ՀՅԴ Հայ դատի կեդրոնական գրասենեակի յայտարարութիւնը Լուիս Մորէնօ Օքամփոյի փորձագիտական զեկոյցի վերաբերեալ
Արցախի Հանրապետութեան նախագահը մօտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թէ արդեօ՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանութիւն յանցագործութեանը:
Օգոստոսի 7-ին ստացուել է մեծավաստակ գիտնականի զեկոյցը, ինչն ուսումնասիրուել է նաեւ ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակում՝ ըստ անհրաժեշտութեան Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակիների կողմից օգտագործման նախապատրաստելու համար։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակը զեկոյցը գնահատում է որպէս մասնագիտական բարձր որակներով, օբիէկտիւ եւ փաստական տուեալներով հիմնաւորուած աւարտուն աշխատանք։ Մասնաւորապէս՝ զեկոյցը միարժէքօրէն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացւում է՝ շարունակական ցեղասպանութիւն, ինչը հիմնաւորւում է «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ յօդուածի շրջանակներում, որը ցեղասպանութիւն է սահմանում նաեւ «որեւէ խմբի համար կեանքի այնպիսի պայմանների միտումնաւոր ստեղծումը, որոնք ուղղուած են նրա լրիւ կամ մասնակի ֆիզիքական ոչնչացմանը»։ Հեղինակն ասուածը հիմնաւորում է՝ յղում կատարելով Սրեբրենիցայում ցեղասպանական գործողութեան վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշմանը, ըստ որի բնակչութեանը սննդից, բժշկական օգնութիւնից, ապաստարաններից եւ հագուստից զրկումը համարւում է ցեղասպանութիւն։
Պարոն Օքամփոյի զեկոյցը բաղկացած է երեք հիմնական մասերից եւ անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանութեան յանցագործութեան՝ որպէս այդպիսին հիմնաւորմանը, դրա պատասխանատուների նոյնականացմանն ու յետաքննման հնարաւորութիւններին, ինչպէս նաեւ յանցագործութեան կանխարգելման ճանապարհներին։
Զեկոյցի հեղինակը մանրամասնօրէն վերլուծել է Լաչինի միջանցքի փակման առնչութեամբ միջազգային դատական ատեանների որոշումները, Ատրպէյճանի նախագահի եւ այդ երկրի ղեկավարների յայտարարութիւններն ու գործողութիւնները։ Մասնաւորապէս՝ Ալիեւի յայտարարութիւնների վերլուծութեամբ փաստուել է․
• Նախագահ Ալիեւը միտումնաւոր արգելափակել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կենսական անհրաժեշտութեան մատակարարումները։
• Նա բացայայտօրէն չի ենթարկուել Արդարադատութեան միջազգային դատարանի յատուկ հրամաններին՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով»:
• Արդարադատութեան միջազգային դատարանի որոշմամբ Ալիեւը ծանուցուած է եղել շրջափակման հետեւանքով հայերի առողջութեան եւ կեանքի համարստեղծուած «իրական եւ անմիջական ռիսկի» մասին։
Զեկոյցի հեղինակը նոյնականացնում է ցեղասպանութեան խնդրոյ առարկայ դէպքի առթիւ պատասխանատուութեան ենթակայ անձանց շրջանակը ու նրանց միջազգային պատասխանատուութեան կանչելու իրաւական մեխանիզմները։ Ըստ այդմ, բացի նախագահ Իլհամ Ալիեւից, սոյն յանցագործութեան համար միջազգային քրէական հետապնդման են ենթակայ նաեւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայութեան պետ Էլչին Գուլիեւը, պետական սահմանի պահպանութեան սահմանապահ ստորաբաժանման շտապի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայութեան արագ արձագանգման ուժերի արագ արձագանգման բրիգադի հրամանատար Միսիր Ալիեւը, ինչպէս նաեւ միջազգային յարաբերութիւնների ուսումնասիրութեան կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիեւը։ Նախագահ Ալիեւի պարագայում տրուած են նրա նախագահական անձեռնմխելիութեան յաղթահարման հնարաւորութիւնները՝ Միջազգային քրէական դատարանի կողմից։
Զեկոյցը պարունակում է նաեւ հարուստ իրաւաքաղաքական եւ կիրառական նշանակութեան խորհուրդներ ստեղծուած իրավիճակի յաղթահարման միջազգային մեխանիզմների գործարկման եւ ցեղասպանութեան կանխարգելման համար, զեկոյցը նաեւ ներառում է Ղարաբաղեան հակամարտութեան ամփոփ պատմաքաղաքական ու իրաւական նկարագրութիւն։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակը, բարձր գնահատելով զեկոյցի կիրառական նշանակութիւնը․ այն տրամադրել է Հայ դատի յանձնախմբերին ու գրասենեակներին՝ Արցախի շահերի պաշտպանութեան աշխատանքների ընթացքում օգտագործման եւ դրանում արտացոլուած դրոյթները միջազգային քաղաքական շրջանակների ուշադրութեանը ներկայացնելու համար։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
09. 08․ 2023 թ․
Comments are closed.