Մահին  յաղթած առաջնագծի բժիշկը՝ Դաւիթ Ղազարեան

Դաւիթ Ղազարեանը, որպէս  առաջնագծում մարտնչած բժիշկ, այսօր դժուարութեամբ է յիշում պատերազմի օրերը։ Ասում է՝ երբ հիմա յիշում է, թէ  ռազմադաշտում ինչեր է  արել ինքը, ինչեր են արել  իր  բժիշկ ընկերները, պարզապէս ապշում է, որովհետև դժուար էր տեսնել պատերազմի արհաւիրքը, տեսնել մեր քաջերի մարմինները, շփուել նրանց մասունքների հետ, զգալ ցաւոտ կորուստների մորմոքը և չխելագարուել․․․

Կոչումով բժիշկ Դաւիթ   Ղազարեանը  Էջմիածին քաղաքում նոր  կլինիկայ է հիմնադրել։ Նա չափազանց կարևոր է համարում, որ մարզերում ևս բարձրորակ բուժսպասարկում մատուցող կլինիկաներ հիմնուեն, որպէսզի մարզերի բնակիչները ևս  մշտապէս զգան, որ բժիշկները միշտ պատրաստ են հոգալ իրենց մասին։
Դաւիթ Ղազարեանն այսօր ևս շարունակում է իր մասնագիտական առաքելութիւնը և յիշում պատերազմի օրերը։ Կան տեսարաններ, որոնք, գուցէ, երբեք դուրս չգան նրա մտքերից ու հոգուց․․․

«Արցախ մեկնելիս երևի իմ աչքերից արցունքներ  էլ են հոսել, քանի որ ես մտածում էի՝  գնում ենք մի տեղ, որտեղից, գուցէ, այլևս ետ չգանք։ Իմ աչքի առաջ երեխաներս էին․ մտածում էի՝ տեսնես ինչպէս է իրենց  ճակատագիրը դասաւորուելու», —   «Հորիզոն»-ի թղթակցի հետ  զրոյցում պատմում է   Մարտունիում՝ երկրորդ պաշտպանական շրջանում  մարտնչած բժիշկ  Դաւիթ Ղազարեանը։

Նա, չթերագնահատելով որևէ բժշկի  իրականացրած առաքելութիւն, նշում է՝ հերոս բժիշկներն առաջնագծի բժիշկներն են, աւելին՝ Դաւիթ Ղազարեանի խօսքով՝  առաջնագծում եղել են այնպիսի բժիշկներ, որոնց  միայն «հերոս» բառով նկարագրելը քիչ է․ նրանք ռազմական բժշկութեան աստուածներն են։ Այդ բժիշկներից մէկը հերոսաբար զոհուած բժիշկ Արամայիս Հարապետեանն է։

Խօսելով պատերազմի օրերին  զգացած ամենացաւոտ պահերի մասին՝ բժիշկ Ղազարեանն ասում է՝  Արցախում ամենաուժգին ցաւը  զգացել է այն  պահին, երբ  առաջին անգամ  տեսել է  բազմաթիւ հայորդիների մարմիններ, մասունքներ․․․․

«Եւ մենք  պիտի այդ մասունքները տարհանէինք, տեղափոխէինք։ Այն տեսարանները, որոնք  տեսանք, հնարաւոր չէ բառերով նկարագրել։ Հիմա մենք այստեղ ամէն զոհի ու ընտանիքի անդամի հետ շփուելիս հասկանում ենք՝ այդ տղաներից ամէն մէկը  մի ընտանիքի երջանկութիւն էր, ամէն մէկի վերադարձը չափազանց սպասուած է եղել, և մենք այնտեղ շփվում էինք այդ տղաների մասունքների հետ։ Ու  յետագայում պարզուեց՝ այդպիսի հազարաւոր տղաներ կային․․․

Ես, լինելով տեսաբան-բժիշկ,  պէտք է ուսումնասիրեմ մարդկային յարմարուողականութեան հնարաւորութիւնների սահմանը։  Հաւատացէ՛ք՝  գալիս է մի շրջան, երբ բթանում է մարդու զգացողութիւնը։  Ես  պատերազմի  միւս  օրերին էլ նման սարսափելի տեսարաններ տեսայ, բայց իմ մէջ տպաւորուել է յատկապէս առաջին տեսարանը, երբ ես առաջին անգամ  տեսայ այդ տեսարանը։ Հիմա  յետադարձ հայեացքով նայում եմ, յիշում և ասում՝ այդ ինչեր ենք  արել, ինչեր  են անում այնտեղի բժիշկները։ Մարդը  հոգեբանօրէն  ինչքան կայուն ու պինդ էակ պէտք է լինի,  որ այդ ամէնն անի․․․  Հազուադէպ հնարաւորութիւն էր լինում կարճատև զանգերի կամ հաղորդագրութիւնների միջոցով շփուել ընկերներիս հետ,  և նրանցից ոմանք    այդ զրոյցների ընթացքում ասում էին՝  ուզում են զօրագրուել, գալ այնտեղ, որտեղ ես  էի գտնւում։ Իմ ընկերներից մէկը ևս նման ցանկութիւն յայտնեց։ Ես միւս ընկերներիս ասացի՝ նրան յանկարծ չթողէ՛ք, որ գայ այստեղ, քանի որ  գիտէի՝ նա ինչպիսի հոգեբանութիւն  ունէր, նա այնտեղ պարզապէս կը խելագարուէր։ Դա մօտաւորապէս այն էր, ինչը Կոմիտասին  հասցրեց այդ վիճակին», —  պատմում է բժիշկ Դաւիթ Ղազարեանը։

Նա նշում է՝ պատերազմի օրերին շատ են եղել դէպքեր, երբ զգացել է՝ մահուանը շատ մօտ կանգնած։

«Մահուանը մօտ գտնուելու, թերևս, ամենատպաւորուած միջադէպը պիտի յիշեմ։ Թիկունքից իրեր բերելու  նպատակով մենք վարորդի հետ արագ   «Շտապ օգնութեան»  մեքենայով  պէտք է գնայինք թիկունքում տեղակայուած իրային պահեստ, և այդ ամէնը  շատ արագ կազմակերպուեց, քանի որ  մեր բուժծառայութեան պետը խնդրեց այդ ամէնն արագօրէն կազմակերպել։ Ես արագ նստեցի մեքենան ու յետոյ զգացի, որ չեմ հագել զրահաբաճկոնս, չեմ վերցրել պաշտպանիչ գլխարկս։  Ճանապարհի կէսից բուժծառայութեան պետը՝ Արամայիս Հայրապետեանը զանգահարեց, ասաց՝  կանչ   է  եղել, պէտք է վերադառնալ, իսկ  թիկունքից իրերը յետոյ  էլ   կարելի է  վերցնել։ Ու մենք արագօրէն վերադարձանք։ Գործն արագօրէն կազմակերպելու համար Արամայիս Հայրապետեանն իր քաղաքացիական ինքնաշարժով  մեզ ընդառաջ էր եկել, որպէսզի ժամանակ չկորցնէինք, որպէսզի միանար մեզ ու միասին վիրաւորին դուրս բերէինք։ Ետ գալուց,  Արամայիսը  բարձրացաւ մեր «Շտապ օգնութեան»  մեքենան, միացաւ ինձ, քանի որ վիրաւորին  դուրս բերելու համար անհրաժեշտ էր լինում երկու տղամարդու ուժ։ Արամայիսը, որն իմ նախկին ուսանողն էր, ինձ ասաց՝ Դաւիթ Մհերի, դուք զրահաբաճկոն   ու յատուկ գլխարկ չունէք, բարձրացէ՛ք վերև, ես այդ վիրաւորին վարորդի օգնութեամբ դուրս կը բերեմ։ Եւ ցաւօք,  դա դատապարտուած ճանապարհ էր․․․ Արամայիսը վարորդի հետ գնաց այնտեղ և դա նրա վերջին ճանապարհն էր։ Նրանք գնացին ու զոհուեցին։ Վարորդը տեղում էր մահացել, Արամայիսը մի քանի օր  յետոյ մահացաւ։ Արամայիսի մէկ նախադասութեան շնորհիւ իմ կեանքը փրկուել է։ Երբ յետոյ վերադարձայ Հայաստան, հանդիպեցի Արամայիսի  ընտանիքին։  Ես նրա հօրն ուղղակի կարողացայ փոխանցել շնորհակալական խօսքեր իմ անունից, իմ  ընտանիքի ու երեխաների անունից, քանի որ Արամայիսի այդ  մէկ նախադասութեան շնորհիւ է, որ հիմա իմ զաւակները հայր ունեն, ես կանգնած եմ իմ ընտանիքի թիկունքին», —  պատմում է բժիշկ Դաւիթ Ղազարեանը։

Նա նշում է՝ եղել են բազմաթիւ դէպքեր, երբ վիրաւորներ տեղափոխելիս  հակառակորդը հրետանային հուժկու հարուածներ է հասցրել, բայց իրենք, Նախախնամութեան շնորհիւ  ողջ են մնացել։

«Մի անգամ, երբ գնացել էինք դիրքեր՝ վիրաւոր տեղափոխելու, յայտարարուեց, որ օդը  մաքուր չէ, այսինքն՝ կամ անօդաչու թռչող սարք կար կամ ռազմական օդանաւ։ Րոպէներ անց մենք ինքնաթիռի ձայն  լսեցինք, մօտաւորապէս 800 մեթր հեռաւորութեան վրայ մի հսկայական պայթիւն տեղի ունեցաւ։ Ես զգացի՝ ինչ հզօր զէնք է կիրառւում։ Դրանից յետոյ  հաղորդուեց, որ այդ նոյն ինքնաթիռը թեքուել է, էլի՛  է գալիս, այսինքն՝ դա դեռ աւարտը չէր։ Այդ երկրորդ հարուածը եղաւ մեզ շատ մօտ։ Ինձ հետ գտնուող միւս բժիշկը՝ Անդրանիկ Մովսիսեանը, որն ինձ համար Արամայիսի պէս ռազմական բժշկութեան միւս աստուածն է, գոռաց՝ բժի՛շկ, պառկի՛ր։  Անդրանիկ Մովսիսեանն Արամայիսից տարբերւում է նրանով միայն, որ նա ողջ մնաց այդ ամէնի արդիւնքում։ Անդրանիկ Մովսիսեանն այս կեանքում ինձ համար մեծութիւն է։ Մինչև  Մովսիսեանը կը գոռար «պառկի՛ր»,  թշնամու հասցրած հարուածի ալիքն ինձ ուղղակի  ծեփեց  «Շտած օգնութեան»  մեքենային։ Յետոյ ես գետնին ընկայ, պառկեցի։ Աւելի ուշ  հասկացայ՝  եթէ մի փոքր շեղում լիէր, այդ հարուածը մի փոքր էլ մօտ գտնուէր մեզ, դա կը լինէր վերջին  բանը, որ ես տեսած ու լսած կը լինէի», —  ասում է Դաւիթ  Ղազարեանը։

Հարցազրոյցի վերջում Դաւիթ Ղազարեանն անդրադառնում է  հայ զինուորի կերպարին։ Նա պատերազմի օրերին տեսել է՝ ինչ սխրանքներ են գործել մեր քաջերը։ Եղել են տղաներ, որոնք ուղղակի ապշեցրել են նրան՝ իրենց արիութեամբ հայրենասիրութեամբ ու անեզր նուիրումով։

«Ես կը խօսեմ այն զինուորների մասին, որոնք, իսկապէս, հերոս են։ Ցաւօք, մենք ունեցել ենք նաև  ոչ հերոս կռուողներ կամ կռուի դաշտում յայտնուածներ։ Ռազմադաշտում ես տեսել եմ տղաների, որոնք իրենց ներսում յաղթել էին մահին․ նրանցից ամէն մէկը մի պաշտպանութեան նախարարութիւն, մի բանակ ու զօրք կ’արժէին։

Կռուի դադարից երկու օր առաջ մի տղայի էի տեղափոխում, որի անունը Գոռ էր։ Նրա ոտքը վնասուել էր։ Երբ հարցրի՝ ինչպէ՞ս  է վիրաւորուել, ասաց՝ սողալով մօտեցել է  և հակառակորդի խրամատի մէջ նռնակներ գցել։ Նա ցաւով  ասում էր՝  դա մեր խրամատն է եղել և այն հակառակորդը վերցրել էր։ Գոռը ցաւով նշում էր, որ վիրաւորում ստանալու պատճառով չկրցաւ էլի գնալ, նոր նռնակներ վերցնել, գնալ ու ամբողջովին մաքրել  խրամատը․․․ Նա մարմնեղ տղայ էր, ասում էր․  «Բժի՛շկ, քանի՞ օրից վէրքս կը լաւանայ, ես պիտի կազդուրուեմ, այնտեղ կիսատ գործ ունեմ անելու»։ Ես յոյս ունեմ՝ Գոռին դեռ կը գտնեմ, կը զրուցեմ իր հետ։ Պատկերացնում եմ՝ ինչպիսի զգացողութիւններ ունի հիմա նա․ նա սպասում էր, որ պիտի լաւանայ ու գնայ խրամատը ետ վերցնելու։  Ու նման շատ դէպքեր են եղել։

Ես  տեսնում էի, որ տղաները վնասուածք ստանալու պատճառով սարսափելի ցաւեր ունեն, բայց այդ աչքերի մէջ  տեսնում էի, որ աւելի շատ ցաւում են ոչ թէ վէրքի ու   ֆիզիկական ցաւի համար, այլ նրա համար, որ չեն կարողացել հասցնել աւելին անել՝ յանուն հայրենիքի։ Նրանք նոյնիսկ չէին էլ մտածում վերադառնալու մասին։ Ասում էին՝ ախր, ես այն մի տանկն էլ պիտի խոցէի, այն մի ռազմատեխնիկան էլ պիտի խոցէի․․․․ Այսպիսի դէպքեր  եմ յիշում։ Այնպիսի տղաներ կան, որոնք  ապացուցում են, ցոյց են տալիս՝ մենք ունենք  զինուորներ, որոնք առաջին հերթին իրենց մէջ յաղթել են մահին, և իրենք պիտի յաղթէին այս կռւում։ Ես չեմ ուզում մասնագիտական, ռազմական քննարկումների  դաշտ մտնել, բայց, կարծում եմ, եթէ  համակարգային, ճիշտ կազմակերպուած անենք ամէն բան, ճիշտ ընտրուած մարդիկ ճիշտ տեղերում լինէն, մենք անպայման յաղթող տեսակ կը լինենք։ Եւ ես այս պատերազմը չեմ համարում մեր պարտութիւնը։ Մենք անպայման այդպիսի մարդկանց շնորհիւ   յետագայում ունենալու ենք յաղթանակներ», —  եզրափակեց  Դաւիթ Ղազարեանը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼէԵԱՆ

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.