Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել յուսահատութիւնը. Լիլիթ Գալստեան
- (0)

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանի արտասանած խօսքը Լոս Անճելըսի մէջ ՀՅ Դաշնակցութեան 135ամեակի նշումի ձեռնարկին
Գերաշնորհ սրբազան հայր, Սիրելի հայրենակիցներ, ընկերներ,
Այս օրերին Դաշնակցութեան աշխարհասփիւռ ընտանիքը նշում է հայ իրականութեան ամենաերկարակեաց կուսակցութեան 135ամեակը. հայրենիքին, հայոց պետականութեանն ու հայ մարդուն երեք դարերի վրայ ձգուող, անսակարկ նուիրումի մի ճանապարհ:
ՀՅԴ 135ամեակը նշում ենք պատմական մի շրջափուլում, երբ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումները հաւասարակշիռ եւ լայնախոհ որոշումներ են պահանջում:
Ինձ համար ծանր է Հայաստանից դուրս խօսել այն իրականութիւնից եւ սպառնալիքներից, որոնց առջեւ կանգնած ենք այսօր՝ յաղթանակների ու զոհաբերութիւնների հարիւրաւոր էջերից յետոյ. հայրենազրկուած արցախահայութիւն, տարածքային կորուստներ, պատերազմի սպառնալիք, անորոշ ապագայ, պառակտուած հասարակութիւն…
Մեծ խոստումներով իշխանութեան եկած վարչախումբը թողել է համատարած ձախողումների աղէտալի մի յետագիծ, ուր հաւասարակշռուած արտաքին յարաբերութիւնները փոխարինուել են արկածախնդրութեամբ, 8 միլիարդով աւելացել է արտաքին պարտքը, կազմաքանդուած եւ բարոյալքուած է բանակը, ուր ամէն օր ոտնահարւում է երկրի սահմանադրական կարգը: Խորացող բռնապետութիւն, որի յենարանը ոստիկանապետութիւնն ու գրպանային արդարադատութիւնն են:
Այսպիսին է իրական Հայաստանը, ուր հատուած են բոլոր կարմիր գծերն ու գնալով խորանում է արժէքային ճգնաժամը:
Նաեւ միջազգային մի շարք ինդեքսներն (ցուցանիշներու ցանկերը) են փաստում, որ 2021ից ի վեր Հայաստանում դրական տեղաշարժ չկայ հանրային կառավարման, ժողովրդավարութեան, ազատութիւնների, սոցիալ (ընկերային)-տնտեսական զարգացման ուղղութիւններով:
Ցաւօք, վերջին շրջանում մեր անկման տարեգրութեան մէջ աւելացաւ ամօթի եւս մի էջ. Հայ առաքելական սուրբ եկեղեցու դէմ իշխանութիւնների սանձազերծած՝ ապազգային եւ հակապետական ասպատակութիւնը: Սա ակնյայտօրէն թշնամական պատուէր է, ակնյայտ նպատակադրումով՝ քայքայել համահայկական ամենաբարձր հեղինակութիւն ունեցող ազգային կառոյցն ու ջլատել մեր միասնութիւնը: Սա նաեւ Հայաստանի թուրքացման ծրագրի օղակներից մէկն է, որի թիրախում են նաեւ հայրենիքից Սփիւռքի օտարումը, մեր հաւաքական իղձերից հրաժարումն ու առհասարակ հայ ինքնութեան աղճատումը:
Այսօր Հայաստանի առջեւ ծառացած ամենակենսական խնդիրը շարունակում է մնալ անվտանգայինը:
Իբրեւ խաղաղութիւն մատուցուող վաշինգտոնեան փաստաթղթերն իրականում վարչախմբի քաղաքական եւ դիւանագիտական պարտութիւնների արտացոլանքն են: Վերջերս ստորագրուած TRIPP յայտարարութիւնն ըստ էութեան տարածաշրջանում ամերիկան աշխարհաքաղաքական եւ տնտեսական դիրքաւորման մասին է, եւ չի պարունակում իրաւական եւ անվտանգային երաշխիքներ:
Արդէն չհերքուող՝ Մեղրիի միջանցքով Հայաստանը կորցնում է Սիւնիքի հարաւային դարպասների նկատմամբ վերահսկողութիւնն ու առհասարակ խոցելի դարձնում ինքնիշխանութիւնը:
Աներկբայ է, որ այս գործարքի ամենամեծ քաղաքական շահառուն թուրքական աշխարհն է: Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, երկրի ներքին եւ արտաքին օրակարգերը ճշդւում են Բաքւում եւ Անկարայում, իսկ սեփական աթոռը պահելու համար վարչախումբը պատրաստ է ցանկացած զիջումի:
Իսկ Ադրբեջանը, շարունակում է օկուպացուած (գրաւուած) պահել 210 քառ.կմ. տարածք, չի դադարեցնում «արեւմտեան Ադրբեջան» զաւթողական թէզը, միաժամանակ Հայաստանին նոր սահմանադրութիւն, նոր զինանշան եւ նոր արժէքային համակարգ է պարտադրում:
Սա ոչ թէ խաղաղութիւն է, այլ՝ սողացող կապիտուլեացիա (անձնատրութիւնն):
Սիրելի հայրենակիցներ,
Այս կործանարար ընթացքը կասեցնելու մի շարք ընդդիմադիր շարժումներ են հունաւորուել, որոնք, աւաղ, ցանկալի արդիւնքներ չեն արձանագրել:
Չյաջողելու պատճառներից յատկապէս կ՛առանձնացնէի յետ-պատերազմեան յուսալքութիւնը, նոր պատերազմի սպառնալիքը, ուժային կենտրոնների անվերապահ աջակցութիւնը գործող իշխանութիւններին, տարածաշրջանում ռազմաքաղաքական հաւասարակշռութեան խախտումը, բռնաճնշումները եւ այլն:
Որպէս քաղաքական հնաբնակ ես ընդունում եմ պատասխանատուութեան իմ/մեր բաժինը. մեզ չյաջողուեց փոխել այն իրականութիւնը, որը նիկոլիզմ կոչուող ազգակործան արժեհամակարգ ծնեց: Եւ սա փաստ է…, որից պէտք է դասեր քաղել եւ նոր մարտավարութիւն ճշդել, բայց ոչ դառնանալ:
Այո, դժուար է առերեսուել այս իրականութեանն ու չյուսահատուել: Բայց յուսահատուելու իրաւունք չունենք, որովհետեւ յուսահատութիւնը համազօր է քաղաքական կատարեալ անկման, մեր նուիրական իղձերից հրաժարումի: Սա հակառակորդի օրակարգն է:
Սիրելի հայրենակիցներ,
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 135ամեակի այս հանդիսութիւնը համախմբել է մեզ՝ ոչ միայն ախտորոշելու իրականութիւնը, այլեւ խօսելու ապագայից եւ այս անկումը յաղթահարելու հնարաւորութիւններից:
«Ո՞րն է ԵԼՔԸ, ի՞նչ ԱՆԵԼ եւ ԻՆՉՊԷ՞Ս», սա է օրակարգը, որը բացառապէս մտահոգում է բոլորիս:
Բայց նախ՝ պարտաւոր ենք հասկանալ եւ գնահատել այն սողացող սպառնալիքը, որ պարտադրւում է Հայաստանին ու համայն հայութեանը:
Նոր աշխարհակարգի ձեւաւորման ներկայ հանգրուանը մեզանից պահանջում է ռազմավարութիւնների եւ մարտավարութիւնների վերաիմաստաւորում:
Այսօր կենսական անհրաժեշտութիւն է համահայկական գաղափարական-ծրագրային օրակարգերի որդեգրումն ու դրանց իրագործմանն ուղղուած ռեսուրսների (միջոցներու) ձեւաւորումը:
Ներկայացնեմ օրակարգային մի շարք հարցերի շուրջ Դաշնակցութեան պատկերացումները.
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԿԵԱՆՔ
Սրանք են այն առաջնահերթութիւնները, որոնց շուրջ պիտի ձեւաւորուի համահայկական գաղափարական օրակարգն ու ծրագիրը:
Համահայկական, որովհետեւ մարտահրաւէրները վաղուց ներհայաստանեան չեն, այլ՝ համահայկական են:
ԱՆՎՏԱՆԳ ԵՒ ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Անվտանգ Հայաստանը երկարաժամկէտ խաղաղութիւնն է՝ կառուցուած հաւասարակշռուած արտաքին յարաբերութիւնների, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների հետ փոխշահաւէտ յարաբերութիւնների, Հայաստանի ինքնիշխանութեան վերականգնման, բանակաշինութեան եւ ռազմարդիւնաբերութեան կայուն եւ արդիւնաւէտ դոկտրինի (սկզբունքի կամ վարդապետութեան) վրայ:
Խաղաղութիւն, որը չպիտի ուրանայ արցախահայութեան վերադարձի իրաւունքը, լուծի բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը, ներառի անվտագային երաշխիքներ, բացառի հայկական կողմի կենսական զիջումները, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտութիւնը Հայաստանի ներքին գործերին:
Պատերազմի այլընտրանքը կապիտուլեացիան չէ:
Մենք մերժում ենք «արցախի էջը փակուած է» իշխանութիւնների անբարոյ խօսոյթը եւ հետապնդելու ենք արցախահայերի հաւաքական եւ երաշխաւորուած հայրենադարձութեան իրաւունքը:
ՀԱՄԵՐԱՇԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Մենք մերժում ենք ներազգային բաժանարարները, որովհետեւ միայն համերաշխութեամբ, Հայաստան-Սփիւռք միասնութեամբ եւ ազգային ներուժի առաւելագոյն ներգրաւմամբ է հնարաւոր բեկում մտցնել երկրի կեանքում: Որեւէ քաղաքական ուժ կամ արտաքին թշնամի չի կարողանայ կոտրել մեր մէջքը, եթէ միակամ ենք եւ մեզ միացնում է ուժեղ պետութիւն կառուցելու տեսլականը:
ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ մարդակենտրոն պետութիւնն է, ուր յաղթահարուած է աղքատութիւնն ու բոլոր խմբերի համար ընձեռնուած է սոցիալական արդարութեան եւ հաւասար հնարաւորութիւնների համակարգ:
ԻՐԱՒԱԿԱՆՆ այն ՀԱՅԱՍՏԱՆ է, ուր վերականգնուած է սահմանադրական կարգը, պաշտպանուած են Մարդու իրաւունքները եւ դրանք հիմնուած է ոչ թէ անհատական կամ քաղաքական շահերի, այլ՝ օրէնքների գերակայութեան, արդարութեան, հաւասարութեան եւ կայունութեան սկզբունքների վրայ:
ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Զարգացող Հայաստանը մրցունակ եւ ժամանակակից պետութիւն է, որի տնտեսութիւնը ծառայում է հայ մարդու եւ հասարակութեան բարեկեցութեանը, որը գրաւիչ է ու հպարտութեան աղբիւր աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայի համար:
ՍՓԻՒՌՔԸ վերականգնուող Հայաստանի կենսական տարածքն է, եւ հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների վերարժեւորումը միանգամայն նոր հայեցակարգ է պահանջում՝ փոխադարձաբար վերականգնելու առաջացած խզումն ու նոր լիցք հաղորդելու Սփիւռքին որպէս քաղաքական եւ քաղաքակրթական գործօնի:
Առանց ՀՈԳԵՒՈՐ Հայաստանի չկայ անվտանգ Հայաստան, չկայ հայկական ինքնութիւն: Եւ, ուրեմն մեր մշակոյթի, մեր լեզուի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ մեր քաղաքակրթական ժառանգութեան պաշտպանութեամբ է հնարաւոր հայ ժողովրդի բարոյական եւ արժէքային վերականգնումը:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք հաւատում ենք եւ մենք պարտաւոր ենք փոխել մեզ պարտադրուող գոյատեւման ռեժիմը (վարչակարգը):
Կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրութիւնը. սա է գլխաւոր օրակարգը, որովհետեւ միայն իշխանափոխութեամբ է հնարաւոր կասեցնել այս ընթացքը:
Անվտանգ, համերաշխ եւ զարգացող երկիր կառուցելու նախապայմանը բարոյական, մասնագիտական բարձր յատկանիշներով եւ ազգային-պետական մտածողութեամբ նոր իշխանութիւնն է:
Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել յուսահատութիւնն ու դատապարտուածութիւնը:
Բացայայտ ճշմարտութիւն է՝ ժողովուրդների կենսունակութեան գաղտնիքը սեփական ուժերին հաւատալու եւ դրանց ետեւից գնալու կամքի մէջ է:
Սակայն մեր լաւատեսութիւնը պիտի կառուցենք ոչ թէ սոսկ կարգախօսների, այլ իրատեսական յանձնառութիւնների, յամառութեան, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրայ:
Միեւնոյն ժամանակ իրաւունք չունենք դոնկիխոտեան միամտութեամբ ելնել ժամանակի դէմ եւ դառնալ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետութեան մանրադրամ ու շինանիւթ:
Խորհրդարանական ընտրութիւնների շեմին, համահայկական «ոչ»ի ճակատ ձեւաւորելու նպատակադրումով ՀՅԴն խորհրդակցութիւնների շարք է սկսել ազգային քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր ազգային ուժերի հետ:
Մեր օրակարգը կառուցուած է հետեւեալ առանցքների շուրջ՝
– Հայ առաքելական եկեղեցու դէմ յարձակումների հակազդեցութիւն,
– Քաղաքական բանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւն,
– Ընտրական պրոցեսների (գործընթացներու) օրինականութեան միասնական վերահսկողական մեխանիզմներ (գործիքակազմեր):
Սիրելիներ, Ազգային շահերի համար պայքարն այլեւս համահայկական յանձնառութիւն է: Որքան ճակատագրական է պահը, նոյնքան առանցքային է մեր առաքելութիւնը՝ թոյլ չտալ հայոց պետականութեան փլզումը:
Ամենածանր ժամանակներում մենք կարողացել ենք պաշտպանել հայ ժողովրդի բովանդակ շահերը, որովհետեւ անժամանցելի են մեր գաղափարական յենասիւները՝ պետականութիւն, հայապահպանութիւն, արդարութիւնն եւ համահայկական համախմբում:
Այսօր էլ բացառիկ նուիրումով այս նպատակներին են շարունակում ծառայել ՀՕՄը, Համազգայինը, ՀՄԸՄը, ՀՅԴ երիտասարդական կազմակերպութիւններն ու մեր միւս հաստատութիւնները:
Ծանր պայմաններում Հայ Դատը կարողացել է Հայոց Ցեղասպանութեան հարցը միջազգային քաղաքական օրակարգ մտցնել եւ յաջողութիւններ արձանագրել: Այսօր նոյնքան կենսական է արցախահայութեան վերադարձի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ գերեվարուած անձանց իրաւունքների պաշտպանութիւնը, որը շարունակում է լինել Հայ Դատի եւ ՀՅԴ ողջ ընտանիքի առաջնահերթութիւն:
Մեր հակառակորդները գիտակցում են մեր ուժը, բանտարկում են, ահաբեկում, բռնութիւնների ու զեղծարարութիւնների դիմում, փորձում են պառակտել՝ բաժանելով ներսի ու դրսի դաշնակցականների:
Դատապարտուած են նրանք, որովհետեւ չեն գիտակցում, որ Դաշնակցութիւնը արժեհամակարգ է եւ գաղափարախօսութիւն, շարքային կուսակցութեան մէջ չտեղաւորուող ֆենոմեն (երեւոյթ) է դաշնակցութիւնը, դաշնակցականը տեսակ է՝ բոլոր ժամանակներում, աշխարհի որ հորիզոնականում էլ լինի:
Հիմա, 135 տարիների հեռուից, եկէք փառք տանք այն բոլոր երախտաւորներին, ովքեր խիզախել են՝ դառնալով հայ ժողովրդի դարաւոր երազանքների նուիրեալն ու զինուորը:
Սիրելի հայրենակիցներ եւ ընկերներ,
Որեւէ ներքին կամ արտաքին թշնամի չի կարող մեզ պարտութիւն պարտադրել, երբ մեզ միացնում է ուժեղ պետութիւն կառուցելու տեսլականն ու կամքը:
Ոչ թէ համակերպուել, այլ՝ պայքարել, սա պիտի առաջիկայ ժամանակահատուածի մեր հաւատամքը:
Որպէսզի յաղթի հայութիւնը, որպէսզի յաղթի հայոց պետականութիւնն ու մեր երթը լինի արժանապատիւ, մեր զոհողութիւնները՝ իմաստաւոր:
Ազգային-քաղաքական պայքարի այս փուլը ծանր է եւ պատասխանատու, եւ չկայ նաեւ այլ ելք, քան ամբողջական, համադաշնակցական զօրաշարժով, մեր համակիրների եւ մեր սիրելի ժողովրդի հետ ուս-ուսի պատուով եւ միասնութեամբ այն յաղթահարելու ճանապարհը:
ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ կարողացել է, մենք միասին՝ դարձեա՛լ կարող ենք։
Կեցցէ՛ Դաշնակցութիւնը, կեցցէ հայրենիքի եւ հայոց պետականութեան համար պայքարող հայ ժողովուրդը:
25 Յունուար, Լոս Անջելես
Տեսանիւթն՝ այստեղ