Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ներկայ դրութիւնը

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղիղ մէկ տարի առաջ այս օրերին Հորիզոնում տպագրուեց մեր՝ «Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանի միջազգայնացումը» վերնագրով յօդուածը, որտեղ հաշուի առնելով դրան նախորդող ժամանահատուածի որոշ զարգացումներ, կարծիք էինք յայտնել, որ նշմարւում է Ղարաբաղեան հակամարտութեան, դրա հետեւանքների ու դրանց յաղթահարման հետ կապուած խնդիրների որոշակի միջազգայնացում՝ միջազգային յարաբերութիւնների առանձին դերակատարների կողմից։ Մասնաւորապէս 2024 թ․ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսների ընթացքում ընթացքում Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ օբիեկտիւ եւ կարեւոր ուղերձներ էին հնչել ինչպէս միջազգային տարբեր կեդրոններից, այնպէս էլ առանձին պետութիւններից, որոնք արժանի էին յատուկ ուշադրութեան, յատկապէս Գանատայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Հոլանտայից, Զուիցերիայից ու Աւստրալիայից ստացուած ուղերձները։

Յիշեալ եւ բազմաթիւ այլ առիթներով, այդ թուում նաեւ Հորիզոնում տպուած մի շարք յօդուածներով նշել ենք, որ Հայ Դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթութիւնը շարունակում է մնալ Ղարաբաղեան հիմնախնդրի շարունակական միջազգայնացումը, ինչն ապահովւում է տարբեր գործողութիւններ իրականացնելով եւ քաղաքական նպատակներ հետապնդելով՝ ըստ երկրների ու միջազգային կազմակերպութիւնների։ Այս օրակարգը ներառում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, գերիների ազատ արձակման, Հայաստանի ինքնիշխան տարածքի հակաբռնագրաւման, Ատրպէյճանի եւ դրա առանձին պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ այլ խնդիրների վերաբերեալ միջազգային խօսոյթ գեներացնելով, տարբեր բնոյթ ունեցող փաստաթղթերի ընդունում ապահովելով եւ ի վերջոյ գործնական քաղաքականութեան վրայ ազդեցութեամբ։

Օգոստոսի 8-ի Ուաշինկթընեան համաձայնութիւններից յետոյ, ոմանց մօտ կարող էր տպաւորութիւն ստեղծուէր, որ ձեռք բերուած համաձայնութիւնների եւ, յատկապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պայմաններում Ղարաբաղեան հիմնախնդիրը հետապնդելու ցանկացած փորձ այլեւս ենթակայ է դատապարտման։ Ի տարբերութիւն հարմարուողական այդ հոսանքների, Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չհեռացաւ իր նպատակների հետապնդումից։

Սոյն յօդուածով նպատակ ունենք անդրադառնալու վերջին ամիսների այս զարգացումներին, որոնք յստակ ցուցիչ են այն հանգամանքի, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ, որ դրա շուրջ կայ միջազգային աճող ընկալում, եւ որոնք ներքին ու արտաքին խիստ անբարենպաստ պայմաններում, հնարաւոր են դարձել Հայ Դատի համակարգի հետեւողական աշխատանքների արդիւնքում։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Վերջին ամիսների ընթացքում Ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում ԱՄՆ քաղաքական վարքը գնահատելու համար յիշատակման են արժանի հիմնականում չորս քաղաքական իրադարձութիւններ։

Նախ, Յուլիսի 22-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում ԱՄՆ Կոնգրեսի աւելի քան ութսուն անդամներ, որ, ըստ էութեան, ներկայացնում են ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով աւելի քան 66 միլիոն ամերիկացիների, ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին կոչ արեցին՝ ապահովել բռնագաղթուած հայերի «համախմբուած, պաշտպանուած եւ արժանապատիւ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախ, միջազգային իրաւունքի շրջանակներում եւ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման նպատակով։ Նամակի նախաձեռնողներն էին Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները։

Կոնգրեսականները ԱՄՆ վարչակազմին յատուկ կոչ էին անում աջակցել Զուիցերիայի խորհրդարանի կողմից ընդունուած խաղաղութեան նախաձեռնութեանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանուած եւ միջազգային երաշխիքներով վերադարձը»։ Աւելի վաղ, Յուլիսի 10-ին, զուիցերիական այս նախաձեռնութիւնը լայնօրէն քննարկուել է ԱՄՆ Կոնգրեսում կայացած յատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին Կոնգրեսի աւելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրաւունքների պաշտպաններ եւ քաղաքական վերլուծաբաններ։ Միջոցառմանը ելոյթ էին ունեցել Զուիցերիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը եւ Լուկաս Ռայմանը, Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն կազմակերպութեան նախագահ Ճոն Էյբները եւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը, իսկ քննարկումը վարել էր Հայ Դատի յանձնախմբի քաղաքական հարցերով տնօրէն Ալեքս Գալիցկին։

Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից շուրջ մէկ շաբաթ անց, շատերի համար գուցէ անսպասելի, ԱՄՆ պետդեպարտամէնտը հրապարակեց Ատրպէյճանում մարդու իրաւունքների մասին 2024 թ․ զեկոյցը, որում տեղ գտան խիստ օբիեկտիւ դիրքորոշումներ։

Զեկոյցը փաստում է, որ Ատրպէյճանում տեղի են ունեցել կամայական սպանութիւններ, խոշտանգումներ, ապօրինի ձերբակալութիւններ եւ հետապնդումներ, իսկ կառավարութիւնը չի ձեռնարկել քայլեր մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու համար։ Ներկայացւում են ՄԱԿ-ի եւ Freedom House-ի տուեալներ, որոնք վկայում են Ատրպէյճանի կողմից հայկական ծագում ունեցող անձանց նկատմամբ խախտումների, ռազմագերիների հարկադիր անհետացումների եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափման մասին։ Օրինակ, նշւում է, որ ՄԱԿ-ի փորձագէտները 2024 թ․ Սեպտեմբերի 27-ին մտահոգութիւն են յայտնել՝ կապուած «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի եւ մէկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ատրպէյճանը այդ մասին ամբողջ տարուայ ընթացքում որեւէ պատասխան չի տուել։ Ըստ զեկոյցի, Freedom House-ը եզրակացրել է, որ Ատրպէյճանը իրականացրել է էթնիկ զտում՝ կոչ անելով միջազգային պատժամիջոցների եւ իրաւական քայլերի։ Նշւում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ բնակավայրերի աւերումը։

Ինչպէս ասուեց, զեկոյցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդութեամբ ձեռք բերուած՝ Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ «խաղաղութեան գործարքից» ընդամէնը մի քանի օր անց։ Հետաքրքիր է, որ Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնները լայնօրէն քննադատւում են հենց այն յանցագործութիւնները անտեսելու համար, որոնց պետդեպարտամէնտը անդրադարձել է։

Արդէն Սեպտեմբերի 19-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն ընդունել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից աջակցուող փոփոխութիւնը՝ «2026 թ․ պետդեպարտամէնտի լիազօրութիւնների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամէնտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութիւնը, աջակցել Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքի իրացմանը։

Արդէն Հոկտեմբերի 4-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը հաղորդեց, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի եւ ամերիկահայ համայնքի հետեւողական ջանքերից յետոյ, Սպիտակ տան վարչակազմը աննախադէպ քայլ է արել՝ յայտարարելով, որ Միացեալ Նահանգները ակտիւօրէն խրախուսում է թէ՛ Երեւանին, թէ՛ Պաքուին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»։ Ի պատասխան Յուլիսի 22-ի նամակի՝ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախումբը Սեպտեմբերի 25-ին ստացել է պետդեպարտամէնտի գրութիւնը, ըստ որի Միացեալ Նահանգները «անմիջականօրէն հետեւում է Ատրպէյճանում անօրինաբար կալանաւորուած էթնիկ հայերի դատավարութիւններին»։ Միաժամանակ՝ նախկինում չյայտարարուած տեղեկատուութեամբ հաստատւում է, որ «ԱՄՆ դեսպանութեան աշխատակիցները Պաքուում ներկայ են լինում դատական նիստերին, երբ դա հնարաւոր է»։ Նամակը եզրափակւում է ընդգծելով, որ պետդեպարտամէնտը շարունակում է «կոչ անել Ատրպէյճանի կառավարութեանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղում գտնուող հայկական մշակութային ժառանգութիւնը»։

Այսպիսով ԱՄՆ գործադիր իշխանութիւնը այս քայլով փաստօրէն համերաշխութիւն է յայտնում ԱՄՆ Կոնգրեսի քաղաքական դիրքորոշմանը եւ ըստ էութեան ընդունում, որ ԱՄՆ պետական քաղաքականութիւնը ճանաչում է եւ քայլեր է ձեռնարկում արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման եւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ, իսկ գերիների խնդիրը գտնւում է անմիջական մշտադիտարկման պայմաններում։

Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւններից յետոյ յատկապէս, ամերիկեան քաղաքական այս վարքը մի կողմից անակնկալ էր, միւս կողմից Հայ Դատի յանձնախմբի հետեւողական աշխատանքի արդիւնք, իսկ միւս կողմից՝ Ատրպէյճանի դէմ գուցէ ամերիկեան նոր լծակ՝ Պաքուին վերահսկելի պահելու համար։

Այս արդիւնքին նախորդել էր Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի կողմից համայնքային ճնշման հսկայական աշխատանք, այդ թուում հարիւրաւոր ամերիկահայերի կողմից “advocasy days”-երի կազմակերպում ԱՄՆ Կոնգրեսում, յանձնախմբի ելեկտրոնային յատուկ համակարգով մի քանի տասնեակ հազար ամերիկահայերի ներգրաւում եւ դիմումների ապահովում։

Գանատա

Շարունակում է էապէս արժեւորելի եւ գնահատանքի արժանի մնալ Գանատայի պետական դիրքորոշումը։ Օգոստոսի 10-ին Գանատայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, հանդէս գալով Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնների վերաբերեալ յայտարարութեամբ, ի թիւս այլնի նկատել է․ «Դիւանագիտական բանակցութիւնների միջոցով ձեռք բերուած այսպիսի համաձայնութիւնները յստակ ուղի են բացում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ համապարփակ խաղաղութեան համար, որը կ’օգնի լուծել մնացած խնդիրները, այդ թուում՝ բոլոր հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի իրաւունքի ապահովումը, ինչպէս նաեւ մշակութային ժառանգութեան պահպանումը։ Նախարար Անանդը յղում է արել նոյնիսկ ինքնորոշման իրաւունքին նշելով, որ Գանատան պատրաստակամ է աջակցել ապագայ ցանկացած մեխանիզմի, որը կ’ապահովի ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականութեան յարգումը եւ ինքնորոշման իրաւունքը։

Պելճիքա

Վերջին շրջանում Եւրոպայում մեզ համար խիստ յատկանշելի երկիր է դարձել Պելճիքան։ Բանն այն է, որ Պելճիքայի Ֆետերալ կառավարութեան 2025-2029 թթ․ գործունէութեան ծրագրում յատուկ տեղ է յատկացուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացմանը, եւ առկայ է յստակ պահանջ ուղղուած Ատրպէյճանին՝ ապահովել արցախահայութեան ապահով վերադարձի իրաւունքը։ Պելճիքայի խորհրդարանը նոյնպէս ուշադիր է Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանի վերաբերեալ։ 2025 թ. Յուլիսի 18-ին Պելճիքայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարաւային Կովկասում խաղաղութեան անհրաժեշտութեան վերաբերեալ» բանաձեւը:

Բանաձեւը կոչ է անում Պելճիքայի կառավարութեանը՝ աջակցել Ատրպէյճանի գործողութիւնների միջազգային հետաքննութեանը, խորացնել համագործակցութիւնը Հայաստանի հետ, պահանջել 2023-ի Սեպտեմբերի 19-ից յետոյ կալանաւորուած բոլոր հայ ռազմագերիների անյապաղ ազատում՝ նրանց հիմնարար իրաւունքները եւ արդարութիւն ապահովելով, եւ ԵՄ շրջանակներում նպաստել նպատակային պատժամիջոցների կիրառմանը այն անձանց թէ կազմակերպութիւնների նկատմամբ, որոնք պատասխանատու են հրադադարի խախտումների, մշակութային ժառանգութեան ոչնչացման, մարդու իրաւունքների խախտումների եւ Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող գործողութիւնների համար։

Ատրպէյճանին յորդորւում է բաւարարուել միջազգային պարտաւորութիւններին ու իրաւասու ատեանների որոշումները, երաշխաւորել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրաւունքներն ու իրենց անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողութեամբ, դադարեցնել ապակառուցողական հռետորաբանութիւնն ու ռազմական գործողութիւնները Հայաստանի դէմ, ներգրաւուել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ թափանցիկ երկխօսութեան մէջ՝ նրանց անվտանգութիւնն ու իրաւունքները երաշխաւորելու նպատակով, թոյլատրել անկախ բժշկական խմբերի այցելութիւն կալանաւորուածներին զննելու նպատակով, պաշտպանել հայկական մշակութային ժառանգութիւնը, թոյլատրել ԵՈՒՆԵՍՔՕ-ի մշտադիտարկում, դուրս բերել զօրքերը Հայաստանի տարածքից։

Յատկանշական է նաեւ, որ բանաձեւի այս նախագիծը Պելճիքայի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում քննարկուել էր դեռեւս Ապրիլի 2-ին անցկացուած լսումների ընթացքում, որին հայկական կողմից հրաւիրուած էին մասնակցելու Պելճիքայի Թագաւորութիւնում Հայաստանի դեսպանն ու Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։

Զուիցերիա

Այս ընթացքում շարունակւում, թէեւ դանդաղ բայց կայուն թափ է հաւաքում «Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան զուիցերիական նախաձեռնութիւնը», որն ամբողջապէս վայելում է Հայ Դատի համակարգի զօրակցութիւնն ու գործնական օժանդակութիւնը։

Քննարկման բաւական ծաւալուն նիւթ է Եւրոպական միութեան դիրքորոշումը Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հետեւանքների վերաբերեալ, ինչին հաւանաբար կ’անդրադառնանք առաջիկայում, սակայն այս յօդուածում արժէ անդրադառնալ գոնէ Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան վերջին Կոնգրեսին։

Կոնգրեսի բանաձեւերից մէկում, որ կրում էր «Խաղաղութեան, բարօրութեան եւ ներառականութեան խթանումը Եւրոպայում եւ նրա հարեւան տարածաշրջաններում» վերնագիրը, պարունակում էր ՀՅ Դաշնակցութեան կողմից նախապէս ներկայացուած կարեւոր դրոյթներ։ Մասնաւորապէս․
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը բոլոր այն միջազգային ջանքերին, որոնք ուղղուած են խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան ապահովմանը Հարաւային Կովկասում, մասնաւորապէս՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեան տեղակայման միջոցով։ Ատրպէյճանը պէտք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը միջազգային վերահսկողութեան ներքոյ եւ պահպանի տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգութիւնը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցութիւնը Ատրպէյճանի ժողովրդավարական ընդդիմութեանը։ Մենք ընդգծում ենք Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների շարունակական մոնիթորինգի կարեւորութիւնը, ներառեալ՝ օրէնքի գերակայութիւնը, դատական անկախութիւնը եւ քաղաքական ազատութիւնների պաշտպանութիւնը»։

Այս բանաձեւի կարեւորութիւնը ի թիւս այլնի կայանում է նաեւ նրանում, որ Եւրոպայի սոցիալիստների կուսակցութիւնը, որ Եւրոպական աշխարհամասում սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական ու աշխատաւորական կուսակցութիւններ միաւորող խոշորագոյն քաղաքական միաւորն է, որը պատկառելի ներկայութիւն ունի ինչպէս Եւրոպական խորհրդարանում ու գործադիր իշխանութեան մարմիններում, անդամ իշխող կուսակցութիւններ ունի Եւրոպական տարբեր երկրներում, ընդունում է մի բանաձեւ, որի տրամաբանութիւնից եւս բխում է, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած չէ։

Այսպիսով ակնյայտ է, որ Ղարաբաղեան հիմնախնդրի շարունակական միջազգայնացմանը միտուած՝ Հայ Դատի համակարգի քաղաքական առաջնահերթութիւնը ոչ թէ իրականութիւնից կտրուած մերկապարանոց քաղաքական ցանկութիւն է, այլ քաղաքական յստակ պլանաւորման եւ հետեւողական աշխատանքի պայմաններում ամբողջապէս իրատեսական գործընթաց, որի առաջին արդիւնքներն արդէն իսկ առկայ են։

Ի հարկէ պէտք է հաշուի առնել որ արդէն իսկ արձանագրուած արդիւնքներին հնարաւոր է եղել հասնել ներքին ու արտաքին քաղաքական խիստ անբարենպաստ պայմանների, միջազգային յարաբերութիւնների շարունակական տուրբուլենտութեան, խոշոր վերադասաւորումների, նոր աշխարհակարգի ձեւաւորման, իսկ Հայաստանում յանձնուողական կառավարութեան իշխանութեան պայմաններում, որը ոչ միայն չի նպաստում Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացմանը, այլեւ ուղղակի հակառակ պայքարի մէջ է։ Այս ամէնը ի հարկէ ենթակայ են փոփոխութեան ժամանակի ընթացքում, այն աշխատանքը, որ ներկայումս արւում է Արցախի հարցում, հետագայում լաւ մեկնակէտ է լինելու, ազգային նպատակներ սպասարկող ցանակցած կառավարութեան համար, Ղարաբաղեան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականութեան տիրոյթ վերադարձնելու համար։