ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը. Քաղաքական կալանաւորումները փաստում են ազգադաւ իշխանութեան մօտալուտ իշխանազրկման վախը

Հայաստանի օրուայ իշխանութիւնն իր անփառունակ գոյութիւնը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների:

Անբարոյ և հակաիրաւական մեթոտներով լայնածաւալ յարձակում է կազմակերպել Արցախի հայաթափման և Հայաստանի թրքացման դէմ Հայաստանի Հանրապետութիւնում, Արցախում և Սփիւռքում ձևաւորուած դիմադրութեան շարժման նկատմամբ: Կեղծ օրինանակութեան շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը, իրաւապահ համակարգը թիրախաւորել է շարժման մէջ դերակատարում ունեցող ուժերին ու անձանց, հայրենիքի համար իրենց կեանքը չխնայած, հաշմանդամ դարձած բազմաթիւ հայորդիներին և նրանց հարազատներին:

Տասնեակ ձերբակալումներն ու կալանաւորումները, բռնութեան կիրառման բազմաթիւ դէպքերը, այդ թւում՝ Ազգային ժողովի պատգամաւորների և անչափահաս քաղաքացիների նկատմամբ, հազարաւոր ապօրինի բերման ենթարկելու դէպքերը փաստում են, որ մէկ անձի դիկտատուրական հակումների բաւարարման համար իրաւապահ համակարգը գործադրում է իր բոլոր ճիգերը՝ խախտելով անգամ իրաւունքի և բարոյականութեան նուազագոյն պահանջները: Վերջիններս առանձնակի ցինիկութեամբ յարձակուել են դիմադրութեան շարժման առանցքային ուժերից Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վրայ: Ապօրինի յարուցուող բազմաթիւ քրէական գործերը, կուսակցութեան գրասենեակների, անդամների և համակիրների բնակարաններում իրակացուող խուզարկութիւնները, տասնակների հասնող հարցաքննութիւնները, ձերբակալութիւնները, քաղաքական կալանաւորումները փաստում են ազգադաւ իշխանութեան մօտալուտ իշխանազրկման վախն ու սարսափը:

132 տարուայ ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիւ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դաւաճանների է դիմագրաւել, չի ընկրկել, յաղթահարել է բոլոր դժուարութիւնները, կանգնած է եղել Հայոց պետականութեան կերտման և ամրացման ակունքներում: Սա մի հերթական փորձութիւնն է, որն աներկբայ կը յաղթահարի և կը կերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականութեան նոր արշալոյս:

Բոլորի ուշադրութիւնը հրավիրելով Դաշնակցութեան նկատմամբ օրվա իշխանութեան կողմից իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափին՝ զգուշացնում ենք Հայաստանի Սահմանադրութիւնն ու օրենքները ոտնակոխ անող իշխանութեան և նրա կամակատար բոլոր անձանց. օրենքների ողջ խստությամբ պատասխանատվութեան պահը մոտ է:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
21․05․2022թ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.