Ղարաբաղեան Շարժումը Պէտք ՉԷ Շարունակուի. Փաշինեան

Horizon Weekly Newspaper

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան համոզուած է, որ Ղարաբաղեան շարժումը պէտք չէ շարունակուի: 26 Մարտին, Ազգային ժողով-կառավարութիւն հարցում-պատասխան օրակարգին ընթացքին, Փաշինեան քանի մը անգամ կրկնեց այս միտքը` հիմնաւորելով, թէ արդիւնաւէտը խաղաղութեան իրենց ընտրած ուղին է: Ինքնին այդ պատճառով իսկ Երեւան պատրաստ է կատարել խաղաղութեան պայմանագիրի ստորագրութեան ատրպէյճանական պայմանը եւ լուծարել Մինսքի խումբը, բայց Փաշինեան դարձեալ ժամկէտ չնշեց:

«Ուզում եմ յստակ եւ աներկբայ ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղեան շարժումը չպէտք է շարունակենք, բայց ինչո՞ւ ենք յետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան լուծարման հարցով որոշումը, որովհետեւ ասում ենք` մենք ուզում ենք համոզուած լինել, որ ինչպէս մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղեան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկայ քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք, օրինակ` «Արեւմտեան Ադրբեջան»ի շարժում, եւ այս պատմութիւնը ոչ թէ խաղաղութիւն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային (հակամարտութիւն յառաջացնող) տրամաբանութիւնն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», ըսաւ Փաշինեան:

Շուրջ չորս տասնամեակ շարունակուող Արցախի շարժումը դադրեցնելու մասին յայտարարութիւնը դահլիճին մէջ կիրքեր բորբոքեց: «Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել, հայ ժողովուրդը 21 թուականին ուրիշ որոշում է կայացրել, այն, ինչ որ չէք կատարել ձեր ծրագրում», ըսաւ «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեան։

«Այո՛, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժ, ուզում էք` թռէք վերեւ, ուզում էք` իջէք ցած: Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը, եթէ Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, վաղը, վաղը չէ, միւս օրը, որեւէ պահի կը դադարեմ լինել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ», յայտնեց Փաշինեան, սակայն չպատասխանեց ընդդիմադիրներուն հարցումին, որ՝ խաղաղութեան պայմանագիրով Ատրպէյճան ի՛նչ կը զիջի:

«Դուք ասում էք` ես ճանաչեցի իրանց չգիտեմ ինչքանը, իրենք` մեր 29 հազար 743ը, որովհետեւ ճանաչել են տարածքային ամբողջականութիւնը, ո՛չ, տարածքային ամբողջականութիւնը լրիւ ուրիշ բան է, դուք հերոսական զիջումներ էք անընդհատ անում, իսկ Ադրբեջանը, լաւ, էդքան տղամարդկութիւն չունի ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիեւը, մի քաջ զիջում էլ ինքը աներ», ըսաւ «Հայաստան» խմբակցութենէն Արթուր Խաչատրեան:

«Նիստից առաջ դոպինգ (թմրեցուցիչ) էք խմում, ինչ էք անում, որ գաք, էստեղ ցնցուելով, բան անելով, ձեզ թւո՞ւմ է` պաթոսով (հոգեյոյզ ձեւերով) ձեր ասածի մերկութիւնը թաքցնելու էք», արձագանգեց Փաշինեան:

«Ձեզ համար շատ նորութիւն կը լինի՞, որ այս երկրում եթէ մի մարդ կայ, ում վերագրւում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք էք, փաստացի չկարողացաք գոնէ մի կէտ ասել, որ Ադրբեջանը զիջում է», ըսաւ Ագնես Խամոյեան:

Փաշինեան դարձեալ բացաւ նախկին նախագահներուն հետ բանավէճի նիւթը` այս անգամ ուղիղ սպառնալով Լեւոն Տէր Պետրոսեանին, Ռոբերտ Քոչարեանին եւ Սերժ Սարգեանին:

«Երեք մտքի տիտան ասում են` մենք իր հետ բանավիճելու բան չունենք: Յետոյ իրենց երեխաներին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ու բաջանաղներին ուղարկում են ասուլիսներ տալու: Արա, եթէ բան չկայ բանավիճելու, վեր ընկէք տեղներդ, ձեններդ կտրէք: Եթէ բանավիճում էք, եկէք, խօսենք: Ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ պատերով կը տամ, եւ այդտեղից ձեր քաղաքական դիակների մնացորդները դուրս կը հանեն, երեքիդ էլ վերաբերւում է: Ես ձեզ ոտքի տակ կը տամ, ոչ թէ կը բանավիճեմ ձեզ հետ: Դրա համար էլ չեն գալիս», ըսաւ Փաշինեան։