ՀՅԴ-ի համար անկախ պետականութիւնը բարձրագոյն արժէք է, որն ամէն գնով պէտք է պահպանել. ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան

«Սա մեր վերջին տարիների մեծագոյն տօնն է, ազատ եւ անկախ Հայաստանի ստեղծումը 33 տարի առաջ։ ՀՅԴ-ի համար անկախ պետականութիւնը բարձրագոյն արժէք է, որը ամէն գնով պէտք է պահպանել։ Այդ անկախութեան նախաշեմին Արցախեան գոյամարտն էր, այսօր Արցախը հայաթափուած է, բայց դա չենք դիտարկում որպէս վերջնական իրադարձութիւն։ Այդ 33 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել բաւականին լուրջ պետականութիւն, ազգային արժէքները վերադարձան հայրենիք, առաջին տարիներին ստեղծուեց հզօր բանակ, ունեցանք Արցախեան գոյամարտի յաջող ելք եւ Հայաստանը միջազգային հարթակներում ունէր բաւականին լուրջ արժէք։ Վերջին տարիներին կացութիւնը փոխուել է, այս յանձնուողական եւ պարտուողական քաղաքականութեան մէջ», Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինուորական պանթէոնում, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Լրագրողների հարցին, թէ արդեօ՞ք ՀՀ իշխանութիւնների հակահայ քաղաքականութիւնը չի դժուարացնում դրսում Հայ Դատի գրասենեակների, ՀՅԴ կառոյցների գործունէութիւնն ու աշխատանքները, որոնք միտուած են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանութեանը, Յակոբ Տէր-Խաչատուրեանը պատասխանեց․ «Մեր բարեկամ երկրների մէջ, երբ աշխատանք ես տանում եւ դնում ես հայկական պահանջներ, ասում են՝ ձեր իշխանութիւնները նման պահանջ չեն դնում, օրինակ մեր համար առաջնահերթութիւն է այսօր Հայ Դատի օրակարգում ունենալ Արցախի կարգավիճակի, արցախցիների վերադարձի, Պաքուի բանտերից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատագրման խնդիրները, սրանք չլուծուած հարցեր են, բայց անընդունելին այն է, որ Հայաստանը մնում է լուռ եւ այդ լռութիւնը մեր մօտ շփոթմունք է առաջացնում։ Մեր պահանջն այն է, որ մենք, որպէս համայնք, առաջնային խնդրի լուծումը տանք Արցախին վերաբերուող բոլոր կէտերին»։

Մանրամասն՝ տեսանիւթում։

 

Comments are closed.