ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ողջունում է Զուիցերիայի Ազգային խորհրդի բանաձեւը՝ արցախահայութեան վերադարձի վերաբերեալ
Զուիցերիայի Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել է պատմական բանաձեւ՝ երկրի կառավարութեանը կոչ անելով հրաւիրել միջազգային ֆորում՝ նպաստելու եւ խթանելու Արցախից բռնի տեղահանուած բնիկ հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի իրացումը։
Զուիցերիայի Ազգային խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից ներկայացուած միջնորդութիւնը կոչ է անում ուղիղ բաց երկխօսութիւն սկսել արցախահայութեան ներկայացուցիչների եւ Ատրպէյճանի իշխանութիւնների միջեւ եւ վկայակոչում է միջազգային հանրութեան անհերքելի պատասխանատուութիւնը՝ իրենց պատմական հայրենիք տեղահանուածների ապահով վերադարձի երաշխաւորման հարցում։
Կարեւոր է նկատել` բացի Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին ուղղակիօրէն բանակցութիւնների հրաւիրելուց, բանաձեւի հիմնաւորման մէջ յստակ նշւում է. 2023 թուականի Սեպտեմբերին Ատրպէյճանի ռազմական գործողութիւններից յետոյ Լեռնային Ղարաբաղը դատարկուել է իր հայ բնակչութիւնից՝ վկայակոչելով «փաստաթղթաւորուած էթնիկ զտումները»:
Բանաձեւում նաեւ ընդգծւում է՝ Ատրպէյճանի իշխանութիւնների ուղղակի սպառնալիքներն ու ռազմական գործողութիւնները վախ են ներշնչել եւ ստիպել հայ բնակչութեանը մի քանի օրուայ ընթացքում լքել հայրենիքը։ Բացի այդ, վկայակոչւում է նաեւ Միջազգային քրէական դատարանի՝ 2023 թուականի Նոյեմբերին ընդունուած որոշումը, որով Ատրպէյճանից պահանջւում էր դադարեցնել հայկական կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութիւնը՝ հաշուի առնելով եկեղեցիների, գերեզմանատների եւ քաղաքացիական ենթակառուցուածքների աւերման փաստագրուած դէպքերը։
Այս փաստի առկայութիւնն ինքնին պահանջում է միջազգային երաշխիքների անհրաժեշտութիւնը՝ հետագայում պաշտպանելու տեղահանուած հայերի կեանքը։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, ողջունելով բանաձեւի ընդունումը, նշել է. «Սա Զուիցերիայի օրէնսդիր մարմնի կողմից կարեւոր քայլ է, որն ընդգծում է Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքին աջակցող միջազգային իրաւական եւ քաղաքական աճող թափը։
Այժմ Զուիցերիայի Նահանգային խորհուրդը պէտք է օգտուի հնարաւորութիւնից՝ վաւերացնելով բանաձեւը եւ հետագայում ճնշում գործադրի համապատասխան կեդրոնների վրայ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի հիմնարար իրաւունքները՝ իրենց հայրենիքում վերականգնելու ապահով, արժանապատիւ կեանքն ու կեցութիւնը»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
18 Դեկտեմբեր 2024 թ․
Comments are closed.