ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (մարտի 15-ապրիլի 1, 2022թ.)

Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքները վերոնշեալ ժամանակահատուածում մեծ մասամբ կենտրոնացել են Արցախում ադրբեջանական ուժերի առաջացրած հումանիտար ճգնաժամի վերաբերեալ միջազգային իրազեկման բարձրացման, նաեւ այդ համատեքստում Արցախի իրաւունքների ու շահերի պաշտպանութեան ուղղութեամբ։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակել է մեծ թափով աշխատանքներ իրականացնել հիմնականում Ադրբեջանին տրամադրուող ռազմական օժանդակութեան բացառման եւ Թուրքիային ժամանակակից զինտեխնիկայի վաճառքը կանխելու ուղղութիւններով։ Թուրքիային եւ Ադրբեջանին վաճառուող/տրամադրուող ամերիկեան ռազմական արտադրանքի վրայ արգելանք դնելու համար Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ձեւաւորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների կոալիցիա, որում ներառուած կազմակերպութիւնների թիւն անցնում է մէկ տասնեակից՝ ներառելով յունական, ասորական, քրդական, հրէական եւ այլ կազմակերպութիւններ։ Հարկ է նշել, որ մարտի 28-ին Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը CNNturk-ի եթերում յայտարարել է, որ հայկական եւ յունական լոբբիները ԱՄՆ Կոնգրեսում արգելափակում են նոր F-16 կործանիչների եւ արդիականացման տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Մարտի 15-ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը հանդէս է եկել նախագահ Ջօ Բայդէնի հետ հանդիպման պահանջով՝ քննարկելու համար «907-րդ բանաձեւի» պահանջների կատարման վերաբերեալ առաջիկայ նախագահական որոշումն ու Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցման հարցը։

Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը մարտի 28-ին տեղեկացրել է, որ ինչպէս 2022թ․ ֆիսկալ տարուայ համար, նախագահ Բայդէնի վարչակազմն առաջարկել է Հայաստանին տրամադրել 24 մլն դոլարի օժանդակութիւն, իսկ Արցախի համար օժանդակութիւն առհասարակ նախատեսուած չէ։ Նախորդ տարի նախագահական նոյն առաջարկի պարագայում, Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում, ԱՄՆ Կոնգրեսը կրկնապատկեց Հայաստանին տրամադրուող ամերիկեան օժանդակութիւնը, իսկ Արցախի համար նախատեսեց 2 մլն դոլար՝ յատուկ ականազերծման ծրագրերի համար։ Յատկանշական է, որ նախագահական այս վերջին առաջարկից կարճ ժամանակ առաջ նախագահ Բայդէնն ինքն էր ստորագրել իրաւական այն ակտը, որով Հայաստանին ու Արցախին տրամադրւում էր աւելացուած ֆինանսական օժանդակութիւն։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել 2023թ․ Հայաստանի համար Սպիտակ տան վարչակազմի կողմից առաջարկուած գումարի շեշտակի աւելացման ուղղութեամբ։

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիային մարտի վերջին անդրադարձել է Կոնգրեսի հայկական հարցերով խումբը՝ ի դէմս խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի, Գուս Բիլիրակիսի, Ջեքի Սփէյերի, Դաւիթ Վալադաոյի եւ փոխնախագահ Ադամ Շիֆի։ Վերջիններս դատապարտել են Ադրբեջանի գործողութիւնները ու Պետդեպարտամենտին կոչ արել «օգտագործել ձեռքի տակ եղած դիւանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու նախագահ Ալիեւի ռազմատենչ գործողութիւնները եւ նրան վերադարձնելու բանակցութիւնների սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղութեան գործընթացի միջոցով»։

Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի պատասխանատուները մարտի 31-ին ընդունել են աշխատանքային այցով ԱՄՆ մայրաքաղաքում գտնուող ՀՀ ԱԺ պատգամաւորներ Աննա Գրիգորեանին եւ Թագուհի Թովմասեանին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի սպառնալիքների, ինչպէս նաեւ սփիւռքի դերի բարձրացման վերաբերեալ։ Քննարկուել է նաեւ Արցախում եւ Հայաստանում ստեղծուած անվտանգային միջավայրը

Եւրոպա

Մարտի երկրորդ կէսին ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը ծաւալուն աշխատանք է իրականացրել համաեւրոպական մակարդակում՝ ԵՄ ղեկավար կառոյցներին ներկայացնելով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը, դրա պատճառ հանդիսացող ադրբեջանական ահաբեկչական քաղաքականութիւնը եւ Արցախում նոր էթնիկ զտումների իրական վտանգը։ Յարաբերական աշխատանքի շրջանակն ընդգրկել է Եւրոպական Խորհրդարանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, ԵԱՀԿ-ն, Արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութիւնը, Եւրոպայի Խորհուրդը, Եւրոպական Միութեան խորհուրդը, Եւրոպական յանձնաժողովը, ԵՄ հայաստանեան ներկայացուցչութիւնը, Եւրոպական խորհրդարանի թւով չորս քաղաքական խմբեր։

Մարտի 17-ին Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Հարաւային Կովկասի երկրների հետ ԵՄ պատուիրակութեան ղեկավար Մարինա Կալիւրանդի՝ Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ հասցէական անդրադարձը։

Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգութեան ոչնչացման ու պատկանելիութեան նենգափոխման խնդրին կրկին անդրադարձել է Եւրոպական Խորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամութեան խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալէնը, ով նաեւ հարցազրոյց է տուել Արցախի հանրային հեռուստաընկերութեանը։ Վան Դալէնի դերակատարութիւնն առանցքային էր մարտի 10-ին Եւրոպական Խորհրդարանի՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ» բանաձեւի ընդունման գործում։

Մարտի 25-ին Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը գրութեամբ դիմել է Եունեսկոյի գլխաւոր քարտուղարին՝ ուշադրութիւն հրաւիրելով մարտի 10-ի Եւրոպական Խորհրդարանի բանաձեւի վրայ՝ կոչ անելով կոնկրետ գործողութիւնների, մասնաւորապէս անմիջապէս Եունեսկոյի համապատասխան առաքելութիւն կեանքի կոչելու եւ Արցախ ուղարկելու համար, որը պէտք է կատարի կրօնական եւ մշակութային ժառանգութեան գոյքագրում եւ անի ամէն ինչ՝ կանխելու Ադրբեջանի կողմից հազարամեայ մշակութային ժառանգութեան ոչնչացումը, ինչպէս նաեւ պատմական նենգափոխումը։

Գանատա

Արցախում ստեղծուած իրավիճակի կապակցութեամբ մարտի 29-ին յայտարարութեամբ է հանդէս եկել Հայ Դատի Գանատայի յանձնախումբը՝ գանատական հասարակական-քաղաքական շրջանակներին մանրամասնօրէն ներկայացնելով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամն ու ադրբեջանական զինուժի յանցագործութիւնները։ Յանձնախմբի աշխատանքների արդիւնքում՝ մարտի 30-ին Գանատայի Սենատում, ընդդիմադիր Պահպանողական կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Լէօ Հուսաքոսը խստիւ դատապարտել է Արցախի դէմ Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութիւնը՝ նշելով, որ մարտի 24-ից ադրբեջանական բանակը խախտում է հրադադարը, ներխուժում Արցախի բնակավայրեր եւ մտադրութիւն ունի վերսկսելու ռազմական գործողութիւնները։ Սենատորը նկատել է, որ Ադրբեջանի ագրեսիւ ընթացքը միջազգային իրաւունքի համաձայն որակւում է որպէս պատերազմական յանցագործութիւն։ Հուսաքոսը Գանատայի կառավարութեանը կոչ է արել դատապարտել Բաքուի վարքագիծն ու զօրակցել Արցախի ժողովրդին։

Աւստրալիա

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը քանիցս հրապարակայնօրէն քննարկուել է երկրի հասարակական-քաղաքական շրջանակներում, այդ թւում ամենամեծ՝ Նոր Հարաւային Ուելս նահանգի խորհրդարանում, որտեղ պատգամաւոր Հիւջ ՄըքԴերմոթը մարտի 25-ին բարձրաձայնել է ադրբեջանական ահաբեկչական գործողութիւնների մասին եւ արտգործնախարար Փէյնէին կոչ արել արձագանքել Հայ Դատի Աւստրալիայի գրասենեակի դիմումին՝ Արցախին հումանիտար բնոյթի օժանդակութիւն տրամադրելու համար։

Հայ Դատի Աւստրալիայի յանձնախմբի անդամները մարտի 1-ին առցանց հանդիպում են անցկացրել Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի եւ մարդու իրաւունքների պաշտպանի հետ, ովքեր մանրամասնօրէն ներկայացրել են Արցախում ստեղծուած իրավիճակը, ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողութիւններն ու պատերազմական յանցագործութիւնները։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Աւստրալիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայէլեանը։

Յունաստան

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի եւ «Փափազիսիս» հրատարակչութեան համակազմակերպմամբ՝ մարտի 21-ին կայացել է Թաներ Աքչամի վերջին գրքի՝ «Սպանութեան հրահանգներ», յունարէն թարգմանութեան շնորհանդէսը։ Այս առիթով Աթէնք էր ժամանել նաեւ գրքի հեղինակը։

Երեկոյթին մասնակցում էին Յունաստանի կրթութեան փոխնախարարը, ՀՅԴ Յունաստանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչը, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահը, յունական, պոնտական, ասորական համայնքային եւ հասարակական կազմակերպութիւնների ղեկավար-ներակայացուցիչներ եւ ընդհանրապէս աշխատանքով հետաքրքրուածներ։

Երեկոյթի ընթացքում Թաներ Աքչամն անդրադարձել է գրքում տեղ գտած փաստաթղթերին, որոնց հիմքը կազմուած է Արամ Անտոնեանի հեղիանակած վաւերագրքից, որտեղ ներկայացուած են թուրք պաշտօնեայ Նայիմ Էֆենդիի յուշագրութիւնները։ Գրքի համար կարեւոր են եղել նաեւ հայ կաթողիկէ եկեղեցու վարդապետ Գրիգոր Կերկերեանի յուշագրութիւնները։ Հեղինակը ներկայացրել է թուրքական ժխտողականութիւնը եւ փաստագրութեան խեղաթիւրման քաղաքականութիւնը, որ Օսմանեան պետութիւնը յղացրել էր հայերի եւ այլ քրիստոնեայ ժողովուրդների ցեղասպանութիւնների օրերին։ Մասնաւորապէս, հեղինակը ներկայացրել է, թէ այդ ընթացքում պետութիւնն ինչպէս էր ստեղծել շինծու փաստաթղթեր, միաժամանակ փորձել անհետացնել իրական փաստաթղթերը, որոնցում առկայ էին հայ ժողովրդին բնաջնջելու հրահանգներ։ Աքչամը, իբրեւ օրինակ, բերել է Գրիգոր Զոհրապի եղերական սպանութիւնը ժխտող «փաստաթուղթը», որտեղ արձանագրուած է, թէ իբր Զոհրապը մահացել է սրտի կաթուածից։

Մեծ Բրիտանիա

Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերեալ մարտի 30-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին է դիմել բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ կոչ անելով կառավարութեանը անյապաղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կանխելու ադրբեջանական վայրագութիւնները։ Քոքսը բարձրացրել է Արցախում նոր էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական մտադրութիւնը՝ նշելով, որ դա կը լինի մարդասիրական աղէտ։ Բարոնուհին նաեւ ընդգծել է, որ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ բռնութիւններն իբրեւ ագրեսիա սահմանելու չափոփորոշիչները պէտք է միանշանակ լինեն բոլոր տարածաշրջանների համար։

Կիպրոս

Արցախի Հանրապետութեան բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայի եւ դրանով ստեղծուած իրավիճակի վերաբերեալ մարտի 24-ին Հայ Դատի Կիպրոսի յանձնախումբը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ մանրամասնօրէն ներկայացնելով ներկայ կացութիւնը եւ նախանշելով այն քայլերը, որոնք յանձնախումբն առաջիկայում պէտք է իրականացնի Արցախի շահերի պաշտպանութեան ուղղութեամբ։

Լիբանան

Արտաքին-յարաբերական աշխատանքների շրջանակում ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինի մարտի 16-28-ը նամակներ է յղել Լիբանանում հաւատարմագրուած մի շարք պետութիւնների դեսպաններին։ Մասնաւորապէս, մարտի 16-ին Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շուեդիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Դանիայի, Չեխիայի, Արգենտինայի, Չիլիի եւ Բրազիլիայի դեսպաններին յղուած նամակով ներկայացուել է Արցախում ստեղծուած կացութիւնը։

Յանձնախումբը մարտի 21-ին նամակ է ուղարկել Լիբանանում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Եոհաննա Վրոնեցկային՝ դատապարտելով բռնազաւթուած Շուշիում Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցութեան 30-ամեակի միջոցառմանը Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչութեան մասնակցութիւնը։

Մարտի 28-ին յանձնախումբը Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերեալ հանգամանօրէն ծանուցել է Միացեալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նորուեգիայի, Իռլանդիայի, Մեքսիկայի, Հնդկաստանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների դիւանագիտական ներկայացուցչութիւններին։

Սիրիա

Հայ Դատի Սիրիայի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Բերիոյ Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տէր Մասիս եպիսկոպոս Զոպեանի հովանաւորութեամբ, արաբերէն է թարգմանուել «Արդարացի լուծում-Հայոց ցեղասպանութեան հատուցումներ» իրաւագիտական գրքոյկը, որի շնորհանդէսը մարտի 24-ին կայացաւ Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցում։

Շնորհանդէսին ներկայ էին տարբեր կրօններ ներկայացնող հոգեւոր պետեր, Սիրիայի խորհրդարանի պատգամաւորներ, հասարակական, համայնքային կառոյցների ղեկավարներ, ակադեմիական գործիչներ, ոլորտային մասնագէտներ եւ տեղական լրատուամիջոցների ներկայացուցիչներ։

Գրքոյկի թարգմանիչը իրաւաբան, Հալէպի պետական համալսարանի դասախօս Սպհի Ջորջ Տիպոն է։ Վերջինս երեկոյթի ընթացքում մանրամասնօրէն ներկայացրել է հրատարակութիւնը՝ նշելով, որ այն առիթ հանդիսացաւ, որ ինքը ծանօթանայ հայոց պահանջատիրութեան իրաւական հիմքերին։ Տիպոն նաեւ նկատել է, որ աշխատանքը գրուած է օտարազգի չէզոք ակադեմիական գործիչների կողմից եւ յստակ մատնանշում է այն հիմքերը, համաձայն որոնց Հայոց Ցեղասպանութեան փաստը ենթակայ է հատուցման։

Քուէյթ

Հայ Դատի Քուէյթի յանձնախումբը մարտի 24-ին այցելել է Քուէյթում ՀՀ դեսպանատուն եւ հանդիպում ունեցել արտակարգ եւ լիազօր դեսպան Սարմէն Բաղդասարեանի ու նորանշանակ հիւպատոս Արայիկ Սիմոնեանի հետ։

Հանդիպման ընթացքում յանձնախմբի ատենապետ Ժան Մոմջեանը շնորհաւորել է դեսպանին՝ դիւանագիտական բարձրագոյն աստիճանի շնորհման, իսկ հիւպատոսին՝ նշանակման կապակցութեամբ՝ մաղթելով բեղմնաւոր գործունէութիւն։

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին օբիեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։

 

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

02.04.2022 թ.

Leave a Comment

You must be logged in to post a comment.