Հ.Յ.Դաշնակցութեան Բիւրոյի յայտարարութիւնը Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թրքական պայմանագրի 100-ամեակի կապակցութեամբ
1952
0
Սիրելի հայրենակիցներ,
Լրանում է մեր պետութեան և ժողովրդի համար աղէտալի նշանակութիւն ունեցած Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամեակը։ Այդ պայմանագրի արդիւնքում Հայաստանին պարտադրուեց հրաժարիլ Արևելեան Հայաստանի զգալի հատուածից՝ Կարսի մարզից, Սուրմալու գաւառից, Նախիջևանից և այլն։
Տխրահռչակ պայմանագիրը ստորագրուեց միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրաւական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիւ Սոցիալիստական Հանրապետութիւնը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրաւունքի սուպյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրաւունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապէս դրանք ստորագրող կողմերին, և չեն կարող այլ իրաւունքներ ու պարտաւորութիւններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։ Հետևապէս, պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատուածները չեն կարող օրինականութեան հետ որևէ աղերս ունենալ։ Իսկ, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչուող մասով նոյնութեամբ կրկնում էր Մոսկուայի պայմանագրի դրոյթները, նոյնպէս միջազգային իրաւունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկուայի պայմանագրի դրոյթներից։ Կարևոր է նկատել, որ Հայաստանին պարտադրուեց հրաժարիլ Հայաստանի Առաջին Հանրապետութեան իրաւական տարածքներից, որոնք թուրքական ակրեսիայի հետևանքով բռնազաւթուել էին 1920 թ. աշնանը։
Ներկայումս Հարաւային Կովկասում շարունակաբար լարուող ռազմաքաղաքական իրաւիճակն ու միջպետական յարաբերութիւններում առկայ հակասութիւնները, տարածքային վէճերն ու էթնիկ հակամարտութիւնները, ակնյայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկուայի պայմանագիրն իր հակաօրինական բնոյթով, ի զօրու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղութիւն և անվտանգ համակեցութիւն։
Այդ պայմանագիրն իր ընդգծուած հակահայկականութեամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականութեանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքոյց հովանաւորութեամբ Ազրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուեց հերթական լայնամասշտաբ ակրեսիան և օկուպացուեց վերջինիս տարածքի մեծ մասը։ Դրանից յետոյ էլ, Ազրպէյճանաթուրքական տանդեմը անթաքոյց հաւակնութիւններ է դրսևորում Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ։
Մոսկուայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դէպի արևելք ծաւալուելու և Առաջաւոր Ասիա թափանցելու պանթուրքական-առաւելապաշտական ծրագրերը, այլև հնարաւորութիւն է տուել մարտավարական դադար առնել և պատեհ պահին, վերակազմակերպուած ուժերով և միջազգային յարաբերութիւնների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածուելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի։
ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրում Հարաւային Կովկասում և յարակից տարածքներում տևական խաղաղութեան հաստատման շուրջ միջազգային նոր և իրաւական պայմանագրի կնքման անհրաժեշտութեան վրայ, որը միջազգային գործօն երաշխիքներով և բոլոր ժողովուրդների ու պետութիւնների օրինական շահերը հաշուի առնելով, ինչպէս նաև արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արիւնալի պատերազմների հարիւրամեակների էջը։
Հայաստանի Հանրապետութիւնում այս օրերին ստեղծուած ներքաղաքական իրաւիճակով պայմանաւորուած՝ ՀՅԴ Բիւրօն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը յետաձգում է Մոսկուայի և Կարսի պայմանագրերի 100 ամեակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը:
Այս ընթացքում ՀՅ Դաշնակցութեան համաշխարհային ցանցը, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները խնդրոյ առարկայ հարցերով իրականացնելու են քաղաքական-յարաբերական աշխատանքներ։
Մասնաւորապէս՝ սոյն յայտարարութիւնը, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենեակի կողմից հասցէագրուելու է միջազգային այն քաղաքական կազմակերպութիւններին, որոնց ՀՅ Դաշնակցութիւնը անդամակցում է, ինչպէս նաև Հայաստանում հաւատարմագրուած մի շարք դեսպանութիւններին։
Նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետութեան՝ օրինականութիւնը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատուած թշնամուն յանձնած իշխանութիւններին խստօրէն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել Մոսկուայի պայմանագրի կամ դրանից ածանցուած Կարսի պայմանագրի դրոյթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետութեան 100-ամեայ նպատակն է։ Կարևոր ենք համարում յիշեցնել, որ ո՛չ Մոսկուայի և ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչուած են Հայաստանի Հանրապետութեան կողմից, դրանք ճանաչուած չեն եղել նոյնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարաւորութիւն է եղել արտայայտել սեփական կամքը։
Համոզուած ենք՝ մեր ժողովրդի համախմբուած աշխատանքով, ուժեղ Հայաստանով և համերաշխ հասարակութեամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքներին և վերականգնել համազգային արժանապատուութիւնը։
ՀՅԴ Բիւրօ
16.03.2021 թ.