ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (Ապրիլ-Մայիս, 2023թ)

ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ՝ Ապրիլի 16-17ը Հալէպում գումարուել է ՀՅԴ Հայ Դատի Միջին Արեւելքի յանձնախմբերի խորհրդաժողով, որտեղ ներկայացուել է շրջանների աշխատանքների վերաբերեալ զեկոյցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղութեամբ մարտահրաւէրները եւ առաջարկուել լուծումներ՝ դիմագրաւելու մատնանշուած խնդիրները։

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանն Ապրիլի 25-ին ընդունել են փաստահաւաք առաքելութեամբ Հայաստան ժամանած՝ Եւրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի գլխաւորած պատուիրակութեանը։ Յակոբ Տէր Խաչատուրեանը շնորհակալութիւն է յայտնել հիւրին՝ իր երկարամեայ հայանպաստ գործունէութեան համար եւ ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակը։ Ընդգծուել է՝ Հայ Դատի Եւրոպայի եւ կենտրոնական գրասենեակները պատրաստ են շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերեալ օբիեկտիւ իրազեկուածութեան մակարդակի բարձրացումը Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորների շրջանում:

Մայիսի 3-ին Հայաստանում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութիւնում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութիւնը՝ մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի եւ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի, հանդիպել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Ղազարեանի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծուած իրավիճակում Արցախի շահերի միջազգային պաշտպանութեան, Արցախի շուրջ միջազգային իրազեկուածութեան բարձրացման, Արցախին պարտադրուող մեկուսացումը յաղթահարելու, հումանիտար բնոյթի խնդիրների լուծմանը նպաստելու ուղղութեամբ։ Յատկորոշուել են համատեղ աշխատանքի որոշ ուղղութիւններ։ Յակոբ Տէր Խաչատուրեանը անգամ եւս կարեւորել է Հայ Դատի համակարգի եւ Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցութիւնների անցկացումը եւ վստահեցրել, որ Հայ Դատի համաշխարհային ցանցն աննահանջ կերպով շարունակելու է աշխատանքները:

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը աշխատանքներ է իրականացրել երկու հիմնական ուղղութիւններով՝ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանութիւնը ֆեդերալ մակարդակով դասաւանդելու մասին օրէնսդրական նախաձեռնութեան առաջմղում եւ Արցախին պարտադրուող ատրպէյճանական շրջափակման վերացում։

Ապրիլի 1-ին Ադամ Շիֆի առաջնորդութեամբ թուով 35 կոնգրեսականներ Բայդէնի վարչակազմից պահանջել են Արցախի շարունակուող շրջափակման եւ հակահայ ագրեսիայի համար Ատրպէյճանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։ Աւելի ուշ՝ Ապրիլի 24-ին, Ադամ Շիֆը ներկայացրել է Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի աջակցութեամբ առաջ մղուող մէկ այլ բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախութիւնը:

Վերջին երկու ամսուայ ընթացքում էական առաջադիմութիւն է գրանցել Հայոց Ցեղասպանութիւնը ֆեդերալ մակարդակով դասաւանդելուն մասին օրէնսդրական նախաձեռնութիւնը, ինչն Ապրիլի 24-ին Կոնգրեսի քննարկմանն է ներկայացուել կոնգրեսականներ Անն Էշուի, Գուս Բիլիրակիսի, Դաւիթ Վալադաոյի կողմից։

Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայ Դատի յանձնախմբի համակազմակերպմամբ անց է կացուել Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նուիրուած ամէնամեայ աւանդական միջոցառում, որին մասնակցել եւ ելոյթներ են ունեցել Կոնգրեսի մի քանի տասնեակ անդամներ։

 Եւրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հրաւէրով Ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՅԴ Հայ Դատի՝ եւրոպական երկրներում գործող յանձնախմբերի պատասխանատուների առցանց քննարկում, որին մասնակցել են աւելի քան տասը երկրներում գործող Հայ Դատի յանձնախմբերի պատասխանատուներ։ Քննարկման օրակարգը ընդգրկել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի եւ իւրաքանչիւր յանձնախմբի նախընթաց ամիսների աշխատանքի վերագնահատումը, ընթացիկ ու առաջիկայ աշխատանքների մարտավարութեան մշակումը՝ միտուած Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանի եւ ատրպէյճանական շարունակական ագրեսիայի վերաբերեալ եւրոպական հասարակական-քաղաքական, պետական շրջանակների հետ նպատակադրուած աշխատանքով օբիեկտիւ իրավիճակ ձեւաւորելուն։

Բրիւսէլում տեղակայուած ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, որը Եւրոմիութեան ղեկավար կառոյցների հետ աշխատանքին զուգահեռ, նաեւ համակարգում է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները եւրոպական տասնչորս երկրում, իր գործունէութեան բնոյթով եւ արդիւնքներով պայմանաւորուած, պարբերաբար յայտնւում է ատրպէյճանական հակաքարոզչութեան, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի դէմ Ատրպէյճանի պայքարը յայտնի է կոռուպցիոն բազմաթիւ դրսեւորումներով: Դրանցից մէկը եւրոպական տարբեր պարբերականներում գրասենեակի եւ դրա նախագահ Գասպար Կարապետեանի վերաբերեալ կեղծ տեղեկատուութեան տարածումն է, որի նպատակը ինչպէս նրան, այնպէս էլ Եւրոպայում ՀՅԴ Հայ Դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Յատկանշական է, որ Գասպար Կարապետեանին ատրպէյճանական իշխանութիւնները դեռեւս տարիներ առաջ հեռակայ կարգով դատապարտել են բանտարկութեան։ Ատրպէյճանական հերթական սադրանքի արդիւնքում 2023թ․ Մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակուել է ինքն իրեն քաղաքագիտութեան դոկտոր եւ Մերձաւոր Արեւելքի մասնագէտ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացայայտ ստի ու կեղծիքի վրայ հիմնուած յօդուածը, որը նպատակ է հետապնդում Հայ Դատի Եւրոպայի գրասենեակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եւրոպական պաշտօնեաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եւրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձեւերի ընդունում ապահովելու մէջ։ Հեղինակը փորձել է ատրպէյճանական մտացածին թէզերը կապել վերջերս Եւրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգէյթ» անուանումը։ Այսպէս՝ նա օգտագործում է «Արմենիագէյթ» ձեւակերպումը՝ հաւանաբար հաշուի առնելով, որ «Քաթարգէյթի» մասին հրապարակումները Եւրոպայում մեծ դիտողականութեան են արժանանում։ Յատկանշական է նաեւ, որ յօդուածագիրը գրեթէ նոյնութեամբ դիտել է ատրպէյճանական պետական քարոզչամեքենայի յենասիւներից մէկը համարուող Haqqin.az լրատուամիջոցում դեռեւս 2018թ․ Գասպար Կարապետեանի դէմ գրուած հերթական յօդուածի «պնդումները»։ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը պատրաստւում է նաեւ դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դէմ։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնուել Եւրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամաւոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը։ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի ուղեկցութեամբ Ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սիւնիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին յարակից հատուածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրայ, ատրպէյճանական կողմը ապօրինի կերպով անցակէտի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորը ծանօթացել է նաեւ վերջերս Տեղ գիւղի յարակից տարածքում ատրպէյճանական սադրանքի արդիւնքում տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպէս նաեւ ատրպէյճանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնուելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եւրոպացի պատգամաւորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ։

Ապրիլի 25-ին Երեւանում հանդիպումներ են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եւրոպական ինտեգրացիայի մշտական յանձնաժողովի ղեկավարի եւ անդամների, խորհրդարանական ընդդիմութեան ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավարի հետ։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աջակցութեամբ բելգիացի եւ ֆրանսիացի թուով երեսուներկու քաղաքական եւ հասարակական գործիչներ յայտարարութիւն են ընդունել, որով դատապարտել են Ատրպէյճանի կողմից ապօրինի անցակէտի տեղադրումը եւ Արցախի բնակչութեան կրկնակի շրջափակումը։ Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է․ «Մենք դատապարտում ենք Ատրպէյճանի կողմից Լաչինի միջանցքում անցակէտի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում եւ վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգութիւնը։ Սոյնով մենք կոչ ենք անում Ատրպէյճանի կառավարութեանը կատարել իր պարտաւորութիւնները, անյապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակէտը, դադարեցնել թշնամական քաղաքականութիւնը Արցախի բնիկ հայ բնակչութեան դէմ եւ հանդէս գալ որպէս միջազգային հանրութեան պատասխանատու անդամ»։

Գանատա

ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախմբի կազմակերպմամբ Ապրիլի 23-ին Օթաուայում կազմակերպւել է «Մեր իրաւունքը մեր ձեռքով» խորագիրը կրող համագաղութային քայլերթ, որին մասնակցել են Թորոնթոյից, Գեմպրիճից, Լաւալից, Մոնթրէալից, Համիլթընից, Սենթ Քաթրինզից մայրաքաղաք ժամանած հայերը։ Քայլերթը սկիզբ է առել Գանատայի խորհրդարանից եւ շարունակուել մինչեւ Թուրքիայի դեսպանատուն, որի յարակից տարածքում հնչել են ելոյթներ։

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի, ինչպէս նաեւ վերջինիս կողմից ձեւաւորուած «Արդարութեան միացեալ նախաձեռնութիւն» բազմէթնիկ միաւորման հետեւողական ջանքերի արդիւնքում՝ Մայիսի 11-ին Աւստրալիայի Թասմանիա նահանգի խորհրդարանը ճանաչել է Օսմանեան կայսրութիւնում հայերի, յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնը։ Այդպիսով՝ Թասմանիան դարձաւ աւստրալիական երրորդ նահանգը, որը Նոր Հարաւային Ուելս եւ Հարաւային Աւստրալիա նահանգներից յետոյ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը։ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը որոշակի աշխատանքներ է իրականացրել նաեւ Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութիւնը ֆեդերալ մակարդակում ճանաչելու ուղղութեամբ, ինչը տեւական ժամանակ է, ինչ ձգձգւում է։ Այնուամենայնիւ, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը պատշաճ կերպով ոգեկոչել է Նոր Հարաւային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Քրիս Մինսը, որն այդ առիթով յատուկ ուղերձ է յղել աւստրալահայ համայնքին։

Ուրուկուէյ

Ուրուկուէյի Խորհրդարանի նախագահի եւ ՀՅԴ Հայ Դատի Ուրուկուէյի յանձնախմբի համատեղ աշխատանքի արդիւնքում Ուրուկուէյի նախագահ Լուիս Լագաժօ Փոուի, Ազգային Ժողովի նախագահ Բեատրիս Արխիմոնի, կառավարութեան բազմաթիւ անդամների եւ համայնքային կազմակերպութիւնների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցութեամբ երկրի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման միջոցառում։ Միջոցառման ընթացքում նաեւ ելոյթներ են ունեցել Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանում ՀՀ լիազօր ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանը, միջազգային յարաբերութիւնների եւ պատմութեան մագիստրոս, ցեղասպանութեան հարցերով փորձագէտ Ռոտրիգօ Մելկարը։ Միջոցառման փակման ելոյթով հանդէս է եկել ՀՅԴ Հայ Դատի Ուրուկուէյի յանձնախմբի նախագահ Սթեֆանի Դեմիրջեանը։

Յունաստան

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի եւ Աթենքի տեղական իշխանութիւնների կողմից Ապրիլի 23-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպուել Աթենքում։ Ոգեկոչման միջոցառումն իրենց ներկայութեամբ պատուել են յոյն պետական, զինուորական, դիւանագիտական պաշտօնեաներ, տարածքային ու տեղական իշխանութիւնների ներկայացուցիչներ։ Պաշտօնական միջոցառումից յետոյ ներկաները քայլել են դէպի Յունաստանի Խորհրդարանի նստավայր՝ ծաղիկներ խոնհարելով «Անյայտ զինուորի» յուշարձանի մօտ։

 Կիպրոս

ՀՅԴ Կիպրոսի կոմիտէն եւ ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը եւ Հայաստանի նկատմամբ ատրպէյճանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպէս նաեւ Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ատրպէյճանին դատապարտող բանաձեւ։ Ներկայացուած բանաձեւը Ապրիլի 6-ին քննարկուել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում եւ միաձայնութեամբ ընդունուել։ Բանաձեւը Ատրպէյճանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս յորդորում է անմիջապէս բացել միջանցքը։

Մեծ Բրիտանիա

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի հրաւէրով, Ապրիլի 28-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մասնակցել են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման միջոցառմանը։ Յատկանշական է, որ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի հրաւէրին արձագանգել եւ միջոցառմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր՝ պահպանողական, աշխատաւորական, լիբերալ-դեմոկրատական, շոտլանդական, ուելսեան կուսակցութիւնների ներկայացուցիչները։ Լորդերի պալատի անդամները, Հայաստանի հետ բարեկամութեան խմբի անդամները՝ խմբի նախագահ Թիմ Լոթնի առաջնորդութեամբ մասնակցել են Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակման միջոցառմանը։

Ֆրանսիա

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի նախաձեռնութեամբ՝ Փարիզում՝ Էյֆէլեան աշտարակի հարեւանութեամբ, հազարաւոր ֆրանսահայերի մասնակցութեամբ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւն եւ երթ: Ելոյթներով հանդէս են եկել՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահներ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, Արա Թորանեանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն, ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանին:

 

Սիրիա

ՀՅԴ Հայ Դատի Սիրիայի յանձնախումբն Ապրիլի կէսերին Հայ Դատի, դրա նպատակների ու խնդիրների վերաբերեալ դասախօսութիւնների շարք է կազմակերպել Հալէպի հայկական ուսումնական հաստատութիւնների բարձր դասարանների աշակերտների համար։

 

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ատրպէյճանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբիեկտիւ տեղեկատւութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

22.05.2023 թ

 

Comments are closed.