ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
- (0)

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգութեան եւ բարգաւաճման ապահովումն է, չի կարող դէմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղութեանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ատրպէյճանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն ու հերթական նոր զիջումները որեւէ առնչութիւն չունեն իրական եւ կայուն խաղաղութեան գործընթացի հետ։
Տեւական եւ կայուն խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ է, որպէսզի Ատրպէյճանի հետ համաձայնագիրը լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, յարգի հայկական կողմի օրինական շահերը եւ ընդգրկի լուծումներ՝ կարգաւորման ենթակայ հարցերի ողջ փաթեթով։
Մինչդեռ Ատրպէյճանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն ու համաձայնեցուած փաստաթուղթը չի յստակեցնում Հայաստան-Ատրպէյճան սահմանագիծը, չի ապահովում Ատրպէյճանի զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ատրպէյճանի հետագայ ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած Արցախի եւ արցախահայութեան իրաւունքներին, այդ թւում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտուած իրաւունքի վերականգնմանը, չի լուծում Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։
Բանակցուած փաստաթուղթն, ըստ էութեան, նշանակում է Ատրպէյճանական պահանջների անվերապահ վաւերացում։
Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացուող նոր նախապայմանները, մասնաւորապէս՝ միջանցքի տրամադրման, սահմանադրութեան փոփոխութեան, ՀՀ-ում Ատրպէյճանցիների բնակեցման, «Ատրպէյճանի դէմ ռազմական յանցագործութիւններ գործած անձանց» արտայանձնման, միջազգային դատական ատեաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերեալ հնչող պահանջներն ուղղակիօրէն խարխլում են Հայաստանի ինքնիշխանութիւնը։
Ակնյայտ է, որ նման փաստաթղթով Ատրպէյճանն, ըստ էութեան, նպատակադրւում է փակել Արցախի հարցը, ձգտում է դէ եուրէ ամրագրել ցեղասպանութեամբ, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարաւորութիւնը։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը խստօրէն դատապարտում է գաղտնի բանակցութիւնների արդիւնքում Հայաստանին եւ հայ ժողովրդին պարտադրուող նոր զիջումները եւ յայտարարում, որ չի ընդունելու որեւէ փաստաթուղթ, որը ստորագրուել է Հայաստանի պետական շահերի հաշուին։
ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանութեան, անվտանգութեան ապահովման, ինչպէս նաեւ թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրութեան փոփոխութիւնը թոյլ չտալու հարցում։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
Մարտ 15, 2025, Երեւան