Հայ ժողովրդի պատմական յիշողութեան եւ բանաւոր մշակոյթի պահապանը «հայ բանագիտութեան մեծ տիկին»` Վերժինէ Սվազլեանը 90 տարեկան է

Կենսագրութիւններ կան, որոնք միայն անձին չեն պատկանում: Դրանք ներհիւսուած են ազգի ճակատագրին եւ այլեւս պատկանում են մեր ազգի մշակոյթի, գիտութեան պատմութեանը: Նրանցից մէկը ականաւոր ցեղասպանագէտ, բանագէտ, ժողովրդագէտ, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտութեան վաստակաւոր գործիչ Վերժինէ Սվազլեանն է, որը ժողովրդի յիշողութիւնն ու պատմութիւնը անմար կանթեղի պէս պահել ու փոխանցել է սերունդներին, աշխարհին…

Ծնուել է 1934 թուականի Մարտի 1-ին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947-ին Սվազլեանների ընտանիքը հայրենադարձուել է Մայր Հայաստան։ 1956 թուականին Վերժինէ Սվազլեանը գերազանցութեամբ աւարտել է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզուագրական բաժինը։ 1958-1961 թթ., յայտնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանեանի գիտական ղեկավարութեամբ, ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահիւսութիւն» մասնագիտութեամբ։ Ասպիրանտական ուսումնառութեան ընթացքում եղել է Մ. Աբեղեանի անուան թոշակառու։ 1961 թուականից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, իսկ 1996-2004 թթ. հրաւիրուել է նոր հիմնադրուած ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, որտեղ նրան տրամադրուել է տեսախցիկ եւ օպերատոր (Գալուստ Հալաճեան): 1996-2018 թթ. եղել է յիշեալ ինստիտուտներում, ինչպէս նաեւ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդների անդամ։

Նա իր արժանաւոր մեծ հօրից՝ ազգային-քաղաքական գործիչ Միհրան Սվազլեանից (Սվազլը) եւ Զմիւռնիայի աղէտից մազապուրծ հօրից՝ եգիպտահայ գրող, հրապարակախօս, ծաղրանկարիչ, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլեանից ժառանգել է ոչ միայն նրանց «Հայրենասիրութիւնը արժանապատուութեան խնդիր է» պատգամը, այլեւ նրանց գաղափարները: Նրա հայրը, լինելով հայրենդարձութեան եւ ազգահաւաքի գաղափարախօսը, մեծ ազդեցութիւն է ունեցել դստեր հոգեգիտակցական աշխարհի ձեւաւորման վրայ:

Սկսած 1955 թուականից՝ տակաւին ուսանողական նստարանից, աւելի քան 65 տարիների ընթացքում Վ. Սվազլեանն անձնական նախաձեռնութեամբ եւ արեւմտահայի արեան կանչով գրառել, ուսումնասիրել եւ հրատարակել է Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի եւ Փոքր Ասիայի աւելի քան 150 հայաբնակ տեղավայրերից տարագրուածների տարբեր բարբառներով հաղորդած ժողովրդական բանաւոր աւանդոյթի նշխարները։

Սեղանին դասդասուած էին Վերժինէ Սվազլեանի գրքերը, ստուարածաւալ հատորները. Հայ ժողովրդական հեքիաթների «Արցախ-Ուտիք» (1973), «Տարօն-Տուրուբերան» (1984), «Վան-Վասպուրական» (1998), «Մուսա Լեռ» (1984), «Կիլիկիա. Արեւմտահայոց բանաւոր աւանդութիւնը» (1994), «Մեծ Եղեռն. Արեւմտահայոց բանաւոր վկայութիւններ» (1995), «Մեծ եղեռնը արեւմտահայոց յուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» (1997՝ հայ.,ռուս., 1999՝ անգլ., 2005՝ թուրք., Ստամպուլ), «Պոլսահայոց բանահիւսութիւնը» (2000), «Հայոց ցեղասպանութիւն. Ականատես վերապրողների վկայութիւններ» (2000, համալրուած 2011՝ հայ., անգլ., 2013՝ թուրք., Ստամպուլ), «Հայոց ցեղասպանութիւնը եւ պատմական յիշողութիւնը» (2003-2005՝ հայ., անգլ., ֆր., գերմ., ռուս., թուրք.՝ Ստամպուլ): Ցուցադրուած էին նաեւ պատկերազարդ քառահատոր մեծադիր «Աշխարհի ֆոլկլորը եւ կենցաղը» հանրագիտարանը (“The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife.” Ed.: William M. Clements. Volume 2: Southeast Asia and India, Central and East Asia, Middle East. Westport, London: Greenwood Press, 2006, pp. 357-372) Վ. Սվազլեանի “Armenia” ծաւալուն յօդուածով, «Մուսա Լերան հերոսամարտը. Ականատես վերապրողների վկայութիւններ» (2015, հայերէն, անգլերէն), «Ռուսաստանի հայերի բանաւոր աւանդոյթի նշխարներ (Դոնի Ռոստով եւ Պիատիգորսկ)» (2020, հայերէն, ռուսերէն, անգլերէն) եւ ի վերջոյ՝ «Ամերիկահայոց բանաւոր ավանդոյթը ժամանակի հոլովոյթում» (2021, հայերէն, անգլերէն) ստուար հատորը:

Անուանի բանագէտի ստուար մենագրութիւնների շարքը լրացնում է նրա «Կիլիկիա. Արեւմտահայոց բանաւոր աւանդութիւնը» (1994 թ.): Այս ստուարածաւալ հատորն ընդգրկում է Կիլիկիայի (Զէյթուն, Հաճըն, Մարաշ, Այնթապ, Քեսապ, Պէյլան, Ատանա, Մերսին, Տարսոն, Սիս, Մուսա լեռ եւ այլն), նաեւ շրջակայ Փոքր Ասիայի արեւմտահայ 50 տեղավայրերի (Նիկոմեդիա, Ատաբազար, Պարտիզակ, Պիլեճիկ, Էսկիշէհիր, Աֆիոն-Գարահիսար, Եոզղատ, Կոնիա) եւ այլ տեղավայրերի բանաւոր մշակոյթն իր բազմաբովանդակ կողմերով:

Նրա պատմագիտական գրառումներում եւ ցեղասպանագիտութեան ասպարէզում փաստագրական բացառիկ արժէք են ներկայացնում տէրզօրեան թուրքալեզու երգերը, որոնք նա դժուարութեամբ յայտնաբերել, գրառել, թարգմանել եւ ուսումնասիրել է իր «Մեծ եղեռնը արեւմտահայոց յուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» գրքում, որը նոյնպէս թարգմանուած է մի քանի լեզուներով (1997, 1999, հայերէն, ռուսերէն, անգլերէն, իսկ թուրքերէնը՝ 2005, Ստամպուլ)։ Դրանք բացառիկ արժէք ունեցող պատմական երգ-վկայութիւններ են, որոնց միջոցով հայ տառապեալները Տէր-Զօրի անապատում իրենց կրած տանջանքների մասին երգով վիպել են թշնամու լեզուով, քանի որ տակաւին ենիչերիների ժամանակներից արգելուած էր հայերէն խօսելը եւ ծայրատում էին հայերէն խօսողների լեզուները, ուստի նրանք ստիպուած իրենց վիշտն ու տառապանքն արտայայտել են թշնամու լեզուով:

2000 թ. լոյս է տեսել նրա «Պոլսահայոց բանահիւսութիւնը» արեւմտահայերէն, որպէսզի սփիւռքահայութիւնը դիւրութեամբ ընթերցի: Վ. Սվազլեանը Հայոց ցեղասպանութեան 90-ամեայ յիշատակին է նուիրել «Հայոց ցեղասպանութիւնը եւ ժողովրդի պատմական յիշողութիւնը» խորագրով ուսումնասիրութիւնը, որը լոյս է տեսել վեց լեզուներով (2003-2005, հայերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, ռուսերէն, իսկ թուրքերէնը՝ Ստամպուլ)։

Գիտնականի գրչին է պատկանում նաեւ Հայաստանի մշակութային կեանքի ամբողջական պատմութիւնն ու մեր քաղաքակրթական ժառանգութիւնը լուսաբանող “Armenia” ծաւալուն յօդուածը, որը լոյս է տեսել ԱՄՆ-ում համաշխարհային ֆոլկլորին նուիրուած պատկերազարդ, ստուար քառահատոր հանրագիտարանում (15 մեծադիր էջ) (“The Greenwood Encyclopedia of World Folklore and Folklife.” Ed.: William M. Clements. Volume 2: Southeast Asia and India, Central and East Asia, Middle East. Westport, London: Greenwood Press, 2006, pp. 357-372)։

Վերժինէ Սվազլեանի՝ աւելի քան վեց տասնամեակ տեւած այդ տքնաջան աշխատանքի ու նուիրումի արդիւնքը «Հայոց ցեղասպանութիւն. Ականատես վերապրողների վկայութիւններ» ստուարածաւալ կոթողային աշխատութեան առաջին հրատարակութիւնն է (2000), որտեղ ներկայացուած են մեր զաւթուած երկրի 150 տեղավայրերից բռնի տարագրուած եւ աշխարհով մէկ սփռուած ականատեսների վկայութիւնները: Հրատարակուել է նրա նորանոր վկայութիւններով համալրուած՝ արդէն 700 միաւոր դարձած «Հայոց ցեղասպանութիւն. Ականատես վերապրողների վկայութիւններ» (2011, հայերէն եւ անգլերէն, իսկ թուրքերէնը՝ 2013, Ստամպուլ) ծաւալուն ուսումնասիրութեամբ եւ բազմաբնոյթ տեղեկատուական ցուցիչներ ու ծանօթագրութիւններ պարունակող, պատմաքաղաքական բացառիկ արժէք ներկայացնող սոյն ստուարածաւալ եռալեզու հատորները: Վերժինէ Սվազլեանն այն գիտնականն է, որը բնորոշեց եւ գիտական հիմքի վրայ դրեց յուշապատումի ժանրը, եւ սա նրա ներդրումներից մէկն է հայ բանագիտութեան ու ցեղասպանագիտութեան անդաստանում: Այդ հատորները լոյս են տեսել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի, նաեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ։

2015 թ. լոյս է տեսել Վ. Սվազլեանի «Մուսա լերան հերոսամարտը. Ականատես վերապրողների վկայութիւններ» հայերէն եւ անգլերէն ուսումնասիրութիւնը, որտեղ ամփոփուած են հերոսամարտի մասնակիցների հաղորդած յուշ-վկայութիւններն ու իրենց բարբառով դիւցազներգութիւնները:

2020 թ. լոյս է ընծայուել Վ. Սվազլեանի «Ռուսաստանի հայերի բանաւոր աւանդոյթի նշխարներ (Դոնի Ռոստով եւ Պիատիգորսկ)» գիտական աշխատութիւնը, որտեղ ընդգրկուած են Դոնի-Ռոստովի Նոր Նախիջեւանից եւ Պիտիգորսկ քաղաքներից, նրանց շրջակայ հայկական գիւղերից հեղինակի՝ տակաւին 1959 եւ 1964 թթ. գրի առած բանահիւսական տարաբնոյթ ժանրերով բարբառային արժէքաւոր նիւթերը:

2021 թ. անխոնջ բանագէտը լոյս է ընծայել «Ամերիկահայոց բանաւոր աւանդոյթը ժամանակի հոլովոյթում» ստուարածաւալ աշխատութիւնը, որը արդիւնք է հեղինակի անձնական ու գիտաժողովային հինգ ուղեւորութիւնների ընթացքում (1979, 1990, 2001, 2004, 2008 թթ.) ԱՄՆ-ի Արեւելեան եւ Արեւմտեան ափերի հայաշատ համայնքներից եւ յատկապէս Լոս Անճելեսի ու Ֆրեզնոյի «Արարատ» ծերանոցներից նրա գրի առած պատմական, բանահիւսական եւ ազգագրական տարաբնոյթ նիւթերի հիման վրայ ներկայացրել է հայ համայնքի ապրելակերպը, մտածելակերը եւ խօսելակերպը: Սոյն հատորը քննութեան է առնում, թէ 100 տարիների ընթացքում, 5 սերունդների միջոցով մի ամբողջ պատմական ժամանակաշրջանի հոլովոյթում ինչպէս փոխուեց Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգների խօսելակերպը, հոգեկերտուածքը եւ աշխարհընկալումը:

Այժմ նա աշխատում է «Արեւմտահայոց թուրքալեզու բանահիւսութիւնը» ուսումնասիրութեան վրայ, քանի որ գրառումների ընթացքում նրա ուշադրութիւնից չեն վրիպել նաեւ արեւմտահայ բանասացների հաղորդած թուրքալեզու բանաւոր նիւթերը, որոնք եւս հայ ժողովրդի մշակութային հարստութեան մասն են կազմում:

Անընդգրկելի է Վերժինէ Սվազլեանի՝ միջազգային գիտաժողովների մասնակցութեան աշխարհագրութիւնը՝ Ռուսաստան, Յունաստան, Ֆրանսա, Իտալիա, Աւստրիա, Գերմանիա, ԱՄՆ, Գանատա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա եւ այլուր: Յաղթահարելով բազում խոչընդոտներ՝ ամէնուր շարունակել է հետեւողականօրէն յայտնաբերել եւ գրանցել Հայոց ցեղասպանութեան ականատես-վերապրողներին, նաեւ տարաբնոյթ բարբառներով նրանց հաղորդած բանահիւսական նշխարները:

Վերժինէ Սվազլեանի ծննդեան 90-ամեայ յոբելեանն օրերս նշեցին գիտական լայն շրջանակներում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-իսնտիտուտում:

Նշենք, որ բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական եւ արտասահմանեան աւելի քան երեք տասնեակ պարգեւների, այդ թւում՝ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան գործում նշանակալից աւանդ ներդնելու համար ՀՀ նախագահի Առաջին մրցանակի եւ «Ոսկէ յուշամետալի» (2006), «Մովսէս Խորենացի» մետալի (2013)։ 2016 թ. գիտութեան եւ կրթութեան բնագաւառում ունեցած վաստակի համար շնորհուել է ՀՀ Գիտութեան վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում։ Գիտական շրջանակներում Վերժինէ Սվազլեանին «Հայ բանագիտութեան Մեծ Տիկին» են կոչում, քանի որ նրան իրաւամբ համարում են հայ բանագիտութեան ռահվիրայ Գարեգին Սրուանձտեանցի գործի արժանի շարունակողը:

Դրուագներ մտաւորականի կեանքից…

«Վերժինէ, աղջիկս,

Կ’ուզեմ ըլլաս դուն խելացի,

Աշխատանքով, վարքով բարի,

Պատիւ բերես քո ծնողքին

Եւ քո ազգին, Հայրենիքին…»։

Այս տողերը եղել են Վերժինէ Սվազլեանի արժանայիշատակ հօր՝ եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ, գրող, հրապարակախօս, ծաղրանկարիչ, ազգահաւաքի ու հայրենադարձութեան գաղափարախօս Գառնիկ Սվազլեանի խօսքերը, որոնք Վերժինէ Սվազլեանն ամբողջ կեանքում պիտի կրէր իր հոգում ու դառնար մեր պատմական արդարութեան հոգեւոր մարտիկը:

Եւ այդ վիթխարի ժառանգութեան յետեւում դժուարին կեանքի ճանապարհ կար՝ ազգին ու նրա պատմութեանը անմնացորդ նուիրումի տարեգրութեամբ…

Վերժինէ Սվազլեանը վկայել է. «1955 թուականն էր: Սովորում էի Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզուագրական ֆակուլտետի վերջին կուրսում: Ակադեմիկոս Արարատ Ղարիպեանը մեզ բարբառագիտութիւն էր դասաւանդում: Նա պատմեց, որ Հրաչեայ Աճառեանը հայոց բարբառներն ուսումնասիրել է՝ ձեռքի տակ բաւարար նիւթեր չունենալով: Ուրեմն պէտք էր բանահիւսական նիւթեր հաւաքել: Յիշեցի հօրս՝ եգիպտահայ գրող, ծաղրանկարիչ, Գառնիկ Սվազլեանի պատգամը: Նաեւ յիշեցի, որ, երբ 1947 թ. Ալեքսանդրիայից հայրենիք էինք գալիս, նաւի մէջ տեսանք քրտախօս ու թրքախօս մարդկանց՝ գոյնզգոյն տարազներ հագած: Հայրս ասաց. «Աղջիկս, սրանք Մեծ եղեռնից փրկուած, արաբական անապատականների մօտ պատսպարուած հայերն են: Գալիս են Հայաստան, որ իրենց սերունդները հայ մեծանան»: Ես նպատակ դրեցի վերականգնել մեր բռնազաւթուած բնօրրանի բանաւոր մշակոյթը՝ նրանց իմաստուն առած-ասացուածքները, անէծք-օրհնանքները, հեքիաթները եւ, որ ամենակարեւորն է, պատմական յիշողութիւնը: 1955 թ. Օգոստոսի 16-ին փոշու ամպերի միջով ես հասայ Նոր Մալաթիա թաղամասը եւ հարցրեցի.

– Ովքե՞ր են այստեղ ամենաբարդ բարբառով խօսում…

– Մուսալեռցիները,- պատասխանեցին եւ ինձ ցոյց տուեցին կոյր Յովհաննէս Տուտաքլեանի տունը: Գնացի: Դուռը չէին բացում: Կարծում էին լրտես եմ: Մի մոռացէք՝ Ստալինը նոր էր մահացել, բայց հայրենադարձ վերապրողները դեռ ահ ու դողի մէջ էին ապրում, վախենալով զրպարտուելու եւ աքսորուելու վտանգից: Յետոյ ինձ ներս առաջնորդեցին: Մի անկիւնում նստած էր կոյր Յովհաննէս Տուտաքլեանը, որն ինձ պատմեց Մուսա լերան հեքիաթներն ու ասոյթները, որոնք գրի առայ՝ յաղթահարելով նրանց խրթին բարբառը»,- պատմել է գիտնականն ինձ հետ ունեցած հարցազրոյցներից մէկում:

Այսպէս սկսուեց անուանի մտաւորականի գիտակցական կեանքի ուղին: Դեռ բուհը չաւարտած՝ նա սկսեց ցեղասպանութիւնից հրաշքով փրկուած հայրենդարձներից գրի առնել նրանց ընտանիքների սահմռկեցուցիչ պատմութիւնները, մոռացումից փրկել արեւմտահայերէնի բարբառներով հազարամեակներով ստեղծուած բանաւոր հարուստ մշակոյթը… Եւ այս դժուարին առաքելութիւնը նա իրականացնում էր՝ ոտքով շրջելով թաղից թաղ, գիւղից գիւղ, ամրան կիզիչ արեւին, ձմրան ցուրտ սառնամանիքին… Այսպէս էր վաւերագրւում եւ սերունդներին ի պահ տրւում ազգի պատմական յիշողութիւնը։

Հայոց ցեղասպանութեան մասին բազմաթիւ ուսումնասիրութիւններ են լոյս տեսել: Բայց նրանցում բացակայել է պատմութեան վկայի՝ ցեղասպանութեան ողբերգութիւնն ապրած ժողովրդի ձայնը՝ ականատես-վկայ վերապրողների յուշ-վկայութիւնները, որոնք իրաւարար վճիռ են ունենալու պատմական արդարութեան համար պայքարի գործում:

Եւ այս վիթխարի գործը նա իրականացրել է՝ վտանգելով նաեւ կեանքը: Մի դրուագ կայ տիկին Սվազլեանի կեանքում, որը բացայայտում է, թէ որքան անձնուրաց պէտք է լինի ազգի պատմութիւնը վեր հանող գիտնականը, որ գնայ նման ծայրայեղ քայլի, միայն թէ կորստից փրկի եւս մի քանի յուշ-վկայութիւն, որոնք այսօր թանկ մասունք են մեր՝ սերունդներիս համար, մեր հոգեւոր տիրոյթում, ազգային յիշողութեան ծիրում…

Այնուհետեւ տիկին Սվազլեանը շարունակել է. «1996 թ., երբ Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպսկոպոս Մութաֆեանի հրաւէրով գտնւում էի Ստամպուլում՝ Վարդավառի տօնին նուիրուած միջազգային գիտաժողովին մասնակցելու, իմացայ, որ տեղի «Սուրբ Փրկիչ» ազգային ծերանոցում դեռ վերապրողներ կային: Սակայն թուրքական իշխանութիւնների ճնշմամբ՝ իմ մուտքն այնտեղ արգելուած կը լինէր: Որոշեցի հիւանդ ձեւանալ. երկուս ու կէս ժամ վիրահատութեան ենթարկուեցի, որի կարիքը բնաւ չունէի: Եւ մէկ շաբաթից, երբ ոտքի կանգնեցի, մտայ կից ծերանոցը եւ, այնտեղից գաղտնի գրանցելով, դուրս բերեցի 40 յուշ-վկայութիւն…»։

…Տիկին Սվազլեանի կեանքի աւելի քան 65 տարիները միահիւսուած են հայ ժողովրդի ճակատագրին: Հայաստանի եւ Սփիւռքի գիտական հանդէսներում ու պարբերական մամուլում, լոյս տեսած նրա շուրջ 500 գիտական եւ հրապարակախօսական յօդուածները, ընդ որում՝ տարբեր լեզուներով շուրջ 30 գրքերում ամփոփուած են հայ ժողովրդի պատմական յիշողութիւնն ու բանաւոր մշակոյթի կորստից փրկուած նշխարները:

Վերժինէ Սվազլեանն 90 տարեկան է: Եւ այսօրուայ գիտնականների բոլոր սերունդների համար հպարտութիւն է նրա ժամանակակիցը լինելը: Դրա վկայութիւնը գիտական շրջանակներում կազմակերպուած միջոցառումների շարքն էր…

Մարտի 1-ին ականաւոր բանագէտ ու ցեղասպանագէտ Վերժինէ Սվազլեանի ծննդեան 90-ամեայ յոբելեանը մեծ հանդիսութեամբ նշուեց ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, իսկ Մարտի 2-ին՝ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում՝ գիտական հաստատութիւններ, որտեղ երկար ու ձիգ տարիներ սիրով ու նուիրումով աշխատել է վաստակաշատ գիտնականը:

«Հայ բանագիտութեան Մեծ Տիկինը»

Մարտի 1-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի ընդլայնուած գիտական խորհրդում ջերմ մթնոլորտ էր։ Ներկաները՝ պատմաբաններ, հնագէտներ, բանասէրներ, այլ բնագաւառների ներկայացուցիչներ ծաղկեփնջերով եւ ծափողջոյններով դիմաւորեցին յոբելեարին։

Սեղանին դասդասուած էին Վերժինէ Սվազլեանի գրքերը, ստուարածաւալ հատորները, բոլորը՝ առանց բացառութեան…

ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինտիտուտի տնօրէն Արսէն Բոբոխեանը, ողջունելով ներկաներին, ասաց. «…Ջերմագին շնորհաւորում ենք մեր վաստակաշատ բանագէտ-բանահաւաք, ցեղասպանագէտ տիկին Վերժինէ Սվազլեանին իր 90-ամեայ յոբելեանի առթիւ՝ մաղթելով արեւշատութիւն եւ գիտական նորանոր ձեռքբերումներ…»:

Նոյն ինստիտուտի փոխտնօրէն, Բանահիւսութեան տեսութեան եւ պատմութեան բաժնի վարիչ Տորք Տալալեանը համառօտ ներկայացրեց Վ. Սվազլեանի կենսագրականն ու գիտական գործունէութիւնը: Նա ծնուել է 1934 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1947 թ. Սվազլեանների ընտանիքը հայրենադարձուել է Մայր Հայաստան։ 1956 թ. Վ. Սվազլեանը գերազանցութեամբ աւարտել է Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզուագրական բաժինը։ 1958-1961 թթ. յայտնի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանեանի գիտական ղեկավարմամբ ուսումը շարունակել է ԳԱ ասպիրանտուրայում՝ «Հայ ժողովրդական բանահիւսութիւն» մասնագիտութեամբ։ Ասպիրանտական ուսումնառութեան ընթացքում եղել է Մ. Աբեղեանի անուան թոշակառու։ 1961 թուականից մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում: 1996-2004 թթ. միաժամանակ աշխատել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում: 1996-2018 թթ. եղել է նոյն ինստիտուտներում, ինչպէս նաեւ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում գործող Մասնագիտական խորհուրդների անդամ։

Սկսած 1955 թուականից՝ աւելի քան 65 տարիների ընթացքում, անձնական նախաձեռնութեամբ եւ արեւմտահայի արեան կանչով, երբ մեզանում տեխնիկան դեռ զարգացած չէր, ձեռքով գրառել, ուսումնասիրել եւ հրատարակել է Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիայի եւ Փոքր Ասիայի աւելի քան 150 հայաբնակ տեղավայրերից բռնագաղթուածների տարբեր բարբառներով հաղորդած ժողովրդական բանաւոր աւանդութեան նշխարները, նրանց փաստավաւերական յուշ-վկայութիւններն ու պատմական երգերը՝ հայերէն եւ թուրքալեզու։

Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական եւ արտերկրի աւելի քան երեք տասնեակ պարգեւների, այդ թւում պետական՝ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան գործում նշանակալից աւանդ ներդնելու համար ՀՀ Նախագահի Առաջին մրցանակի եւ «Ոսկէ յուշամետալի» (2006), նաեւ «Մովսէս Խորենացի» մետալի (2013)։ 2016 թ. գիտութեան եւ կրթութեան բնագաւառում ունեցած վաստակի համար նրան շնորհուել է ՀՀ Գիտութեան վաստակաւոր գործչի պատուաւոր կոչում։

ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինտիտուտի նախկին տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պաւէլ Աւետիսեանը, լինելով Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգ, առանձնայատուկ շեշտադրումով գնահատեց Վերժինէ Սվազլեանի կորստից փրկած աշխատութիւններն ու դրանց պատմավաւերագրական արժէքը՝ նշելով. «Տիկին Վերժինէի աշխատանքների կարեւորութիւնն այն է, որ ինչքան շատ ժամանակ անցնի, այնքան դրանք դառնալու են արժէքաւոր ու փնտռուած…: Մեր ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ սրանք շատ կարեւոր տեղ են զբաղեցնում: Եւ միայն դրա համար այս տիկնոջ ձեռքը պէտք է հազար անգամ համբուրել…»:

Հայոց ազգագրութեան թանգարանի փոխտնօրէն Սվետլանա Պօղոսեանը գիտական անձնակազմի անունից ընթերցեց «Հայ բանագիտութեան Մեծ Տիկին» Վերժինէ Սվազլեանին ուղղուած ուղերձը:

Այնուհետեւ, ելոյթ ունեցաւ նոյն ինստիտուտի Հայ բանահիւսութեան տեքստաբանութեան բաժնի վարիչ, բ. գ. դ. Թամար Հայրապետեանը՝ գնահատելով նրա բանահաւաքչական գործունէութեան եւ միջազգային գիտաժողովներին մասնակցութեան աշխարհագրութիւնը (Հայաստան, Ռուսաստան, Յունաստան, Ֆրանսա, Իտալիա, Աւստրիա, Գերմանիա, ԱՄՆ, Գանատա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թուրքիա): Նա Սփիւռքում հետեւողականօրէն յայտնաբերել է ականատես-վերապրողներին ու նրանց ժառանգներին՝ չշրջանցելով նոյնիսկ ծերանոցները:

Ինստիտուտի Սփիւռքի ուսումնասիրութիւնների բաժնի վարիչ, պ. գ. դ. Ռուբէն Կարապետեանն իր ելոյթում ընդգծեց, որ Վ. Սվազլեանի գիտական ուսումնասիրութիւններում առկայ է նաեւ էթնոսոցիոլոգիական ուղղուածութիւնը, եւ դա գնահատելի է:

Իսկ Բանահիւսութեան տեսութեան եւ պատմութեան բաժնի գլխաւոր գիտաշխատող, պ. գ. դ. Յակոբ Չոլաքեանն իր ելոյթում նշեց. «Տիկին Վերժինէ Սվազլեան առաւելաբար ծանօթ է իբրեւ բանահաւաք։ Իր բանահաւաքչական գործին կարեւոր մէկ բաժինը Ցեղասպանութենէն վերապրողներու վկայութիւններուն արձանագրութիւնն է։ Ասիկա յիրաւի մեծ ներդրում եղաւ ցեղասպանագիտութեան համար։ Սվազլեանի այս գործունէութիւնը վարակիչ եղած է շատերու համար՝ թէ՛ Հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի մեր համայնքներուն մէջ։ Վերապրողներու վկայութիւններուն արձանագրութիւնը, անոնց գիտական ներկայացումը, թարգմանութիւնը եւ հրատարակութիւնը մեծ կարեւորութեամբ կատարուած է»։

Ինչպէս վկայում էին ինստիտուտի գիտաշխատողները, մէկ միջոցառումը բաւական չէ գնահատելու ժողովրդագիտական այն ժառանգութիւնը, որը սերունդներին է աւանդել Վ. Սվազլեանը:

Միջոցառման մթնոլորտը հարստացնում էին նաեւ տիկին Սվազլեանի յուշերը, որոնք կապուած էին իր կեանքի դիպուածների եւ մեծ ուսուցիչների հետ.

«1958 թ. էր։ Ես գերազանցութեամբ յանձնել էի ասպիրանտուրայի ընդունելութեան քննութիւնները եւ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրինութեան յանձնարարականով ներկայացայ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանեանին, որպէսզի ստանձնի իմ գիտական ղեկավարութիւնը։ Սկզբուն նա կտրականապէս ինձ մերժեց՝ պատճառաբանելով, որ Գերմանիայում ուսումնառութիւնը շարունակելու պատճառով աքսորուել էր, իսկ, վերադառնալով, դեռ շա՜տ գործեր ունի անելու: Ես յուսահատ ու գլխիկոր հրաժեշտ էի տալու, երբ նա հարցրեց. «Իսկ որեւէ բան արե՞լ ես»: Ես ուրախ շրջուեցի եւ նրան յանձնեցի Մուսա լերան խրթին բարբառով առանձին տետրերի մէջ իմ գրառած բանահիւսական նիւթերը՝ Հեքիաթներ, Զրոյցներ, Երգեր, Առած-ասացուածքներ, Հանելուկներ եւ այլն: Նա սկսեց լուռ ընթերցել՝ գլխով հաւանութիւն տալով, ապա՝ հարցրեց, թէ՝ ո՞վ է ինձ խորհուրդ տուել գրի առնել գիտական ումլաուտաւոր տառադարձութեամբ: Ես պատասխանեցի. «Մուսա լերան բարբառը շատ երկհնչիւններ եւ եռահնչիւններ ունի, հետեւաբար, ինձ համար ուղեցոյց էին Մանուկ Աբեղեանի հետ Ձեր հրատարակած «Սասնայ Ծռեր» դիւցազնավէպի ստուար հատորների բնագրերը»: Պրոֆեսորը ուրախ ժպիտով ոտքի կանգնեց, մօտեցաւ ինձ եւ, ձեռքն ուսիս դնելով, ասաց. «Ապրե՛ս, որ ինքնուրոյն սկսել ես գիտական ճիշդ տառադարձութեամբ գրի առնել եւ կորստից փրկել այդ արժէքաւոր նիւթերը: Պարոյր Սեւակից յետոյ ես որոշել էի ուրիշ ասպիրանտ չընդունել, բայց դու Վերժինէ, վերջի՛նն ես…»: Ասպիրանտական տարիներին բարձր առաջադիմութեան համար ինձ շնորհուել է «Մանուկ Աբեղեանի» անուան կրթաթոշակ»։

Ի դէպ, յիշատակեմ նաեւ, որ Վ. Սվազլեանը 2005 թ. գարնանը հրաւիրուել է Գանատայի Լոնտոն (Օնթարիո) քաղաքում կազմակերպուած Հումանիտար եւ հասարակական գիտութիւնների գանատական ֆետերացիայի միջազգային տարեկան գիտաժողովին, որը նուիրուած էր Հրէական ողջակիզման 60-ամեայ եւ Հայոց ցեղասպանութեան 90-ամեայ տարելիցներին։ «Ցեղասպանութեան փոխանցուած յուշը եւ լեզուն» գիտական նիստում (կազմակերպիչ-դոկտորներ՝ Քերին Տոուեր եւ Սիմա Աբրահամեան) Վ. Սվազլեանը ֆրանսերէն զեկուցել է «Ականատես վերապրողների վկայութիւնները որպէս Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործօն» թեմայով։ Այդ օրերին նա այցելել է նաեւ Թորոնթօ, Օթաուա եւ Մոնթրէալ քաղաքներ, որտեղ զեկուցել է ոչ միայն տարբեր համալսարաններում օտարերկրեայ դեսպանների ներկայութեամբ եւ արժանացել բարձր գնահատանքի, այլ նաեւ համայնքային մի շարք կեդրոններում։ Մոնթրէալում Պոլսահայ միութիւնը, բարձր գնահատելով Վ. Սվազլեանի ժողովրդագիտական վաստակը, նրան շնորհել է Պոլսահայ մշակութային միութեան խորհրդանիշ Ոսկէ յուշամետալը։

Հայ ժողովրդի պատմական յիշողութեան պահապանը

Մարտի 2-ին Վերժինէ Սվազլեանին մեծարեցին նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում:

ՀՑԹԻ նախկին տնօրէն, պ. գ. դ. Յարութիւն Մարութեանը, ինչպէս նախորդ օրն իր հնչեցրած ելոյթում, նոյնպէս եւ այս միջոցառմանն ընդգծեց, որ Վ. Սվազլեանն այն գիտնականն է, ով յուշապատումի ժանրը բարձրացրել է գիտական աստիճանի. «Տիկին Սվազլեանը առաջինն էր Խորհրդային Հայաստանում, որ այդ յուշագրութիւնները դրեց ժողովածուի մէջ եւ համահաւաք ձեւով ներկայացրեց հանրութեանը: …Տիկին Վերժինէն վաւերագրել է վերապրածների պատմածները: Եւ որքան ժամանակն անցնի, որքան ժամանակի փոշին նստի, դրանց արժէքն աւելի է մեծանալու, որովհետեւ վերապրողներ այլեւս հնարաւոր չէ գտնել: Նա անյայտութիւնից փրկել է ցեղասպանութեան իրողութեան մասին պատմող վկայութիւնները»:

Այնուհետեւ, ելոյթ է ունեցել ՀՑԹԻ Հայոց ցեղասպանութեան զոհերի ու վերապրողների փաստագրման եւ ուսումնասիրութեան բաժնի վարիչ, պ. գ. թ. Շուշան Խաչատրեանը եւ ներկայացրել Վ. Սվազլեանի ՀՑԹԻ-ում աշխատած տարիների գործունէութեան մասին հետաքրքիր փաստեր՝ արձանագրելով, որ նա եղել է ՀՑԹԻ հիմնադիր գիտնականներից մէկը:

Նոյն բաժնի աւագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինէ Մարտոյեանը, միանալով շնորհաւորանքներին, նշեց, որ Վ. Սվազլեանը կարողացել է իրականութիւն դարձնել իր հօր՝ եգիպտահայ գրող, հրապարակախօս, երգիծանկարիչ, ազգային-հասարակական գործիչ, Զմիւռնիայի աղէտը վերապրած Գառնիկ Սվազլեանի պատգամն իր դստերը. «…Պատիւ բերես քո ծնողքին եւ քո ազգին, Հայրենիքին»:

ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան-հրատարակչութեան գլխաւոր խմբագիր-տնօրէն Յովհաննէս Այվազեանի գնահատանքի ուղերձը յոբելեարին ընթերցեց նոյն հաստատութեան գիտաշխատակից Էլմիրա Մարգարեանը:

ՀՑԹԻ տնօրէն Էդիտա Գզոյեանը «Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան, բանաւոր պատմութիւնների հաւաքման գործում ունեցած նշանակալի աւանդի համար» Վ. Սվազլեանին շնորհեց թանգարան-ինստիտուտ հիմնադրամի «Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր» յուշամետալ:

Միջոցառման աւարտին յուզիչ ու տպաւորիչ էր Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի վաստակաւոր արտիստ Արմենուհի Սէյրանեանի ներկայացրած Մուսա Լերան «կեարմեր ֆըստան» եւ Բութանիայի «Արտ մը ունիմ՝ գարի է» ժողովրդական հնաւանդ երգերը, որոնք գրի էին առնուել ու կորստից փրկուել Վ. Սվազլեանի կողմից:

Վերջում ցուցադրուեց «Սվազլեան գերդաստանի հաւատամքը» վաւերագրական ֆիլմը, որը դիտուեց մեծ հետաքրքրութեամբ:

«Հորիզոն» թերթի խմբագրութիւնը եւս սիրով շնորհաւորում է տիկին Վերժինէ Սվազլեանի 90-ամեայ յոբելեանը: Շնորհակալութիւն Ձեզ, մեր ազգի պատմական յիշողութեան ու բանաւոր մշակոյթի պահապան մեծ Հայուհի եւ, ինչպէս Ձեզ իրաւամբ 2008 թ. բնորոշել է Ամերիկեան կենսագրական ինստիտուտը՝ «21-րդ դարի Մեծագոյն Միտք»։

Ապրէ՛ք երկար ու շարունակէք արարել…

Յասմիկ Պօղոսեան

Comments are closed.