք ծաւալել` ի շահ մեր ժողովրդի եւ ի սպաս Արցախի դատի: Բնական է, որ այդ առումով անելիքների հիմնական կողմը մեր կենտրոնացումն է Արցախի անվտանգութեան ապահովման, ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման ու տնտեսական զարգացման խնդիրների վրայ: Վկայ` անցած տարուայ հոկտեմբերին Արցախի բարեկամների խորհրդաժողովը, որը համախմբեց աւելի քան 150 օտարազգի քաղաքական, մտաւորական գործիչների ու լրագրողների, որոնք եկան Ստեփանակերտ` հակառակ Ազրպէյճանի ամէն տեսակ սպառնալիքների: Խորհրդաժողովին յայտարարուեց Արցախի օտարազգի բարեկամների նոր ցանցի ստեղծման մասին: Այդ ցանցն օրէցօր աճում է, եւ արդէն համախմբում է շուրջ 200 մարդու:
Արցախի համար մենք շարունակական նախաձեռնութիւններ ունենք: Բնականաբար յառաջիկայ ամսուայ ընթացքում հիմնական աշխատանքը կապուած է Արցախի ընտրութիւնների հետ: ՀՅԴ-ն յայտարարել է, որ մասնակցելու է իր թեկնածուով` յանձինս ընկեր Դաւիթ Իշխանեանի, նաեւ շեշտել է այդ ընտրութիւնների ամբողջովին արդար, թափանցիկ եւ անցնում անցկացնելու անհրաժեշտութիւնը: Որպէս համահայկական կազմակերպութիւն` մենք պէտք է լինենք այդ նպատակակէտերի իրագործման համար երաշխիքներ տրամադրող: Սփիւռքի պարագայում` լաւ գիտէք, որ ՀՅԴ-ն ունի պետականակերպ դերակատարութիւն ներհամայնքային կեանքում: Իր ուղեկից կազմակերպութիւններով այն մեր համայնքներին մատուցում է բազմատեսակ ծառայութիւններ` մանաւանդ շեշտադրելով հայապահպանման, իսկ վերջին տարիներին` նաեւ հայակերտման անհրաժեշտութիւնը:
Հայակերտում ասելով` մենք հասկանում ենք, հայութեան պահպանումից բացի, սփիւռքի` ձուլման վտանգի ենթադրուած տարբեր բաղադրիչ մասերի վերադարձը հայութեանը: Խնդիրը ներառում է եւ տարբեր երկրներում ձուլման վտանգուած համայնքների եւ Արեւմտահայաստանի թաքուն հայերի հարցերը: Հոյակապ գաղափար, որի իրագործմանը լծուած է ՀՅԴ-ն: Մենք նաեւ յայտարարել ենք, որ յանձնառու սփիւռքը հզօր հայրենիքի գրաւականն է: Ամուր հաւատում ենք այդ տեսլականին, նաեւ պնդում, որ սփիւռքում ապրող իւրաքանչիւր յանձնառու հայ իր ուշադրութիւնն ու կիզակէտը դարձնի հայրենիքին` Հայաստանին ու Արցախին: Բնականաբար այնտեղ նոյնպէս անհրաժեշտութիւն է զգացւում շարունակական այժմէականացման եւ թարմացման: Այդ ուղղութեամբ ՀՅԴ-ն այլ համահայկական կառոյցների հետ պիտի ձեռնարկի սփիւռքահայութեան խորհրդաժողով` հաւանաբար յառաջիկայ ամրանը: Ինչ վերաբերում է Հայ դատին, ապա մեր խորհրդաժողովի այս երկու օրերի ընթացքում այդ բաւականին խօսուել է: Պէտք է նշեմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել 4 ուղղութիւններով.
1.- Նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետութեանը եւ Արցախի Հանրապետութեանը` որպէս հիմնական առաքելութիւն:
2.- Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան խնդիր:
3.- Հայապատկան հողերի վրայ ապրող հայութեանը, այդ թւում` նաեւ Ջաւախքի մեր քոյրերին ու եղբայրներին օժանդակութիւն, որպէսզի յարգուեն ու զարգանան նրանց անհատական ու հաւաքական իրաւունքները:
4.- Հայ դատի պայքարին մեր ժողովրդի, մանաւանդ երիտասարդութեան ներգրաւման աստիճանի բարձրացում:
Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ն ունի հարուստ աւանդոյթներ, որոնց էական մասը մնում է անփոփոխ, իսկ ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը միշտ յարմարեցւում են ժամանակների պահանջներին: Դա է մեր գոյատեւման ու երկարակեցութեան գաղտնիքը: ՀՅԴ-ն նպատակասլաց կազմակերպութիւն է, որն իր առաքելութիւնն իրագործում է հաւաքական ղեկավարութեամբ եւ գաղափարական ամուր հենքով: ՀՅԴ-ն քաջ գիտակցում է, որ երբ տիրական անձն է կենտրոնացած ձեւով ուժի կուտակում ապահովողն ու քաղաքականութիւն թելադրողը, տուժում է ամբողջ կառոյցը: Ուստի, ժամանակի ընթացքում անձի հետ կը վերանայ նաեւ իր ղեկավարած կառոյցը: Իսկ երբ հաւաքական է ղեկավարութիւնը, համոզիչ եւ նոյնիսկ վարակիչ է գաղափարախօսութիւնը եւ, միաժամանակ, երկաթեայ կարգապահութիւն ունեն նրա շարքերը, ապա այդ կազմակերպութիւնը կը մնայ ամուր` պարբերաբար վերանորոգուող ու նոր սերունդներ ներգրաւող: ՀՅԴ-ն առաջնորդւում է այս վերջին տարբերակով: Այս է պարզ ու ջինջ իրողութիւնը, որքան էլ լուրջ, թէ կեղծ վերլուծաբաններ փորձեն տարբեր ժամանակաշրջաններում անհիմն ու շինծու որակումներ տալ: Մենք աներեր քայլելու ենք այն ճանապարհով, որ գծել է մեր ծրագիրը` յստակ առաջադրանքներով, մեր Ընդհանուր ժողովները` արտացոլելով համաշխարհային կառոյցների լիազօր պատգամաւորների հաւաքական կամքը, եւ մեր գործադիր մարմինների որոշումները` միշտ շօշափելով մեր շարքերի բազկերակը եւ որոնելով արդիական մօտեցումներ հին ու նոր մարտահրաւէրների դիմագրաւման համար: Մենք անվարան սպասարկելու ենք մեր հայրենիքի` Հայաստանի ու Արցախի եւ ազգի շահերը` աներեր հաւատով, բարձր բարոյականութեամբ ու ամբողջական նուիրումով: