«Մենք բռնեցինք գաղթի ճանապարհը. Մենք մեր սեփական աչքերով տեսանք 1915 թուականը». արցախցի Ռայա Մուսայէլեանի վկայութիւնը
Արցախ Հեռուստակայանի «Վերապրում» հաղորդաշարով արցախցի Ռայա Մուսայէլեան, Ասկերան շրջանի Սարուշէն գիւղէն, կը պատմէ սարուշէնցի տղամարդոց հերոսական դիմադրութեան, անտառային միակ կածանին մասին, ուրկէ գիւղէն դուրս եկան կանայք, ծերերն ու երեխաները:
Ռայա կը յայտնէ, թէ ինք թոշակառու ուսուցչուհի էր, եւ թէ լաւ ու ապահով կեանք մը ունէին, երազանքներ ու նպատակներ ունէին, ապա կ’աւելցնէ՝ եթէ Սեպտեմբեր 19-ն չըլլար, երբեք դուրս չէին գար Արցախէն:
Շրջափակման մասին անդրադառնալով Ռայա կը պատմէ, թէ ինչպէ՛ս արցախցին ցանեց իր արտերը, բայց աշնան թոյլ չտուին որ հնձեն… ան կ’աւելցնէ, թէ ինչպէ՞ս կարելի է, որ արցախցին հացի կարիք ունենայ. այդ ստեղծող, արարող, աշխատող արցախցին ինչպէ՞ս հացի կարիք ունենայ: Ապա կը շեշտէ, թէ երբ հաց չկար, թշնամիէին հաց եւ ալիւր բացարձակապէս չընդունեցին առնել:
Ռայա մեծ յուզումով կը պատմէ տեղահանութեան մասին ու կ’ըսէ, թէ իրենց վրայի շորերով դուրս եկան, երեխաներ, հաշմանդամներ ու ծերեր… ան իր արցունքը չի կրնար զսպել, երբ կը յայտնէ, թէ իրենք իսկապէս բռնեցին գաղթի ճանապարհը՝ ըսելով. «Մենք մեր սեփական աչքերով տեսանք 1915 թուականը»: Ան կ’աւելցնէ, որ գիւղի տղաքը կռուած են, զոհեր տուած ու ահագին վիրաւորներ ունեցած, որպէսզի թշնամիին ուշադրութիւնը իրենց վրայ կեդրոնացնելով՝ առիթ տան գիւղացիներուն անտառին մէջէն դուրս գալու գիւղէն:
Ան կը յայտնէ, թէ իրենց ամբողջ ունեցուածքը թողեցին գիւղ ու կ’ափսոսայ ըսելով. «Բա մեր գերեզմաննե՞րը, մեր արիւնով շաղախուած հողե՞րը, մեր մանկութի՞ւնը, մեր յիշողութի՞ւնը, մեր պատանեկութի՞ւնը… ամէն ինչ թողեցինք, դատարկ ձեռով եկանք, ոչ միայն մենք, այլեւ ամբողջ սարուշէնցիները…»:
Իսկ համայն աշխարհի անտարբերութեան մասին ան կ’ըսէ, թէ ցաւօք սրտի՝ լուռ էին, չէին լսեր, խուլ էին, եւ թէ ոչ մէկը լսեց իրենց ձայնը եւ թողեցին որ այդպէս բռնի կերպով տեղահանուին:
Սոնա Թիթիզեան Կէտիկեան
«Հորիզոն»
Ստորեւ վկայութիւնը ամբողջութեամբ.
Ռայա Մուսայէլեան, Ասկերանի շրջան, գիւղ Սարուշէն, 69 տարեկան: Ծնուել եմ Մարտունու շրջանի Աշան գիւղում, բայց ամուսնացել եմ Սարուշէնում: Ես մանկավարժ եմ, 45 տարի դասաւանդել եմ Սարուշէնի Միջնակարգ դպրոցում, որպէս ուսուցիչ: Երեք երեխայ ունեմ, մեծ աղջիկս հիմա չկայ, հիմա մի տղայ, մի աղջիկ ունեմ: Տղաս ունի երեք երեխայ, երկու աղջիկ, մէկ տղայ, իսկ աղջիկս էլ մի երեխայ:
Լաւ էինք ապրում, ամուսինս գիւղում մեխանիզացիայի պրիկատըրն էր, լաւ աշխատում էր, լաւ մեխանիզատըր էր, ամառուայ ընթացքում թէկուզ ինք մեխանիկատըր էր, բայց գոմպայն էր քշում, լաւ վարձատրւում էր, լաւ ապրում էինք, ես էլ աշխատավարձ էի ստանում, շատ լաւ, ապահով ապրում էինք: Երազանքներ, լաւ նպատակներ ունէինք: Եթէ Սեպտեմբերի 19-ը չլինէր, մենք դուրս չէինք գայ:
Սկզբում անցնում էր ռուսի տանկը, մի անգամ հաշուել եմ 60 հատ էր, գիւղի մէջով անցնում էին. երեխաներին չէինք թողնում բակերից հեռանան: Մեր գիւղի ներքեւի մասում աղբիւր կար, չէինք թողնում երեխաները գնան, որովհետեւ էդ աղբիւրի մօտով էին անցնում, իրանք էնքան վստահ էին, կանգնում էին աղբիւրից ջուր վերցնում:
Այ էդպիսի պայմաններում մենք ապրում էինք: Տեսնում էինք ամէն օր էդ Աւետարանոցից, Ակնաղբիւրից ինչպէս էին կրակում, մենք երեխաներին խաբում էինք, ասում էինք՝ Ձմեռ Պապին ա, Նոր Տարու հրավառութիւն են անում Շուշիում, որպէսզի չվախենան: Իրենք որ կրակում էին, ասում էինք Ձմեռ Պապին մօտիկանում է արդէն, որովհետեւ երեխաները վախում էին էդ կրակոցներից: Բայց մենք տեսնում էինք, որ Ակնաղբիւրի էդ վերեւի անտառներում ինչպէս էին ճանապարհ պատրաստում, ամբողջ ձմեռը աշխատում էին, ճանապարհ բացում, լոյսերը վառում էին, տեսնում էինք իրենց մեքենաները գալիս էին:
Ես ամէն առաւօտ դուրս եմ գալիս, նայում եմ, ասում եմ՝ տեսնեմ գիւղի տները հրդեհո՞ւմ են, թէ մնում ա, որ տեսնում եմ ծուխ չի բարձրանում, ուրախանում եմ, ասում եմ տէ լաւ ա: 2023-ին ցորենը ցանեցինք, բայց հենց որ եկաւ հնձի ժամանակ՝ չթողնեցին որ հնձենք:
Նոյնիսկ ռուսի տանկը եկաւ կանգնեց, դրօշը վրէն, բայց էլի անընդհատ կրակում էր, էդ գոմպայնավարը մի-երկու պտոյտ էր անում, միանգամից դուրս չէր գալիս: Բայց արդէն որ հասաւ գոմպայնը, ապակիները ջարդուեցին, տէ ստիպուած՝ ի՞նչ անենք, թողեցինք եկանք: Այդ էր պատճառը, որ մենք հացի կարիք ունէինք: Բայց ինչպէ՞ս կարող է արցախցին հացի կարիք ունենայ. էդ ստեղծող, արարող, աշխատող արցախցին հացի կարիք ունենա՞յ: Չէին թողնե, որ մենք մեր արտերը հնձենք: Ամառը թոռնիկներս վերցրել եմ, գնացել ենք Մոշ քաղել, բերել, քամպոթ ենք պատրաստել. ասում եմ ձմրանը էդ կը լինի մեր շաքարաւազը: Հիւթ կը պատրաստենք, քաղցր կը խմենք, բայց ցաւօք սրտի մեր ձմեռը այդպէս էլ չեկաւ:
Մենք շաքարաւազ չունէինք, առողջապահական պարագաները լրիւ պակաս էր, ելեկտրական հոսանքը ժամերով էր, էն ինչ որ Հայաստանից էր գալիս՝ դրա կարիքը զգում էինք: Գիւղատնտեսական մթերքները՝ գետնախնձորը, լուբիան, լոլիկը, վարունգը, սմբուկը, հաւկիթը… նոյնիսկ տղաս 4-5 տոպրակ հաւկիթ առել էր, հաւ էր մորթել, գետնախնձոր, թոնիրի հաց տարել, ասում էր՝ ընկերներս բազմաերեխայ են, չունեն ուտելու բաներ. մի փոքր բուռ սպիտակ ալիւր էինք լցնում, մի 5-6 բուռ էլ սեւ ալիւր, գոնէ ձմրանը մի քիչ գոյատեւենք, որովհետեւ թոնիրի մէջ էինք թխում, էտ սեւ հացը թոնիրի պատին չի կպնում, առանց սպիտակ ալիւրի:
Շրջափակման ժամանակ իրենք առաջարկում էին ալիւր, բայց մենք չէինք ցանկանում, որ իրենց ալիւրը վերցնենք: Թէ որ դու ուզում ես ղարաբաղցիներին ալիւր տալ՝ ինչո՞ւ չես թողնում, որ Հաքարի կամուրջից մեր մթերքը մտնէ Ստեփանակերտ: Խի՞ ստիպում ես, որ անպայման էդ ալիւրը Աղտամից գայ: Երեխաներին տակդիրներ ուղարկեցին. ծնողները բացեցին, տեսան Թուրքիայի արտադրանք է. մարդասիրական վերաբերմո՞ւնք ես ցոյց տալիս, թող որ մեր Հայաստանի ապրանքը հասնի Ստեփանակերտ: Ո՛չ ալիւրը վերցրեցինք, ո՛չ էլ էդ տակդիրները, ոչ մի բան էլ չվերցրեցինք: Սովին էլ դիմացանք, առանց ելեկտրականութեան էլ դիմացանք, առանց կազի էլ դիմացանք, առանց հացի էլ դիմացանք, բայց էդ օրուան չէինք սպասում: Մենք յոյսով էինք, որ վիճակը կը լաւանայ. մանաւանդ ես ամէն անգամ ասում էի՝ ՄԱԿ-ը մեզ ուշադրութեան կեդրոնում կը պահի, Միջազգային դատարանը մեզ ուշադրութեան կեդրոն կը պահի, բայց ցաւօք սրտի ոչ ոք չգնահատեց այդ վիճակը: Ռուսն էլ մեր հանդէպ անտարբեր վերաբերուեց:
Տղաները կռուեցին, որ մենք դուրս գանք գիւղից
2023 թուականի Սեպտեմբերի 29-ին առաւօտեան հարսս, թոռնիկներս, ես գնացինք դպրոց: Թէկուզ ես թոշակառու էի, բայց էս տարի զիս կանչել էին դպրոց, որ դասաւանդեմ: Զանգը հնչեց, սկսուեց առաջին դասաժամը, աւարտուեց, երկրորդ դասաժամին լսուեցին կրակոցներ, բայց էդ կրակոցները սովորական կրակոցներ չէին, քանի որ մեր հարեւան գիւղերը թուրքերը վերցրել էին, ամէն օր լսում էինք էդ կրակոցները, բայց դրանք աւելի սարսափելի, աւելի ահռելի կրակոցներ էին: Յետոյ լուր հասաւ դպրոց, որ գիւղի ներքեւի մասում կուտակումներ կան, երեխաներին բաց թողեցինք:
Երեխաները եկան տուն, մենք էլ եկանք տուն, եւ տեսնում էինք, թէ ինչպէս էին անընդհատ մեր դիրքերի վրայ կրակում, խփում էին անընդհատ:
Գնացինք հարեւանի նկուղը, հարեւաններով, երեխաներով… բայց էլի յոյսով էինք, որ ռուսը կը գայ, կը կանգնեցնի: Գիւղի չորս կողմից կրակում էին: Էդ նկուղում մնացինք մինչեւ ժամի 4-ը: Տղաս եկաւ, ասաց շուտ փախէք գիւղի վերեւի մասը՝ անտառը, եւ ասեց գիւղով վեր բարձրանալիս լրիւին ձայն տուեցէք, գիւղից թող դուրս գան: Տէ հենց մեր հագուստով, առանց ոչ մի բան, ասացի Էրիք, բա դո՞ւ ուր ես գնում, ասաց ես զէնք եմ տանում, բայց մի երկու ժամ կը տեւի, 2 ժամից յետոյ նորից կը գանք տուն:
Մենակ մեր հագին շորերով: Երեխաներ, հաշմանդամներ, ծերեր… մենք իսկականից բռնեցինք գաղթի ճանապարհը: Մենք մեր սեփական աչքերով տեսանք էդ 1915 թուականը: Գնացինք անտառ, մեզ հետ կային հաշմանդամ տղամարդիկ, ծերեր: Ասացին վեր բարձրացէք, վեր բարձրացանք, մէկ էլ ձայն տուեցին, ասին, վերը կը խփեն, իջէք ներքեւ, իջանք ներքեւ, բոլորս գետնի վրայ նստած, մէկ էլ գիշերուայ ժամը երկուսին, ասացին անտառի վրայ կը յարձակուին, պիտի գնաք Մսմնայ գիւղը: Մեր գիւղացի մի մարդ ասաց տէ գնամ, մեքենայ բերեմ, գոնէ էս հաշմանդամներին, էս ծերերին տեղափոխեմ էդ Մսմնայ գիւղ: Էդ մարդն էլ իջաւ գիւղի ներքեւի մասը, որ ճանապարհով Խաչմաչի մասը բարձրանայ, թուրքերը նրան բռնեցին, խոշտանգեցին էդ մարդուն:
Էդ անտառի միջով, որ անցնում էինք, այ իսկականից որ 1915 թուականն էր… փոքր երեխաները սոված, մի հատ հարս կար երկրուորեակ երեխաներով, ոչ կաթ ա վերցրել, ոչ երեխաներին ճաշ վերցրել է, ոչ մի բան, ամբողջ գիշերը էդ երեխաները անտառի միջում լաց էին լինում սովածութիւնից, բայց էլի փառք Աստուծոյ որ անձրեւ չի եկել: Եթէ մեզ օգնութեան գային, զէնք բերէին, էդքան զոհ չէինք տայ, էդ 16 զոհը չէինք տայ: Մեր տղաներին ասում էի՝ ինչո՞ւ էք կռուել, որ զոհուէք, վիրաւորուէք. ուրեմն մեր տղաները կռուել էին թուրքերի դէմ, որ մենք կարողանանք գիւղից դուրս գալ: Եթէ իրանք կռուած չլինէին, արդէն նրանք հաստատ գիւղ կը մտնէին. մեր տղաները կռուել են, մարտեր են մղել, իրանց վրայ էին վերցրել թուրքերի ուշադրութիւնը, որ էստեղ դուրս գայ ժողովուրդը: Մի 3 ժամ գնացինք անտառով ու կրակոցները լսում էինք: Հեռախօսները լրիւ կտրուած, ոչ մի տեղից լուր չունենք, բայց ձայները լսում էինք:
Մսմնայ գիւղի բնակիչները մեզ լաւ ընդունեցին. իրանք արդէն կանգնած սպասում էին մեզի. մեզ բոլորին տարան տեղաւորեցին իրենց տներումը: Գիւղապետը եկաւ, մեզ տարաւ մի տուն: Բոլոր բնակիչները հոգատար էին մեր նկատմամբ, իսկոյն վառարանը վառեցին, սեղան պատրաստեցին, բայց երեխաներն էնքան յոգնած էին՝ ոչ մի բան չկերան: Ժամը 5-ին արթնացայ, ասի՝ տսենեմ մեր ժողովուրդը որտեղ է. տանտէրը եկաւ, ասեց, որ ձեր ժողովուրդին գիշերը տարահանել էին, գիւղապետն էլ գնացել է դիրքերը, մեր տեղը չեն իմացել, յետոյ մի քանի մեքենայով են տարահանել, կասկածել էին, որ առաջին մեքենայի մէջ կը լինենք, երկրորդի կամ երրորդի մէջ, բայց մենք մնացել էինք Մսմնայ: Էդ տանտէրը լաւ տղայ էր, ասաց մի մտահոգուէք, ես ձեզ կը տանեմ Ստեփանակերտ: Ճանապարհին մի մարդ մեզ կանգնեցրեց, ասեց թուրքերը առջեւի ճանապարհը վերցրել են, ուրեմն նկատել են, որ ժողովրդին տարահանում են, ճանապարհը իսկոյն փակել են: Ասացին մտէք անտառ:
Մտանք անտառ: Դա արդէն Չորեքշաբթի օրն էր: Մեր երեխաները սոված, բայց ոչ հաց են ուտում, ոչ ջուր են ուզում, ոչ միբան: Ես, հարսս ու թոռնիկներս մտանք անտառ ու էսպէս մոլոր նստած էինք, տեսնեմ ներքեւի ճանապարհից 2 տղայ կանչեցին՝ անտառում ո՞վ կայ Սարուշէնից: Դրանք մեր գիւղի տղաներն էին. ուրեմն տղաս վիրաւոր էր, արդէն որ մեր ժողովրդին տարահանել են Նինկի, գնացել են վիրաւորների մօտ. տղաս տեսել է, որ մեզնից ոչ ոք չկայ իր մօտ գացող, անհանգստացել ա, որ մենք անտառին մէջ կորել ենք: Էդ տղաներին հարցրեցի, ասացի՝ Սամուէ՛լ, բա Էրիքը ո՞ւր ա, ասաց՝ Էրիքը վիրաւոր ա… ես լաց լինում էի… Սամուէլը մեզ խաբել ա, ասել է թեւից մի թեթեւ վիրաւորուել ա, բայց միայն թեւից չէր վիրաւորուել, փորից էլ, ձեռքերից էլ…
Յետոյ ասացին պիտի 2 քիլոմեթր անտառի միջով գնանք, որ հասնենք Նինկի: Արդէն էդ ճանապարհները, որ մեքենաները գնում են, թուրքերի հսկողութեան տակ ա: Մենք պիտի անտառով գնանք, որպէսզի թուրքերը մեզ չնկատեն: Մէկ էլ յանկարծ յետ կը նայիմ թոռնիկներիցս մէկը չկայ… ճանապարհին մի կոճղ է եղել, չէ նկատել, ինկել ա. լաւ ա, որ շուտ իմացանք, նորից յետ ընկանք ու երեխան վերցրեցինք: 2 քիլոմեթր գնացինք, եկանք Նինկի գիւղը, գնացինք դպրոցի նկուղը: Արդէն Հինգշաբթի օրը, ժամը 4-ի մօտերքը, մեր տղաները եկան, որ պաշտպանում էին գիւղը: Գիտէինք, որ զոհեր ենք տուել ահագին, վիրաւորներ էլ ունենք: Էդ տղաներին հարցնում էինք՝ բա գի՞ւղը, ասում էին գիւղը դեռ թուրք չկայ, բայց իրանց մօտ փամփուշտ չկայ, որ կռուեն:
Իրիկուայ 6-7-ի մօտերն էր, 2 հատ ռուսի մեծ մեքենայ եկան, 2 հատ տանկ, բայց տանկերը թուրքի տանկերն էին, ասացին էստեղ մի ընտանիք կայ, որ պիտի տեղափոխենք, գիտէին մեր մասին: Թուրքերն ասեցին ձեր զէնքերը վար կը դնէք, մենք ձեզ կը տանենք Ստեփանակերտ, եթէ չէ ձեզ բոլորին գերի կը վերցնենք, ռուսն էլ ոչ մի բան չխօսեց: Նրանց հետ եկանք Ստեփանակերտ: Ճանապարհին թէ ինչ թուրքի զինուորներ էին կանգնած, թէ ինչ տանկեր էին կանգնած, էս թոռնիկներս կծկուել էին մեքենայի մէջ: Եկանք, հասանք Ստեփանակերտ, հենց հասնելու պէս գնացինք հիւանդանոցը, տղայիս տեսանք՝ թեւից, կրծքից, փորից վիրաւոր: Մենք մինչեւ Սեպտեմբերի 27 մնացել էինք Ստեփանակերտում, մինչեւ որ տղայիս տեղափոխել էին Երեւան: Երեխաները անտրամադիր, սոված… մեր ամբողջը թողեցինք գիւղում, բա մեր գերեզմաննե՞րը, մեր արիւնով շաղախուած հողե՞րը, մեր մանկութի՞ւնը, մեր յիշողութի՞ւնը, մեր պատանեկութի՞ւնը… ամէն ինչ թողեցինք, դատարկ ձեռով եկանք, ոչ միայն մենք, այլեւ ամբողջ սարուշէնցիները դուրս եկանք:
Ոչ ոք չօգնեց, լուռ էին, խուլ էին
2020 թուականին մեր հարեւան գիւղերը վերցրել էին, Աւետարանոցը, Ակնաղբիւրը, Սարգսաշէնը, Ջրաղացները, մենք մնացել ենք մէջտեղը, էն ժամանակ դուրս կը գայինք, էն ժամանակ Հագարի կամուրջը չի եղել, էն ժամանակ դուրս կը գայինք, եթէ մենք թողնէինք Արցախը, բայց մենք էդքանին դիմացանք, յոյս ունենալով որ աշխարհը իրենց ուշադրութիւնը մեզ վրայ կը հրաւիրի, որ աշխարհը կը լսէ մեր ձայնը, բայց ցաւօք սրտի լուռ էին, չէին լսում, խուլ էին. ոչ մէկը չլսեց մեր ձայնը, ոչ մէկը չիմացաւ, թէ մենք ինչ վիճակում էինք, եւ էդպէս էլ բռնի կերպով մեզ տեղահանեցին: Հիմա թուրքը որ ասում ա Ղարաբաղը մերն է, պա Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում դպրոց ա բացել, երեխաներին գրել կարդալ սովորեցրել, նստել մեր Թնճրի շուաքում, հիացել մեր Արցախի բնութիւնով, շնչել նրա բուրումնաւէտ հոտը… էդ ինչպէ՞ս եղաւ, որ Ղարաբաղը Ատրպէյճանին մնաց, էդ ինչպէ՞ս եղաւ, որ Ղարաբաղը Ատրպէյճանի տարածքն էր: Մեր հողերը, տուն-տեղը չի, բա մեր զոհե՞րը, բա մեր հայրենիքի կարօ՞տը, մենք ենք իմանում մեր տարտը, մենք ենք իմանում մեր ապրումները, գիշերը երազով գնում եմ Արցախ, բայց աչքներս բացում եմ Աբովեանում, ամբողջ գիշերը ես Արցախում եմ:
Մանրամասնութիւնները՝ տեսանիւթով.
Comments are closed.