Հիմա առաւել քան կարեւոր է ուժեղացնել Ռուսաստանի եւ Իրան հետ յարաբերութիւնները․ թուրքագէտ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի դադարում հայերին անուանել ագրեսորներ, եւ նրա իւրաքանչիւր որոշում Հայաստանի եւ հայերի դէմ պատժիչ գործողութիւնների միտում ունի: Այս ֆոնին՝ թշնամու մեծ եղբայր Էրդողանի՝ Հայաստանի իշխանութիւնների հետ քաղցր ու ջերմ յարաբերութիւնները, խաղաղութեան եւ եղբայրութեան կոչերը, անիրատեսական են եւ խիստ պաթետիկ։ Թուրքիան ու Ադրբեջանը մտել են յարաբերութիւնների մի փուլ, որտեղ թշնամական երկրների՝ միմեանց հետ ինտեգրումը շատ խոր արմատներ է գցել։ Այս մասին է վկայում նաեւ Շուշիի հռչակագիրը, որը վերջերս վաւերացուեց երկու երկրների խորհրդարանների կողմից:
Ալիեւն այսօր էլ յայտարարել է, թէ Երեւանի եւ Բաքուի միջեւ պէտք է կնքուի խաղաղութեան համաձայնագիր։ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ այն պէտք է ստորագրուի երկրների տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման պայմանով։ Նա նշել է, թէ «ադրբեջանական ժողովուրդը եւ ոչ ոք երբեք չպէտք է մոռանայ հայերի կատարած վայրագութիւնները»։ «Մենք մեր հողերում ենք։ Արիւն թափելով՝ վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրայ եւ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է»,- յայտարարել է Ալիևը։
Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն ասում է՝ տարանջատել Թուրքիային եւ Ադրբեջանին հիմնական, սկզբունքային հարցերում շատ դժուար է: Ըստ նրա՝ Ալիեւի յայտարարութիւնները համաձայնեցուած են Թուրքիայի հետ եւ մաս են կազմում նրանց ընդանուր քաղաքականութեանը, որի նպատակն է հնարաւորինս ճնշում գործադրել Հայաստանի վրայ եւ հասնել իրենց այն նպատակներին, որոնք չկարողացան իրագործել պատերազմի ընթացքում:
Թուրքիան անթաքոյց, ջանասիրաբար ներգրաւուել է նաեւ ռուս-ուկրաինական ճակատում տիրող աշխարհաքաղաքական զարգացումներին։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը խիստ պայթունավտանգ է, եւ ո՞րն է Թուրքիայի շահագրգռուածութիւնը այստեղ, ի՞նչ կարող է Հայաստանին սպասուել այս զարգացումներից: Թուրքագէտը մեկնաբանում է։
«Աշխարհաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում մեծ ազդեցութիւն ունեն: Ես կարծում եմ, որ Թուրքիան, զէնք եւ «Բայրաքթար» տրամադրելով Ուկրաինային, ստորագրելով համաձայնագրեր համատեղ արտադրութեան մասին, ամէն ինչ անում է, որպէսզի Ռուսաստանն աւելի խորը ներքաշուի ուկրաինական ճգնաժամի մէջ, եւ դա անում է ոչ միայն իր գլոբալ քաղաքականութեան նպատակներից ելնելով, այլ նաեւ հենց կոնկրետ մեր տարածաշրջանում իր նպատակների համար։ Այդ նպատակներն են՝ շեղել Ռուսաստանի ուշադրութիւնը դէպի Եւրոպա, դէպի Ուկրաինա եւ այստեղ՝ հարաւային Կովկասում, հնարաւորութիւն ստանալ աւելի ակտիւ քաղաքականութիւն վարելու: Սա աշխարհաքաղաքական այն հաշուարկն է, որը դրուած է Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականութեան մէջ»,-Yerkir.am-ին ասաց Սաֆրաստեանը:
Թուրքիայի յայտարարութիւնները, թէ պատրաստ է Հայատանի հետ յարաբերութիւնները կարգաւորել, թուրքագէտը դիտարկում է Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական շրջանակներում, այն է՝ ամէն ինչ անել, որ տարածաշրջանում ուժեղացնի իր ազդեցութիւնը: Թուրքագէտի խօսքով՝ երբ Թուրքիան Ադրբեջանին օժանդակեց 44-օրեայ պատերազմում, պատրաստեց, օգնեց, վարձկաններ եւ զէնք ուղարկեց, ունէր շատ աւելի հեռուն գնացող նպատակներ, որոնք չյաջողեց իրականացնել:
«Մենք յիշում ենք, թէ Թուրքիան ինչքան էր ուզում իր խաղաղապահներին ռուսների հետ Արցախում տեղակայել: Այս ամէնը նշան է այն բանի, որ Թուրքիան պլանաւորել է մեր տարածաշրջանում հասնել աւելի մեծ դիրքերի՝ ի հաշիւ Ռուսաստանի: Հիմա Թուրքիայի կողմից տարածաշրջանում պայքար է գնում նոր ստատուս քուոյի համար: Այնպիսի ստատուս քուոյի, որ իր դիրքերն աւելի ուժեղ լինեն: Բայց սա մեր տարածաշրջանում մի մեծ աշխարհաքաղաքական խաղի բաղադրիչն է միայն»,- նշեց Սաֆրաստեանը։
Այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը ո՞րը պէտք է լինի՝ աջակցե՞լ Ուկրաինային, թէ՞ Ռուսաստանին:
«Ուկրաինան մեզնից հեռու է, մեր կոնկրետ դիրքորոշումը չեմ կարծում, որ որեւէ նշանակութիւն կ’ունենայ: Առաջին հերթին պէտք է մեր ռազմավարական, դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի հետ ոչ միայն պահպանենք, այլեւ աւելի խորացնենք եւ ուժեղացնենք, դա հրամայական է: Պէտք է լինենք շատ աչալուրջ եւ զգօն, որովհետեւ մենք տեսնում ենք, թէ ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում՝ Թուրքիայի նախաձեռնութեամբ։ Ըստ այդմ, բացի Ռուսաստանից, պէտք է նաեւ խորացնենք մեր դաշնակցային յարաբերութիւնները Իրանի հետ, մասնաւորապէս՝ այն ծրագրերի շուրջ, որ հիմա կան Պարսից ծոցի, Սեւ ծով միջանցքի հետ կապուած: Պէտք է, բացի զգօնութիւնից, շատ ակտիւ քաղաքականութիւն վարենք եւ՛ Ռուսաստանի եւ՛ Իրանի հետ», -ընդգծեց Սաֆրաստեանը:
Լիանա Սարգսեան