ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը Բանակի Օրուան Առիթով

Հայոց պետականութեանն ու հայ ժողովրդին ուղղուած գոյութենական լրջագոյն սպառնալիքների ու ծանր փորձութիւնների մթնոլորտում է նշւում մեր երկրի անվտանգութեան ու պաշտպանութեան գլխաւոր երաշխաւորի` Հայոց բանակի կազմաւորման 32-ամեակը:

Արցախեան ազատամարտի բովում ծնունդ առաւ մեր բանակը` դառնալով անկախ պետականութիւն, անվտանգ ապագայ կերտելու մեր հաւաքական երազանքների եւ աննահանջ կամքի երաշխաւորը:

Հազարաւոր հայորդիների անմնացորդ նուիրումով ու խիզախումով, նրանց թանկ արեամբ նուաճեցինք յաղթանակներ, ամրագրեցինք մեր ազգային եւ պետական արժանապատուութիւնը: Սակայն, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների անվտանգութիւնն ապահովող, տարածաշրջանում Հայաստանի Հանրապետութիւնը գործօն դարձած Հայոց բանակը 2018 թուականին ցաւալիօրէն դաւաճանուեց երկրում իշխանութիւնը զաւթած խմբակի կողմից: Թիրախաւորելով եւ վարկաբեկելով բանակը, հեղինակազրկելով զինուած ուժերի սպայական կազմը, թուլացնելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը` հայ ժողովուրդն ու Հայոց պետականութիւնը կանգնեցրին կորուստների եւ գոյութենական սպառնալիքների առջեւ: Աւաղ, սեփական յանցանքները բարդելով զինուած ուժերի վրայ` Հայաստանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը շարունակում է իր անփառունակ եւ պետականակործան ընթացքը:

Եւ, այնուամենայնիւ, լիայոյս ենք, որ ազգային իղձերի վերահաստատումով կարող ենք եւ պարտաւոր ենք յաղթահարել մեզ ուղղուած ծանրագոյն սպառնալիքները, ինչպէս հայ ժողովուրդը կարողացել է անհնարինը դարձնել հնարաւոր:

Խոնարհուելով Հայոց պետականութեան կերտմանն իրենց կեանքը նուիրաբերած քաջորդիների շիրիմների առջեւ, ապաքինում մաղթելով Հայրենիքի պաշտպանութեան մարտերում վիրաւորում ստացած բազմահազար մեր եղբայրներին եւ քոյրերին, ազատութիւն մաղթելով քաղաքական հայածեալ դարձած եւ ապօրինաբար ազատազրկուած, հայրենիքին ծառայութիւններ մատուցած հարիւրաւոր հայորդիներին, շնորհաւորում ենք Հայոց բանակի օրուայ առիթով:

Համոզուած ենք, որ ներազգային համախմբուածութեամբ ու մեր հաւաքական կամքով ի զօրու ենք վերականգնել Հայոց բանակի հզօրութիւնը, ապահովելով Հայոց պետականութեան արժանապատիւ երթն ու Հայ ժողովրդի` սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրաւունքը:

Տօնդ շնորհաւոր, Հայոց բանակ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

28 յունուար 2024

Comments are closed.