ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան յայտարարութիւնը

Որպէս միութիւն, որ հիմնադրուել է Արցախեան առաջին պատերազմի օրերին՝ իբրեւ ծնունդ ազգային երիտասարդութիւն պատրաստելու կարեւորութեան գիտակցման, եւ որպէս միութիւն, որ իր գործուն մասնակցութիւնն է բերել Ապրիլեան ու 44-օրեայ պատերազմներին, անընդունելի ենք համարում սահմանազատման անուան տակ Հայաստանի Հանրապետութեան տարածքների շարունակաբար յանձնումը:

Ներկայիս բարդ իրավիճակում այդ տարածքների յանձնումը վերջնականապէս կ’ոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը։

Մեզ համար վիճարկման առարկայ չի կարող լինել շուրջ երեսուն տարի հայ զինուորի արեամբ գծուած սահմանի Հայաստան լինելը. Հայաստանի Հանրապետութեան սահմանը սկսւում եւ վերջանում է այնտեղ, որտեղ կանգնած է հայ զինուորը։

«Սահմանագծման եւ սահմանազատման» անուան տակ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջումների ճանապարհով հարուած մեր պետականութեանը եւ, որ կամ նոյնն է` դաւաճանութիւն։

Որեւէ իշխանութիւն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշուի առնելու, կեղծ խաղաղութեան հաստատման պատրուակով, թշնամուն նուիրել տասնամեակներ շարունակ հայ զինուորի արեան գնով պահուած մեր պետութեան տարածքները` այդպիսով վտանգելով նոյն այդ ժողովրդի կենսական իրաւունքները։

Սիրելի՛ երիտասարդ, կա՛մ տէր կը կանգնենք մեր երկրին այսօր, կա՛մ այս իշխանութիւնը վերջնականապէս կ’ոչնչացնի մեր հայրենիքում ապրելու եւ ապագայ կերտելու բոլոր հնարաւորութիւններ։

Կոչ ենք անում բոլորին համախմբուել Տաւուշում ձեւաւորուած ժողովրդական դիմադրութեան շուրջ, սա միայն Տաւուշի կամ տաւուշեցու հարցը չէ, սա Հայաստանի եւ հայ ժողովրդի հարցն է։ Պէտք է համախմբել բոլոր ուժերը, պայքարը դարձնել համահայկական եւ համազգային` պայքարին միաձուլելով երիտասարդական միտքն ու ոգին:

Համախմբումով կարող ենք կանգնեցնել կործանարար այս ընթացքը, խառնել թշնամու եւ նրա կամակատարների ծրագրերը եւ նորից վեր յառնել` իբրեւ արժանապատիւ ազգ եւ պետութիւն։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւն

28 Ապրիլի 2024, Կիրանց, Հայաստանի Հանրապետութիւն

Comments are closed.